Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Մայիս 28,2010 00:00

\"\"Սյունիքի մարզկենտրոն Կապանի ջրամատակարարման հարցով կզբաղվեն իրավապահնե՞րը

Մենք բազմիցս ենք անդրադարձել Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա լուրջ խնդիրներին (08.09.2009՝ «Լվացքի ջո՞ւր են խմում», 16.03.2010՝ «Կապանում խմելու ջուր չկա», 20.03.2010՝ «Կապանցիներին չեն փոխհատուցի», 25.03.2010՝ «Բոլորը կողմ են, իսկ «Հայջրմուղկոյուղի՞ն», 29.09.

2009՝ «Չմաքրած՝ արդեն կեղտոտում են» եւ այլն): Կապանցիների մշտական դժգոհությունն է հարուցում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակը: Քաղաքի բնակիչներից շատերը ջուր օգտագործում են միայն եռացնելուց կամ էլ ֆիլտրվող տարաներում կուտակելուց ու ավելորդ նստվածքը հեռացնելուց հետո միայն: Ավելի վատթար վիճակում է գտնվում քաղաքի ջրահեռացման համակարգը: Պատասխանատուներն ասում են, որ խնդիրը առկա է վաղուց եւ միջոցների բացակայության պատճառով է, որ հարցին մինչեւ այսօր լուծում չի տրվել: Այս խնդրին անդրադարձել է Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն:

Ինչպես տեղեկացնում են հ/կ-ից, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կատարում պայմանագրով ստանձնած պարտականությունը՝ չի կազմակերպում, չի ապահովում կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը հեռացնելու, մաքրման կայան հասցնելու ու մաքրելու փոխարեն՝ հեռացված կեղտաջրերը կենտրոնական համակարգից անմիջապես լցնում է Կապան քաղաքի Ողջի գետը՝ քաղաքի ամբողջ երկայնքով:

«Պատասխանատուներն իրենց պատասխաններով ընդունել են նման իրավիճակի առկայությունը, այսինքն այն, որ Կապան քաղաքում չի գործում կոյուղաջրերի հեռացման եւ մաքրման համակարգ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախապես տեղյակ է, որ տեխնիկապես հնարավորություն եւ միջոցներ չունի իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, սակայն անտեսելով նման հանգամանքը, դիտավորյալ (քանի որ կոյուղաջրերի հեռացման եւ մաքրման համակարգի բացակայության մասին ի պաշտոնե տեղյակ էր եւ պարտավոր էր տեղյակ լինել) բաժանորդների հետ կնքել է պայմանագիր, որով սահմանել է վարձավճար այն ծառայության համար, որը նա նախապես եւ ի սկզբանե ի վիճակի չէր մատուցելու: Փաստորեն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդներից գանձել եւ շարունակում է գանձել վարձավճար եւ միաժամանակ չի մատուցում դրան համապատասխան ծառայությունը: Մենք դիմել ենք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությանը, որպեսզի վերջ տան իրենց կողմից իրականացվող անօրինական քայլերին, բայց՝ ապարդյուն: ՀՀ բնապահպանության նախարարությունը իր հերթին ընդունել է նշված խախտումների առկայությունը, միաժամանակ նշելով, որ այդ խախտումների վերաբերյալ կձեռնարկվեն գործողություններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն ի սկզբանե պարտավոր էր իրականացնել ջրային ռեuուրuների պահպանություն, մշակել միջոցառումներ՝ ջրային էկոհամակարգերի վրա վնաuակար ազդեցությունները կանխելու համար»,- պարզաբանում են կազմակերպության ներկայացուցիչները:

Հ/կ-ն դիմել է Սյունիքի մարզի դատախազ Ա. Թարվերդյանին՝ խնդրելով հետամուտ լինել հրատապ այս խնդրի լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել