Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը՝ ճակատագրի ձեռքին

Մայիս 28,2010 00:00

Ղարաքիլիսայի պատմության կենդանի վկան

\"\"Լոռու մարզի Բազում գյուղի 92-ամյա բնակչուհի Վարդուհի Սաքանյանը Հայաստանի երեք հանրապետությունների քաղաքացի է: Ծնվել է, ինչպես ինքն է բնութագրում՝ դաժան 1918 թվականին, Խորհրդային Հայաստանի կազմավորման ու փլուզման ականատեսն է, այժմ ապրում է Հայաստանի Երրորդ հանրապետությունում:

Վարդուհի Սաքանյանը ընտանիքի երրորդ զավակն է, Ղարաքիլիսայի պատմության կենդանի վկան: Այն օրերի մասին հիշելիս առանձնացնում է իր վերածնվելու պատմությունը, որի յուրաքանչյուր դրվագը լսել ու մտապահել է տատից: Հայկանուշ տատը այս պատմությունն ամեն անգամ մեղքի զգացումով էր պատմում:

Ղարաքիլիսայի ճակատամարտի ու գաղթի օրերին հազիվ մեկ ամսական փոքրիկը հիվանդացել է: Ծաղիկ հիվանդությանը բնորոշ բարձր ջերմաստիճանն ու ցանը հաճախակի ուշագնացության պատճառ են դարձել, ինչի պատճառով նորածնի տատը որոշում է երեխայի բարուրը թողնել եւ եզը տանել: «Երեխային թող, եզը քաշի տար, մինչեւ տեղ հասցնենք՝ կմեռնի, էլ իմաստ չունի տանել, եզը գոնե կմորթենք, երեխեքը կուտեն», հարսին հորդորել է Հայկանուշ տատը: Չխոսկան հարսը ենթարկվում է սկեսրոջ հրամանին, նորածին երեխային դնում է գետնին, եւ ոտքերը մի կերպ քարշ տալով ու անընդհատ ետ նայելով՝ շարունակում ճանապարհը: Սիրտը չի դիմանում, ետ է դառնում, որ բարուրը վերցնի՝ չի գտնում, տեսնելով, որ շատ է հետ մնացել ընտանիքի անդամներից ու բարուրն էլ չի գտնում, որոշում է միանալ նրանց: Ճանապարհին հանդիպում է մեծ տղային՝ Մացակին եւ զարմանում ու զայրանում է, որ նա էլ է ետ ընկել հարազատներից: Արդարանալու համար տղան խուրջինի մեջ պահած քրոջ բարուրը մեկնում է մորը: Հարազատներին հասնելով՝ սկեսուրը հանդիմանում է երեխային ետ բերելու համար: Տարիներով լռած հարսը խոսում է ու հանդիմանում. «Գնա գործիդ, ես այստեղ երեխա չեմ թողնի, որտեղ կմեռնի, այնտեղ կթաղեմ»:

Ճակատագիրը բարեհաճ է գտնվում Վարդուհու հանդեպ, մանկիկը կազդուրվում է, մեծանում առողջ ու գեղեցիկ: Այս պատմությունը Վարդուհի տատը այնքան է լսել, որ պատկերացնում է՝ ինչպես մի քանի անգամ տեսած ու հիշողության մեջ լավ պահպանված ֆիլմ, սակայն ամեն օր հայելու առաջ կանգնելիս տեսնում է դեմքի վրա հիվանդությունից մնացած հետքերը. «Ես ի՞նչ վկա եմ, ոչ տեսել եմ, ոչ հիշում եմ, վկան իմ երեսն է, վերքերն էլ խորհրդանշական են՝ աջը Հայաստանի քարտեզի նման է, ձախը՝ Ղարաքիլիսայի (Վարդուհի տատը նկատի ունի Լոռու մարզը)»:

Վարդուհի Սաքանյանը 18 տարեկանում է ամուսնացել, չորս աղջիկ ունեցել, բայց երջանկությունը երկար չի տեւել: Նախ Հայրենական մեծ պատերազմում զոհվում է ամուսինը՝ Սելիմ Սելիմյանը, ապա 18 եւ 26 տարեկան հասակում մահանում են 2 դուստրերը: Արդեն տատիկ Վարդուհի Սաքանյանը որդեգրում է փոքր թոռանը՝ 6 տարեկան Աշոտին եւ մինչ օրս ապրում նրա հետ. «Ես տղա չունեի, 2 աղջիկներիս կորցրել էի, ինձ սփոփանք ու ընկեր էր պետք, որ միապաղաղ օրերս լցնեմ»:

Իր ապրած կյանքի, դժվարությունների, հարազատների մահվան մասին խոսելիս (զոհեր են տվել Ղարաքիլիսայի եւ Հայրենական մեծ պատերազմներում)՝ Վարդուհի տատը մորմոքով ասում է. «Շատ եմ ապրում, որ շատ վիշտ տեսնեմ» ու տեսնելով, որ պատասխանի շարունակությանն են սպասում, հավելում է՝ «ճակատագրին հարցրու՝ իմ կյանքը ճակատագրի ձեռքին է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31