Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մայիս 28,2010 00:00

\"\"
Հրայր Տեր-Ավետիսյանը՝ մանրադիտակների մոտ:

\"\"
 Հերմինե Գրիգորյանի Նռով կոմպոզիցիաները:

\"\"
 Վիրաբ Հակոբյանը:

90-ականների սկզբներին, երբ շոշափելի դարձավ խորհրդային կարգերի փլուզումը, հանրապետության խանութները պլանային կարգով այլեւս ապրանք չէին ստանում անծայրածիր երկրի հազարավոր ձեռնարկություններից, ինքնաբերաբար սկսեցին ձեւավորվել ազատ շուկայական հարաբերությունները: Հայաստանյան ազատ շուկան, Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանների փակվելու, ինչպես եւ դեպի Ռուսաստան երկաթգծի խափանման, ինչպես եւ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պատերազմի պատճառով, յուրօրինակ ու դժվարին զարգացում ունեցավ: Միակ երկիրը, որի սահմանները լայնորեն բացվեցին հայ անհատ առեւտրականների առաջ, Իրանն էր: Խանութների ցանցի փոխարեն առաջացան տասնյակ շուկաներ, որտեղ իրենց հանապազօրյա հացն էին վաստակում հազարավոր մարդիկ:

Իսկ պարզվեց, որ Հայաստանը արտահանելու ոչ մի լուրջ արտադրանք չունի: Այն, ինչ արտադրվում էր խորհրդային տարիներին, որակի տեսանկյունից անչափ ետ էր մնացել համաշխարհային մակարդակից եւ գնորդ չէր կարող ունենալ: Իսկ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերական ճյուղերը՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, սարքաշինությունը, հանքարդյունաբերությունն ու քիմիական արդյունաբերությունը կաթվածահար էին եղել։ Հիշում եմ, 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո եվրոպական մի շարք երկրներ, տեսնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը, միակ ելքը տեսան երկրում տեխնոլոգիական վերազինման մեջ եւ առաջարկեցին Եվրոպայից նոր տեխնոլոգիաներ ներմուծել: Սակայն խորհրդային եւ կուսակցական ղեկավարները, որոնք արդեն սկսեցին զգալ տարադրամի համը, մերժեցին այդ ծրագիրը, խնդրեցին իրենց տարադրամով օգնել, քանի որ իրենք գիտեն, թե դրանք որտեղ եւ ինչպես օգտագործել: Իհարկե, այդ միջոցները հայտնվեցին ընչաքաղց մարդկանց ձեռքերում եւ օգուտի փոխարեն անուղղելի վնաս հասցրին երկրին ու հասարակությանը: Համընդհանուր շահի մեջ հասարակության յուրաքանչյուր անդամի շահը տեսնելու փոխարեն, որը երկրի զարգացման առաջին ու գլխավոր նախապայմանն է, գերակայեց սեփական գրպանի, ընտանիք-կլանի շահը:

Իսկ ի՞նչ ելք ունեին արվեստագետները, մտավորականները, երկրի գործընթացներից դուրս մնացած հազարավոր ինժեներները, արհեստավորները: Ասես ինքնաբերաբար բացվեց «Վերնիսաժ» (ֆրանսերեն՝ առաջին ցուցադրություն) կոչված շուկան: Ամենատարբեր ճյուղերի արհեստավորների բանակը համալրվեց ինժեներներով, մտավորականներով, ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով: Շատերը դարձան փայտի փորագրության վարպետներ, ձուլագործներ, քար հղկողներ, կարպետ, հին իրեր հավաքողներ: Այս շուկան, որը յուրօրինակ համակեցության է վերածվել մարդկային նոր հարաբերություններով, այժմ ապրում է իր սեփական, Վերնիսաժից դուրս հազար ու մի անտեսանելի թելերով կապված կյանքով: Այն ինձ ալեկոծված ծով թվաց, ու ես կանգնած «ծովափին» (Կինոյի տան մոտ՝ Վերնիսաժի մի ծայրում)՝ ոչ մի կերպ չեմ հանդգնում ծովը նետվել: Բայց ես ուսումնասիրող եմ, ընթերցողների ու կյանքի միջեւ միջնորդ, պետք է որոնեմ, տեսնեմ ու պատմեմ:

Իմ ուշադրությունը գրավեցին փայտի կտորներից յուրօրինակ դիզայնով հավաքած ժամացույցները: Դիմեցի երիտասարդ վաճառողին՝ Վիրաբ Հակոբյանին.

– Վաճառվո՞ւմ են ժամացույցները:

– Այո, դժգոհ չեմ,- ասաց Վիրաբը,- իմ սեփական ձեւավորումն է, ու համապատասխան հեղինակային արտոնագիր ունեմ:

– Որեւէ տեղ սովորե՞լ ես:

– Մալաթիայի Հայորդաց տանը, փայտի փորագրության վարպետ Ենոք Գոգչյանի աշակերտներից եմ:

– Վաստակդ կհերիքի՞ պսակվելու, ընտանիք պահելու համար:

– Չէ, դեռ ոչ:

Հարեւան սեղանին կավե բաժակներ, թասեր, գավաթներ էին շարված: Դիմեցի վաճառողին՝ Գոհար Մարտիրոսյանին.

– Ո՞վ է սրանց հեղինակը:

– Մեր ընտանիքի բոլոր անդամները,- պատասխանեց Գոհարը,- իսկ գլխավոր վարպետը Աբո Մարտիրոսյանն է: Ծնվել եմ, այս եմ տեսել: Պապս՝ Արմավիրցի Միսակը, գինու կարասներ, կուժ էր պատրաստում իր բրուտանոցում: Ողջ ընտանիքը այս արհեստով է զբաղվում: Աստիճանաբար արտադրությունը հարմարեցրել ենք Վերնիսաժի հաճախորդների պահանջներին:

Մի աղջիկ աշխույժ ու ժիր շարժումներով սեղանների վրա էր դասավորում ծղոտե հյուսվածքների վրա ձեւավորած կոմպոզիցիաները: Հիմնական նյութը չորացած բնական նուռն է, կորիզը:

– Խաղողի ողկույզներն է՞լ են բնական,- դիմեցի վաճառողին՝ Հերմինե Գրիգորյանին:

– Չէ, ինչ եք ասում,- ժպտալով պատասխանեց Հերմինեն,- ռետինից են պատրաստված, դրանք պատրաստի եմ գնում, տեղադրում կոմպոզիցիաներում:

– Ինչպե՞ս սկսեցիր սրանք պատրաստել:

– Սկզբում ծառի ճյուղերից էի ձեւավորում, հետո աստիճանաբար գտա իմ ոճն ու նյութերը: Նուռ քանդակելու կարիք չկա, քանի որ ինչ էլ անես՝ բնականին չի փոխարինի:

– Իսկ եկեղեցիների մանրակերտերը…

– Պղնձե հին չեկանկաներից եմ գիպսե ձեւեր հանում ու կոմպոզիցիայի մեջ մտցնում:

– Վաճառքից գո՞հ ես:

– Այո, զբոսաշրջիկներին հետաքրքրում է: Նուռը Հայաստանի խորհրդանիշն է, նրանք դա լավ են հասկանում:

– Ընտանիք ունե՞ս:

– Դեռ ոչ: Ուզողներ շատ կան, բայց դեռ չեմ շտապում: Գործս շատ է, վախենում եմ խանգարի…

Իմ ուշադրությունը գրավեցին սեղանին շարված 12 հին մանրադիտակները, տարբեր տիպի ու նշանակության հեռադիտակները: Վաճառողը՝ Հրայր Տեր-Ավետիսյանը, մասնագիտությամբ մանրակենսաբան է: Մանրադիտակներով հետաքրքրվել է ուսանողական տարիներին: Նրա հավաքածուն ստեղծվեց մի հին ու խափանված մանրադիտակից, որը նորոգեց ու սկսեց հարստացնել հավաքածուն: Այժմ դրանք վաճառքի է հանել:

– Ո՞րն է ամենահին գործիքը,- դիմեցի ես:

– 1890 թվականի անգլիական մանրադիտակը:

– Եվ ի՞նչ արժե այն:

– 800 ամերիկ յան դոլար:

– Գնորդներ լինո՞ւմ են:

– Օրինակ, գերմանացիները հետաքրքրվում են, ասենք, «Կարլ Ցեյս» ֆիրմայի արտադրանքով, ձեռք են բերում եւ տանում իրենց երկիրը: Գերմանական դեսպանատան աշխատակից Կլաուսը մի մանրադիտակ գնեց, որը 200 մարկանոց թղթադրամի վրա էր պատկերված, մյուս երեսին XVI-XVII դարերի գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերի դիմանկարն էր:

– Հաճա՞խ ես նման գնորդներ ունենում:

– Հիմա ավելի եզակի են դարձել գնորդները: Երեւի Մայկոպ՝ ծննդավայրս վերադառնամ:

Դիմացի սեղանին լուսանկարչական խցիկներ են, ժամացույցներ: Իմ ուշադրությունը գրավեց ամերիկյան արտադրության PJ ֆիրմայի խցիկը, որի հիմնական նպատակը ճարտարապետական շինություններ լուսանկարելն է՝ առանց հեռանկարի աղճատման: Իհարկե, այսօրվա թվային տեխնիկայի, համակարգչային հնարավորությունների կողքին թիթեղների վրա պատկերը ֆիքսելը, հայտածելը, թղթի վրա լուսապատկերի տպագրելը անցած ժամանակաշրջան է դարձել: Սակայն այն այսօր թանգարանային արժեք ունի: Վաճառողը բաքվեցի փախստական է, որը հանելուկներով էր խոսում:

– Գիտե՞ս ում եմ լուսանկարել Բաքվում: Չեմ կարող ասել, որովհետեւ դրա համար ինձ պատասխանատվության կենթարկեն:

– Անցել են այդ ժամանակները: Ազատ կարող ես խոսել: Գոնե անունդ ասա:

– Չէ, չեմ կարող ասել, բայց կբացեմ գաղտնիքը. հայրս, որ շինտեղամասի պետ էր Բաքվի Բիլգ վայրում, ՊԱԿ-ի համար հանգստյան տուն էր կառուցում, Հեյդար Ալիեւի հետ զրուցելիս եմ լուսանկարել: Այն ժամանակ Հեյդարը ՊԱԿ-ի մայոր էր:

– Կա՞ այդ լուսանկարը:

– Չգիտեմ, արխիվս մեծ է, դժվար է փնտրել:

– Ինչպե՞ս ես լուսանկարիչ դարձել:

– Հայրս «Զորկի-6» տիպի խցիկ գնեց, ու ես տարվեցի այդ արհեստով: 1968թ. աշխատել եմ Բաքվի ֆոտոֆաբրիկայում: 350 աստիճան 6×24 չափի պանորամային լուսանկարչական խցիկի գաղտնիքն եմ հայտնաբերել:

– Իսկ Բաքվի դեպքերը չե՞ս լուսանկարել:

– Երբ 1989թ. տեղափոխվեցի Բաքվից, ինձ հետ բերեցի Բաքվի հանրահավաքներից հիսուն լուսանկար: Դրանք դեկտեմբերի 28-ին հանձնել եմ հանրահայտ Խաչիկ Ստամբոլցյանին ու Աշոտ անունով մեկին: Թե ինչ են արել դրանք, անհայտ է:

Ինչպես երեւում է, Վերնիսաժում վաճառքի հանվող ապրանքները տեղաբաշխվել են, ինչպես հին համքարությունների ժամանակ, հնարավորին չափ ըստ մասնագիտությունների: Նույն տարածքում էր եւ Ռուբեն Հակոբյանի լուսանկարչական խցիկների հավաքածուն, որն աչքի է ընկնում բազմազանությամբ: Այստեղ ցուցադրվում են շուրջ հարյուր խցիկներ:

– Ինչքանո՞վ է քեզ հետաքրքրում լուսանկարչությունը,- դիմեցի Ռուբենին:

– Լուսանկարել չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել, իսկ խցիկներ հավաքելն ինձ համար բիզնես է: Հիմնականում օգտվում եմ տարբեր վայրերում վաճառքի գների տարբերությունից: Եթե Ռուսաստանում ավելի էժան է, ձեռք եմ բերում, վաճառում Երեւանում, կամ՝ հակառակը:

– Քանի՞ խցիկ ունես այս պահին:

– Հազարից ավելի: Խցիկների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ իմ խորհրդատուն լուսանկարիչ Էդիկ Բեջանյանն է: Նա սիրով օգնում է ինձ:

– Ո՞րն է ամենահին խցիկը քո հավաքածուում:

– Այս սեղանին ամենահինը 1890 թ. ֆրանսիական խցիկն է: Տանը ֆրանսիական հին խցիկ ունեմ, 30×40 չափի էկրանով, երեւի 1840-ականների արտադրության է:

– Չլինի՞ թե լուսանկարչության հիմնադիրներ Նյեպսի կամ թե Թալբոթի առաջին խցիկներից են,- կատակով դիմեցի ես:

– Ի՞նչ իմանամ…

– Այս բիզնեսով կարողանո՞ւմ ես ընտանիք պահել:

– Իհարկե, չեմ դժգոհում: Պարզապես պետք է միշտ շարժման մեջ լինես, բաց չթողնես շանսդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել