Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Մայիս 29,2010 00:00

Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանրակացարանը սեփականաշնորհել են, բնակիչների մասին՝ մոռացել կամ «մոռացել»:

\"\"

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի հանրակացարանի բնակիչների վտարման խնդիրը կրկին մեծ հնչեղություն է ստացել: Շենքի սեփականատերը հերթական անգամ փորձում է դուրս հանել փախստականի կարգավիճակ ունեցող ու գնալու տեղ, ուրիշ ապաստան չունեցող բնակիչներին: Լեռնագործների փողոցում գտնվող հանրակացարանը նախկինում եղել է կոմբինատի սեփականությունը, այստեղ բնակվել եւ մշտական հաշվառման են եղել կոմբինատի՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցները: 2005 թվականին ընկերության լուծարային գործընթացի ժամանակ հանրակացարանը սեփականաշնորհվել է: Բայց այստեղ բնակվող կոմբինատի աշխատողների ընտանիքները գնալու այլ տեղ չունենալով՝ շարունակել են ապրել հանրակացարանում:
Երեք տարի սեփականատերը հանրակացարանում բնակվող 12 ընտանիքների՝ 35 բնակիչների, չի անհանգստացրել, սակայն 2008-ին դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որն էլ որոշել է բնակիչներին առանց փոխհատուցման վտարել տարածքից: Վճիռը կամովին չի կատարվել եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժինը 2009 թվականին որոշել է վտարել հանրակացարանում բնակվող 35 բնակիչներին: «Մենք գնալու ոչ մի տեղ չունենք, դուրս գանք ո՞ւր գնանք, փողոցում մնա՞նք: Եթե գնալու տեղ ունենայինք՝ վաղուց դուրս կգայինք ու էսքան քաշքշուկների մեջ չէինք ընկնի: Ամեն անգամ գալիս են, թե դուրս եկեք, ո՞ւր դուրս գանք, փողոց են մեզ հանում….»,- վրդովված ասում են հանրակացարանի բնակիչները: Բնակիչներն օգնության ակնկալիքով դիմել էին Սյունիքի մարզպետարան՝ ներկայացնելով իրենց ապրելակերպը եւ, ամենակարեւորը, որ ուրիշ ծածկ չունեն՝ բացի հանրակացարանից:
«Հաշվի առնելով հանրակացարանում բնակվող քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը, Սյունիքի մարզպետի կողմից 2009 թվականի հուլիսի 14-ին միջնորդություն է ներկայացվել ԴԱՀԿ մարզային բաժնի պետին՝ հետաձգել կատարողական վարույթի գործողությունները՝ մինչեւ բարձրացված խնդրի ընդունելի լուծումը: Բացի այդ, խնդրի մասին տեղյակ է պահվել ՀՀ տարածքային կառավարման նախարարին»,- ասում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից ստեղծված աշխատանքային խումբը եղել է տեղում եւ ծանոթացել իրավիճակին, ուսումնասիրել է կոմբինատի հանրակացարանի բնակիչների խնդիրը: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել են հարցի լուծման հնարավոր տարբերակները եւ որոշում է կայացվել՝ դիմել Կադաստրի պետական կոմիտեին՝ տեղեկատվություն տրամադրելու հանրակացարանի բնակիչների սեփականության վերաբերյալ, առաջարկվել է սեփականատիրոջը՝ մեկամսյա ժամկետով հետ վերցնել դատարանի կատարողական թերթը, ինչպես նաեւ առաջարկվել է սեփականատիրոջը՝ ընդունելի գնով վաճառել մասնաշենքը, որպեսզի կառավարությունը գնի կամ էլ փոխհատուցում տալ բնակիչներին, եւ հարցը լուծվի:
Հանրակացարանում ապրողները, ելնելով իրենց կենցաղային խիստ անմխիթար պայմաններից, առաջարկում են հարցի լուծման իրենց տարբերակը:
«Ճիշտ կլինի, որ մեզ փոխհատուցեն ու տեղափոխեն, ամեն անգամ մեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում, դուրս եկեք, հա, դուրս եկեք… քանի՞ անգամ կարելի է: Առանց այն էլ հակասանիտարական ու տարրական կոմունալ պայմաններից զուրկ շենքում ենք ապրում: Խոհանոց չունեք, լողասենյակ չունենք, զուգարանը 12 ընտանիքների համար ընդհանուր է: Հիմնականում մեկսենյականոց բնակարաններ են, որը ե՛ւ ճաշասենյակ է ծառայում, ե՛ւ ննջասենյակ, ե՛ւ լողասենյակ: Մարդկանց ապրելակերպը գնալով լավանում է, մերը՝ ընդհակառակը: Ես, ամուսինս ու բանակից զորացրված տղաս մի սենյակում ենք գիշերում, ի վերջո մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում գոնե մի քանի տարի նորմալ ապրել, հանրակացարանի շենքի երկու կողմերը ուրիշ սեփականատերեր են գնել, մի քիչ շարժվում ենք՝ խոսում են մեզ վրա, վանդակներով բռնել փակել են, որ շոր թափ չտանք, ի՞նչ է, գազան ենք, թե՞ հոգեկան հիվանդ: Առաջին հարկում խանութ է, ձախ մասում՝ սրճարան, աջ մասը մեկ ուրիշն է գնել, մեքենաները լիքն են, երեխաների համար խաղալու տեղ էլ չկա նույնիսկ»,- ասում է հանրակացարանի 20 տարվա բնակչուհի Էվելինա Ոսկանյանը:
Լյովա Կարապետյանը, ով հիմա էլ շարունակում է կոմբինատում աշխատել, հանրակացարանի ամենահին բնակիչներից է, արդեն 20 տարի այստեղ է ապրում, ընտանիքի 5 անդամներով մեկ սենյականոցում է տեղավորվել: Այստեղ բնակիչներ կան, որ նույնիսկ 8 շնչով են մի փոքր սենյակում ապրում, ժամանակին եկել են այստեղ հաստատվել, հիմա էլ երեխաների ու թոռների հետ են ապրում:
Ռուզաննա Կարապետյանը 3 տարի է՝ այստեղ հարս է եկել ու մինչեւ հիմա չի հարմարվում այս պայմաններին: «4 հոգի մի սենյակում ենք մնում, սկեսուրս հիվանդ վիճակով գետնին է քնում, սկեսրայրս ստիպված գիշերները գնում է կոմբինատում գիշերում: Ջահել եմ, ուզում եմ նորմալ ապրել, ընդհանուր զուգարանից ենք օգտվում, ամանները միջանցքում լվանում, ամեն տարի հենց ուզում ենք սենյակը փոքր-ինչ վերանորոգել, գոնե հարմարավետություն ապահովել՝ գալիս են, թե դուրս եկեք, թող վերջնական մի բան որոշեն, որ մենք էլ իմանանք մեր անելիքը: Աննկարագրելի վատ են մեր պայմանները, խիստ անմխիթար է շենքը, անձրեւները լցվում են տները, կամաց-կամաց փլվում է, վթարային է դարձել ամբողջ շենքը: Մի քանի տարի հետո արդեն վտանգավոր է լինելու այստեղ ապրելը, միջանցքի պատերը ամեն րոպե փլվում են: Գոնե մեզ փոխհատուցեն՝ տեղափոխեն, ավելի լավ է մի սենյականոց լինի, բայց գոնե նորմալ պայմաններում ապրենք»,- ասում է Ռուզաննան: «Մենք փախստականի կարգավիճակ ունենք, թող շնչով հաշվեն ու համապատասխան փոխհատուցում տան»,- սա է, ըստ բնակիչների, հարցի լուծման ամենաճիշտ տարբերակը: Մեկ ամսից պարզ կդառնա, թե ինչ տարբերակով է հանգուցալուծվել հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31