Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 02,2010 00:00

«ՈՒԼԻՍ»-«ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ»՝ 0:0

Երեւանի «Ուլիսը» ոչ-ոքիով սկսեց նորամուտը պաշտոնական միջազգային մրցաշարերում: Երեկ մեր թիմը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց Իսրայելի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից «Բնեյ Յեհուդային»: Հանդիպումն անցավ միջին տեմպով եւ դարպասների գրավում չարձանագրվեց՝ 0։0:

ԼԻԼԻԹՆ ՈՒ ԷԼԻՆԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Ջերմուկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Grand prix»-ի յոթերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեցին: Լիլիթը 5,0 միավորով ընթանում է 2-րդ տեղում, իսկ Էլինան 5-րդն է՝ 3,5: Այսօր ութերորդ տուրի կենտրոնական խաղում հանդիպում են Մկրտչյանն ու միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեն: Սպիտակներով խաղում է հայ շախմատիստուհին:

ՄՏԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Բասկետբոլի Եվրոպայի կանանց առաջնության «C» խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականը, որ ընդգրկված էր «A» խմբում, տանելով երեք անընդմեջ հաղթանակ, վստահորեն գրավեց 1-ին տեղը: Այժմ մեր աղջիկները կիսաեզրափակչում հանդիպելու են «B» խմբում երկրորդը ճանաչված Ջիբրալթարի ընտրանու հետ: Երկրորդ զույգը կազմել են Մալթան եւ Մոլդովան:

ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անհաջող մրցելույթներ ունեցան եւ անմասն մնացին մեդալներից: Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 55 կգ քաշային կարգ, Դավիթ Խաչատրյանը՝ 66 կգ եւ Վահե Թամրազյանը՝ 84 կգ, դուրս մնացին պայքարի կեսից, իսկ 120 կգ քաշային Տիգրան Կեսոյանը հենց մեկնարկային գոտեմարտում պարտվելով՝ վերածվեց հանդիսականի: Երեկ մրցագորգ մտան աղջիկները, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չունի, իսկ այնուհետեւ պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները:

ՀԱՅԵՐԸ՝ ԴՐՍՈՒՄ

Էջմիածինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, 72,6 կգ- ից բարձրացել է 76,2 կգ քաշային կարգ, որտեղ իր առաջին մենամարտն անցկացնելու է հուլիսի 31-ին: Այդ օրը նա պայքարելու է WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի հետ:

Մինչեւ 59 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Լյովա Կիրակոսյանը, որը, չնայած, Ռուսաստանի քաղաքացիություն ունի, սակայն բնակվում է Ֆրանսիայում, հուլիսի 16-ին Թուլոնում գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու իսպանացի Ֆրանսիսկո Նոխալեսի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել