Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմեղ տեղը» սեւացրել ենք

Հուլիս 10,2010 00:00

«Առավոտը» երեկ ստացել է «ԱրմենՏելի» ուղարկած պարզաբանումը «Առավոտի» հունիսի 26-ի համարում հրապարակված «ԱրմենՏելի» ռիսկը բո՞ղկ ա» հոդվածին, որն իրենից ներկայացնում էր մեր ընթերցողներից մեկի բաց նամակը՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (ի դեպ, այդ նամակն ուղարկված էր նաեւ հենց նույն հանձնաժողովի հասցեով): «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունն իր պարզաբանումը վերնագրել էր այսպես. «Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի ընթերցող «ԱրմենՏելի» «Գիշերային» սակագնային փաթեթի անանուն բաժանորդին»: Ներկայացնում ենք այդ բաց նամակի առաջին հատվածը, որը մեր ընթերցողի նամակի փաստացի պարզաբանումն է. «Հարգելի անանուն բաժանորդ, ի պատասխան «Առավոտ» օրաթերթում սույն թվականի հունիսի 26-ին տպագրված Ձեր բաց նամակի, հայտնում ենք, որ նամակում առկա են «ԱրմենՏելի» շարժական ինտերնետի «Գիշերային» սակագնային փաթեթի մատուցման պայմաններին վերաբերող փաստացի անճշտություններ։ «Գիշերային» սակագնային փաթեթի հիմնական առանձնահատկությունվ այն է, որ վճարելով ամսական 2500 դրամ, բաժանորդը ժամը 24.00-ից մինչեւ առավոտյան ժամը 8.00 հնարավորություն ունի առանց սահմանափակման օգտվել ինտերնետային ծառայությունից։ Այլ կերպ ասած, 2500 դրամը հանդիսանում է ֆիքսված գումար՝ 30 օրվա ընթացքում նշված ժամերին ինտերնետից անսահմանափակ օգտվելու համար։ Ավելին, բաժանորդի հարմարավետության համար 2500 դրամը հավասարաչափ բաժանվում է 30 օրերի վրա եւ անկախ այն բանից, թե Դուք օգտվել եք ինտերնետից, թե ոչ, համակարգը յուրաքանչյուր օր՝ կեսգիշերին, Ձեր հաշվեկշռից գանձում է 83 դրամ։ Բաժանորդի իրավունքը չսահմանափակելու համար, «ԱրմենՏել» ընկերությունը հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետից նաեւ ցերեկվա ժամերին։ Այդ պարագայում բաժանորդը 2500 դրամից զատ վճարում է հավելյալ գումար՝ ցերեկային ժամերին ինտերնետի ծառայություններից օգտվելու համար։
Երկրորդ անճշտությունր Ձեր կողմից ուղարկված նամակում այն է, որ ծառայություն չի մատուցվել դրական հաշվեկշռի դեպքում։ Հայտնում ենք, որ եթե հաշվեկշռի գումարը դրական է, ապա ծառայությունը մատուցվում է։ Օրինակ, եթե հաշվին առկա է 1 դրամ, ապա բաժանորդը կկարողանա օգտվել ինտերնետից եւ լիցքավորելուց հետո Ձեր հաշվից կպահվի մնացած 82 դրամը։ Հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 2-ին «ԱրմենՏել» ընկերությունը նույն բացատրությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ նշելով սույն թվականի հունիսի 26-ին տպագրված Ձեր նամակում տեղ գտած սխալ եւ մոլորեցնող մեկնաբանությունները»։
Այսքանը՝ «ԱրմենՏելի» առարկայական պատասխանը, սակայն, ի մեծ զարմանս մեզ, կապի այդ օպերատորի հասարակայնության հետ կապերի վարչությունը որոշել էր մի քիչ դուրս գալ իր բուն առաքելության շրջանակներից եւ հանդես գալ դեղին մամուլի դերում: Չէր ալարել, նստել հաշվել էր, թե «Առավոտում» բջջային կապի որ օպերատորի մասին քանի եւ ինչ բնույթի հրապարակում է եղել, ավելին՝ եզրակացրել էր, որ մեր օրաթերթի «այդ գործելաոճը» ինչ-որ բան է «վարկաբեկում», ինչ-որ բան է «սեւացնում», մի խոսքով՝ հատուկ միտում ունի:
Ներողամտորեն վերաբերվելով հարգարժան կապի օպերատորի բնական խանդին՝ իր մրցակից-գործընկերոջ հանդեպ, հիշեցնենք հայտնի ասացվածքը՝ վատ պարողին խանգարող հանգամանքների մասին: Եթե «ԱրմենՏելի» բաժանորդները բողոքում եւ դժգոհում են մեզ՝ մենք անդրադարձել եւ շարունակելու ենք անդրադառնալ այդ դժգոհություններին: Եթե «Օրանժի» բաժանորդները դժգոհում եւ բողոքում են մեզ՝ մենք անդրադարձել եւ շարունակելու ենք անդրադառնալ այդ դժգոհություններին: Ճիշտ նման ձեւով մենք անդրադարձել եւ անդրադառնալու ենք «ՎիվաՍելի» բաժանորդների դժգոհություններին, եւ այն փաստը, որ «Առավոտը» որոշակի համագործակցության եզրեր ունի «ՎիվաՍելի» հետ, երբեք չի խանգարել եւ չի խանգարելու մեզ՝ անել մեր աշխատանքը:
Իսկ ընդհանրապես՝ «ԱրմենՏելին» տեղեկացնենք, որ միայն տեղի սղության պատճառով չենք հրապարակում այն բոլոր բողոքներն ու դժգոհությունները, որ ստանում ենք այս ընկերության բաժանորդներից: Սակայն խոստանում ենք այսուհետեւ լինել ավելի հետեւողական եւ բաց չթողնել ոչ մի դժգոհություն: Իսկ մինչ այդ՝ խորհուրդ ենք տալիս ընդամենը մտնել որեւէ փնտրող կայք, ասենք՝ google.am, եւ փնտրում տալ «ԱրմենՏել», եւ «hi line» բառերը, հետո կարդալ տարբեր բլոգներում եւ ֆորումներում այդ թեմայով եղած քննարկումները: Պատկերն ավելի ամբողջական կդառնա: Հուսով ենք՝ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունը այդ բոլոր դժգոհողներին եւս չի կասկածի իրենց մրցակիցների հետ լավ հարաբերություն ունենալու եւ այդ պատճառով «ԱրմենՏելին» չփառաբանելու մեջ:

Հ. Գ. Ի դեպ, հանուն արդարության պետք է նշեմ, որ ես անձամբ երբեմն օգտվում եմ նաեւ «ԱրմենՏելի»՝ ինտերնետ կապ ապահովող USB մոդեմից, որը օրվա որոշ ժամերի, քաղաքի որոշ հատվածներում շատ ավելի անխափան կապ է ապահովում, քան «ՎիվաՍելի» «ՄՏՍ-կոննեկտը»: Կարծում եմ, հաջորդ անգամ, երբ «ԱրմենՏելը» որոշի հաշվել, թե որ ընկերությանը քանի անգամ ենք անդրադարձել, չի մոռանա այս վերջաբանը հաշվել որպես «ԱրմենՏելի» մասին «դրական բնույթի» ինֆորմացիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել