Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 10,2010 00:00

Ռուսական տասը լրտեսները հուլիսի 8-ի գիշերը կամ մոսկովյան ժամանակով հուլիսի 9-ի առավոտյան արտաքսվել են ԱՄՆ-ից, այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը, որին հղում է կատարել ռուսական lenta.ru կայքը: Ի դեպ, lenta.ru-ն չակերտների մեջ է առել «լրտես» բառը եւ դրան նախորդել «այսպես կոչված» հայտնի հավելումը:
Հիշեցնենք, որ արտաքսման նախորդ օրը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ բոլոր տասն էլ խոստովանեցին, որ գործում էին որպես այլ երկրի չգրանցված գործակալներ:
Երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկացանք, որ Վիեննայում կայացել է այդ տասը ռուս լրտեսների փոխանակումը մինչ այդ լրտեսության մեջ մեղադրված եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ներում ստացած չորս ռուսաստանցիների հետ: Տասը լրտեսներն են՝ Աննա Չապմանը, Միխայիլ Սեմենկոն, Մայքլ Զատոլին (Միխայիլ Կուցիկ), Պատրիսիա Միլզը (Նատալյա Պերեւերզեւա), Վիկի Պելաեսը, Խուան Լասարոն (Միխայիլ Վասենկով), Ռիչարդ եւ Սինթիա Մըրֆիները (Վլադիմիր եւ Լիդիա Գուրիեւներ), Դոնալդ Հիթֆիլդը (Անդրեյ Բեզռուկով) եւ Թրեյսի Ֆոուլին (Ելենա Վավիլովա), որոնք ձերբակալվել էին 2010թ. հունիսի վերջին: Նրանք կասկածվում էին լրտեսության եւ փողերի լվացման մեջ: Հուլիսի 8-ին կայացավ նրանց դատը, որի ընթացքում նրանք մասամբ խոստովանեցին իրենց մեղավորությունը, ինչի փոխարեն փողերի լվացման մեղադրանքները հանվեցին: Դատավորը նրանց դատապարտեց ժամկետների, որոնք նրանք արդեն իսկ կրել էին կալանավորման ընթացքում, եւ անհապաղ արտաքսման: Բացի այդ, նրանց կտրականապես արգելվում է ձեռնարկել ԱՄՆ վերադառնալու որեւէ փորձ: Մինչ այդ հայտարարվել է, որ արտաքսված լրտեսների զավակները կարող են լքել ԱՄՆ-ն ցանկացած ժամանակ՝ իրենց ծնողների ցանկություններին եւ ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան: Բացի այդ, փաստաբան Վիկի Պելաեսը պատմել է, որ ռուսական իշխանությունները խոստացել են իր երեխաներին տալ ռուսական վիզաներ, ինչպես նաեւ թույլատրել ՌԴ-ից մեկնել ցանկացած երկիր: Շռայլ ՌԴ-ն խոստացել է նաեւ իր լրտեսին տալ ցմահ թոշակ՝ $2000-ի չափով:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Դ. Մեդվեդեւը արդեն իսկ հրաման է ստորագրել, որով ներում է շնորհել իրեն այդ խնդրանքով դիմած եւ իրենց մեղքն ընդունած, ընդդեմ ՌԴ-ի լրտեսություն ծավալած Իգոր Սուտյագինին, Սերգեյ Սկրիպալին, Ալեքսանդր Զապորոժսկուն եւ Գենադի Վասիլենկոյին: Հաջորդ օրն եւեթ նրանք մեկնել են «փոխանակման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել