Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան խաղեր

Հուլիս 10,2010 00:00

Նախկինում պարտվող թիմերին անխնա պատժում էին: Փառք Աստծո, հիմա ֆուտբոլում նման բան չկա:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի առաջնության խմբային մրցաշարում Պորտուգալիայից կրած ջախջախիչ պարտությունից՝ 0:7, հետո շատերն սկսեցին մտահոգվել ԿԺԴՀ-ի հավաքականի ֆուտբոլիստների հետագա ճակատագրով: Կատակ չէ՝ խայտառակ ձեւով տանուլ են տվել կապիտալիստներին: Կոմունիստական տոտալիտարիզմը միշտ էլ անկանխատեսելի մարազմ է: Օրինակ, խորհրդային ֆուտբոլում եղել է, որ պարտված ֆուտբոլիստները սեփական մաշկի վրա են զգացել ամենակարող Ստալինի եւ Բերիայի զայրույթը:
1952 թվականի Ֆինլանդիայի օլիմպիական խաղերում վիճակահանությունը միմյանց դեմ էր դուրս բերել ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի հավաքականներին: Այն ժամանակ Հարավսլավիայի առաջնորդ, կոմունիստ Իոսիֆ Բրոզ Տիտոն կապերը խզել էր Ստալինի հետ եւ երբեմնի եղբայր երկրները ոխերիմ թշնամի էին դարձել: «Դարպասի այն կողմից շուն Տիտոն ոչ բացահայտ գռմռում է մեզ վրա»,- գրում էր խորհրդային մամուլը: Իսկ ժողովուրդների առաջնորդն ըմբոստացած վասալի սպանության պլաններ էր կազմում: Անգամ մտածում էր Հարավսլավիա ռազմական ներխուժման մասին: Այս ֆոնի վրա հավաքականների դիմակայությունը «մարտական գործողությունների» էր հավասարեցված: Առավել եւս, որ երկու հավաքականներն էլ համալրված էին հիմնականում բանակային ակումբների խաղացողներով: ԽՍՀՄ-ի այդ հավաքականը պատմության մեջ հիշվում է նաեւ որպես «լեյտենանտների թիմ»: Մոսկվայի ՑԴՍԱ ակումբի գլխավոր մարզիչ Բորիս Արկադեվին վստահվել էր նաեւ հավաքականի ղեկը: Իսկ իշխանությունները թիմին, հաջողության հասնելու համար, ապահովել էին առանձնահատուկ պայմաններով: Այնպես որ, առաջադրանքը մեկն էր՝ հաղթել: «Շուն Տիտոյի» ֆուտբոլիստներին պարտվելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Իրենց կուսակցական ղեկավարությունից նույն առաջադրանքն ունեին նաեւ հարավսլավցիները:
Այդ պատմական հանդիպումը կայացավ հուլիսի 20-ին՝ Տամպերեում, որն սկսվեց խորհրդային թիմի կատարյալ ձախողմամբ: Առաջին խաղակեսում Արկադեվի թիմը չորս անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իսկ արդեն ընդմիջմանը հանդերձարանում ֆուտբոլիստների «մշակումով» սկսեց զբաղվել ՀամԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Շելեպինը՝ ՊԱԿ-ի ապագա նախագահը: Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը դարձավ 5:1, որից հետո իսկական հրաշք կատարվեց: Խորհրդային ֆուտբոլիստները գտան իրենց խաղը եւ 15 րոպեում վերականգնեցին հավասարակշռությունը: Այն ժամանակվա կանոններով վերախաղարկում նշանակվեց եւ խորհրդային թիմը պարտվեց 1:3 հաշվով: Ֆինլանդիայից «Պրավդայի» թղթակից Վլադիմիր Նովոսկոլցեւի հաղորդագրությունը կարճ էր. «Հարավսլավիա-ԽՍՀՄ ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Վերջ»:
Եվ դա, իրոք, վերջն էր: Լենինգրադում ֆուտբոլիստներին ոչ ոք չդիմավորեց: Ստալինի արձագանքն էլ մեկնաբանությունների տեղ չէր թողնում. «Ինչպե՞ս են վարվում այն զինվորական ստորաբաժանման հետ, որը մարտի դաշտում խայտառակ է եղել»: Եվ պատասխանը չուշացավ: Խորհրդային առաջնության անվիճելի առաջատար ՑԴՍԱ ակումբը, բառի բուն իմաստով, ցրվեց, իսկ հավաքականի ֆուտբոլիստները մեղադրվեցին խաղադաշտում վախկոտություն ցուցաբերելու մեջ: «Օլիմպիական խաղերում ձախողվելու, խորհրդային սպորտի հեղինակությանը հասցրած վնասի համար ՑԴՍԱ ակումբը հեռացնել առաջնությունից եւ կազմալուծել: Ընկ. Արկադեվին ազատել աշխատանքից եւ զրկել «ԽՍՀՄ վաստակավոր մարզչի» կոչումից: Անպատասխանատու պահվածքի համար ընկ. Բաշաշկինին եւ Կրիժեւսկուն զրկել «ԽՍՀՄ սպորտի վարպետի» կոչումից եւ որակազրկել մեկ տարով: Խաղադաշտում վախկոտ պահվածքի համար ընկ. Բեսկովին որակազրկել»՝ գրված էին մարզական ղեկավարության հրամաններում: Բայց իրենք՝ ֆուտբոլիստներն ու մարզիչներն ուրախ էին, որ բանը ճամբարներին չհասավ:

Ֆոլկլենդյան հակամարտության արձագանքը
1986թ. աշխարհի առաջնությունում Անգլիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ հանրահայտ խաղը հարավամերիկացիների համար Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմում կրած պարտության դեմ վրեժխնդիր լինելու եզակի հնարավորություն էր: Դիեգո Մարադոնան նախ «Աստծո ձեռքով» գոլը խփեց մրցակցի դարպասը, իսկ հետո դարձավ գլուխգործոց եւս մի գոլի հեղինակ՝ շրջանցելով Անգլիայի հավաքականի կեսին: Դրանով նա փոխհատուցեց իր երկրի «ազգային նվաստացումը»:

Հարավսլավական
«ֆուտբոլային» մարտախմբերը

1990 թ. մայիսին Զագրեբի ստադիոնում ծայր առած անկարգությունները տեղի խորվաթական «Դինամո» եւ սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմերի հանդիպման ժամանակ բազմամյա արյունալի պատերազմի բռնկման վերջին կաթիլը դարձան: Ընդհատված հանդիպումը սերբերի եւ խորվաթների միջեւ առաջին բացահայտ հակամարտությունն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ հարավսլավական ակումբների ֆան խմբավորումները զինվորական աշխարհազորային ջոկատների ստեղծման հիմքը դարձան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել