Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ջրվում են աստղերը…

Հուլիս 10,2010 00:00

Եթե ջրվեք՝ մի զայրացեք

\"\"
Առնոսն ու Արան խորհուրդ են տալիս Վարդավառի օրը տանը չփակվել:

Չնայած Վարդավառը, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, այս տարի տոնվում է հուլիսի 11-ին, սակայն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները վարդեւոր «խաղալու» են հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին. այդ օրը Սիրահարների այգում կբացվի լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանի հերթական անհատական ցուցահանդեսը՝ «Վարդավառ» թեմայով:
Ինչպես տեղեկացնում է Առնոսը, «Վարդավառ» ֆոտոշարքը մի ամբողջ նախագիծ է, ֆոտոպատմություն է, թե ինչպես են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները Վարդավառ խաղում. «Իսկ ես այդ ամենը ֆիքսել եմ իմ ֆոտոխցիկով: Ակցենտը դրված է նրանց ջրվելու եւ այդ պահին նրանց ռեակցիայի, ինքնազգացողության վրա»:
Նախագծի համահեղինակ եւ կազմակերպիչ Արա Ասլանյանի խոսքով էլ՝ «Հայերիս մեջ դեռ մնացել է ագրեսիվությունը: Օրինակ՝ ջրվելու պահին միայն հայը ագրեսիա կցուցաբերի, կկատաղի, կզայրանա, նույնիսկ դույլը գլխիդ կտա»:
Նշենք, որ լուսանկարները դիմանկարի տեսքով են: Պատկերված են հայկական շոու-բիզնեսի 30 ներկայացուցիչներ կամ, ինչպես տղաներն ասացին՝ 30 աստղ:
Ա. Մարտիրոսյանի փոխանցմամբ. «Լուսանկարները ստացանք մեծ դժվարությամբ. մի ամբողջ տոն նշելու ձեւը, սովորույթը պատմել ֆոտոխցիկով՝ շատ դժվար էր, հատկապես, երբ ջրվողները քմահաճ մարդիկ էին»:
Ա. Ասլանյանն էլ նշեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոչ բոլորն են հեշտությամբ համաձայնել ֆոտոխցիկի առջեւ ջրվել. «Նրանց առաջին ռեակցիան նորմալ էր՝ վա՜յ, կայֆ ա, բարի նախագիծ է, հետաքրքիր կլինի, վայ-վույ, հա-հա-հա… եւ նման այլ արձագանքներ: Բայց երբ բանը հասավ գործնականին, մեջտեղ ընկան՝ վա՜յ, բա իմ մեյքափը, իմ մազերը, եւ այլ պատճառաբանություններ: Պետք է ասեմ, որ նկարահանումների բուն պրոցեսը հետաքրքիր անցավ, սակայն որոշ բարդություններ եղան տեխնիկայի հետ կապված: Երբ արդեն վերջացրել էինք նկարահանումները, այնպես ստացվեց, որ նկարները ջնջվեցին համակարգչից: Դրանց որոշ մասը կարողացանք վերականգնել, մի քանիսին ստիպված եղանք նորից նկարել, բայց եղան մարդիկ, որոնք հրաժարվեցին կրկին լուսանկարվելուց»:
Ինչ վերաբերում է ջրվողների կողմից ցուցաբերած քմահաճություններին, ապա Ա. Ասլանյանը նշեց, որ անհամաձայնություն են ունեցել հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ՝ «նա ոչ թե չհամաձայնեց մեր առաջարկած սյուժեին, այլ առաջ քաշեց իր տարբերակը: Առաջարկում էր կադրում վարդ վառել, բայց քանի որ մենք այլ նպատակ էինք դրել մեր առջեւ, ի վերջո օգտագործեցինք ջուրը: Սկզբից Ավետը քիթը մի քիչ կախեց, թե՝ չեմ ուզում, բայց ի վերջո ստացանք մեր ուզածը… Նշեմ նաեւ, որ ֆոտոցուցահանդեսը նպատակ ունի հայկական տոներում ակտիվություն մտցնել: Ժամանակին բոլոր բակերում Վարդավառի օրը մեծից փոքր խաղում էին: Հիմա ուզում ենք երիտասարդության մեջ ցանկություն առաջացնել, պրոպագանդել Վարդավառը, տոն դարձնել, ոչ թե փակվել տներում, որ հանկարծ իրենց չջրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել