Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՍՏԵՐ ՈՒԿՐԱԻՆԱ-2009»-Ը՝ «ՄԻՍՏԵՐ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ»

Հուլիս 10,2010 00:00

Տարբեր մրցույթներում հաղթող ճանաչված մոդելը հուսախաբ չի անի

\"\"
Դավիթը խոստանում է «Միստեր տիեզերքում» Հայաստանը պատշաճ ներկայացնել:

2009 թվականին «Միստեր Ուկրաինա» դարձավ ազգությամբ հայ մի երիտասարդ, ով թեեւ մանկուց միշտ ձգտել է դառնալ շոու- բիզնեսի ներկայացուցիչ, սակայն միանգամայն այլ՝ երգի ասպարեզում: Ապագա մոդել Դավիթ Ղարիբյանը ընդունվում է Երգի պետական թատրոն, սակայն հիասթափություն ապրելով երգարվեստի ցածր որակից, որոշում է այլեւս չերգել, քանի որ երգիչները առանց իրեն էլ բազմաթիվ էին, իսկ իսկական երաժշտությունը, որպես այդպիսին, ըստ նրա, բացակայում էր:
«Երգի ասպարեզում ունեցած հիասթափությունից հետո որոշեցի ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկայի բաժին, քանի որ մարդու կյանքում ամենաառաջնայինը ուսումն ու մասնագիտական ձեռքբերումներն են»,- մեզ հետ զրույցում նշեց մոդել Դավիթը, ով «Միստեր եւ միսս աշխարհ» կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ անսպասելի հանդիպումից հետո հնարավորություն ստացավ մեկնելու Ուկրաինա՝ «Միստեր Ուկրաինա 2009»-ի քասթինգին մասնակցելու համար:
Մասնակցեց ու հաղթեց: Դարձավ «Միստեր Ուկրաինա 2009», որից հետո Սոֆիա քաղաքում մասնակցեց «Եվրոպայի լավագույն մոդել» մրցույթին, որտեղ եւս հաղթող ճանաչվեց: «Իհարկե, մրցույթում հաղթելն ինձ համար շատ անսպասելի էր, սակայն ես միշտ մտածում էի, իսկ ինչու ոչ, ինչու ես չպետք է լինեմ Եվրոպայի լավագույն մոդելը, եւ Աստծո շնորհիվ այդտեղ էլ ես հաղթող ճանաչվեցի»,- անկեղծանում է Դավիթը, ում համար մոդելային բիզնեսը ի սկզբանե եղել է հոբի, սակայն հետագայում մի քանի լուրջ կազմակերպությունների հետ համագործակցելու շնորհիվ՝ վերածվել է լուրջ աշխատանքի:
Մոդելն ունի օրվա խիստ ընթացակարգ՝ հագեցած ֆիզիկական վարժանքներով, ինչպես նաեւ գեղեցկության ցուցադրումով:
«Եվրոպայում մոդելը գնահատվում է: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անվտանգությունը ապահովված էր, նույնիսկ ճանապարհներն էին փակում, երբ մենք էինք անցնում»,- նշում է Դավիթը, ում ծնողները ի սկզբանե դեմ են եղել նրա մոդելային գործունեությանը, սակայն հետագայում ականատես լինելով Դավիթի հաջողություններին՝ խրախուսել են նրան՝ շարունակել իր սիրած գործը:
«Եվրոպայի լավագույն մոդել» մրցույթի ժամանակ բեմ դուրս գալուց առաջ հեռախոսով զրուցեցի ծնողներիս հետ, ինչը ինձ բավականին ուժ տվեց: Ինձ աջակցում էին նաեւ իմ դասարանցիները, դասախոսները, նույնիսկ դեկանը, եւ ես արդարացրի նրանց սպասումները»,- հուզմունքով ասում է մոդելը, ով ներկա պահին ունի համագործակցության բազմաթիվ հրավերներ՝ տարբեր երկրներից:
«Այժմ շատ հրավերներ ունեմ: Նշեմ նաեւ, որ 2011 թվականին Ֆրանսիայում պետք է մասնակցեմ «Միստեր տիեզերք» միջազգային մրցույթին, որտեղ արդեն կներկայացնեմ Հայաստանը եւ հենց Ֆրանսիայում էլ կշարունակեմ իմ համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ»,- հավելեց մոդելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել