Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉԻՑ

Հուլիս 10,2010 00:00

Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում հայոց լեզու եւ գրականություն, ֆիզիկա առարկաներից լրացուցիչ փուլով միասնական քննություն հանձնած դիմորդները հնարավորություն ունեին բողոքարկելու իրենց արդյունքները: Բողոքարկողների թիվը 10-ից պակաս էր: «Առավոտի»՝ քննակենտրոնում ներկա գտնվելու պահին ոչ մի բողոքարկող չկար, սակայն մինչ այդ 3 դիմորդ արդեն բողոքարկել էր: Նրանցից երկուսը խնդրում էին բողոքարկման արդյունքում վերահաշվարկել իրենց գնահատականը, իսկ մեկը խնդրել էր վերանայել ֆիզիկայի 34-րդ առաջադրանքը, քանի որ խնդրում պահանջ չի եղել պատասխանը գրել անպայման «վայրկյան»-ով, ուստի նա օգտագործել է «ժամ» չափման միավորը եւ կարծում է, որ իր պատասխանը ճիշտ է: Ի տարբերություն հիմնական փուլի, լրացուցիչից հետո հայոց լեզու եւ գրականություն առարկայից գրանցվեց ընդամենը մեկ դիմում-բողոք՝ մի ծնող դժգոհում էր, թե «բ» մակարդակը բարդ է ռուսական դպրոց ավարտած երեխայի համար: Մեր՝ քննակենտրոնում գտնվելու պահին մի ծնող ուզում էր ճշտել՝ արդյոք ֆիզիկայի արտահերթ քննություն կազմակերպվելո՞ւ է, քանի որ իր համալսարանական ծանոթն ասել է, որ արդյունքների՝ ցածր լինելու պատճառով նախարարն է այդպիսի բան հայտարարել: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն էլ ծնողին պատասխանեց, որ նման հայտարարություն չի եղել: Ապա հավելեց. «Արդեն պատրաստ են հիմնական փուլին մասնակցած դիմորդ-շրջանավարտների միասնական քննությունների վկայականները, որոնք նրանք կարող են վերցնել այնտեղից, ուր ներկայացրել են իրենց դիմում-հայտերը: Այդ վկայականները պիտի պահեն մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ դրանցով ներկայանան պետական բուհեր ու ներկայացնեն դեկանատներին: Հիշեցնենք, որ բոլոր դիմորդ-շրջանավարտները, ատեստատ ստանալուց հետո, պետք է բուհ ներկայանան մինչեւ հուլիսի 30-ը, ատեստատները ներկայացնեն ընդունող հանձնաժողովներին, այլապես դուրս կմնան մրցույթից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել