Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 10,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնիններորդ

ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԴԱՄԸ

Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «Իգորը շատ խելոք ա խոսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խելոք խոսքը թարգմանելն ավելի դժվար ա, քան՝ հիմարությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ սինխրոն թարգմանում եմ, հոգիս դուս ա գալի», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով ասացի՝ «սինխրոն թարգմանությունը շատ դժվար գործ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ ա՝ գոնե էդքանը հասկանում ես», եւ երբ Իգորն սկսեց Կովբյուրոյի որոշումից խոսել, Ռաֆոն ինձ խնդրելով ասաց՝ «մի խանգարի, Արմեն ջան» եւ մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ես, փաստորեն, աշխատանքի մեջ եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետո կխոսանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «վաբշե որտե՞ղ ես ըլնում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էս իմ պաստայանի տեղն ա. միտինգների վախտ էս արձանի մոտ եմ ըլնում, մնացած ժամերին՝ էն զուգարանի մոտի ծառերի տակ», եւ ես Ռաֆոյի ձեռքը սեղմելով ասացի՝ «դե լավ. քեզ չխանգարեմ», եւ Ռաֆոն ձեռքս սեղմելով ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հետո կխոսանք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կհանդիպենք, մեր ծրագիրը մանրամասն կբացատրեմ», եւ ես Ռաֆոյին տեսա դրանից մի քանի օր անց՝ վերստին Ազատության հրապարակում՝ մի խումբ մարդկանց Կովբյուրոյի որոշումն ընթերցելիս ու բացատրելիս, եւ երբ ինձ տեսավ, ընթերցանությունը դադարեցրեց, իր շուրջ խմբվածներից ներողություն խնդրեց, մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու ժպտալով հարցրեց՝ «ո՞նց ես, ախպեր», եւ իր երկու աչքերի տակ էլ բավական թունդ կապտուկներ էին, եւ ես իր կապտուկներին նայելով հարցրի՝ «էս ի՞նչ ա էղել», եւ ինքը ժպտալով ասաց՝ «հեչ. ժողովրդին Կովբյուրոյի որոշումն էի բացատրում», եւ ես հարցրի՝ «աչքերիդ տակ էդ ի՞նչ ֆանառներ են», եւ ինքը ժպտալով հարցրեց՝ «ո՞նց նկատեցիր», եւ ես ասացի՝ «հնարավոր չի չնկատել», եւ ինքը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էնքան խառն եմ, որ նույնիսկ հայելու մեջ նայելու ժամանակ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն չորրորդ օրն ա. իմ հաշվարկներով՝ արդեն պիտի անցած ըլնեին», եւ ես ասացի՝ «մի շաբաթից հազիվ էլ անցնեն» եւ ժպտալով հարցրի՝ «կռվի մեջ ե՞ս ընկել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «անցած ըլնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի փոքր թյուրիմացություն էր. հարթեցինք՝ գնաց», եւ ես նորից հարցրի՝ «կռվի մեջ ե՞ս ընկել», եւ Ռաֆոն նայեց կողքի հավաքվածներին եւ ժպտալով ասաց՝ «կներեք, ժողովուրդ ջան. կարեւոր հարց ենք քննարկում», եւ հավաքվածներն ըմբռնումով ժպտացին ու գլուխները տմբտմբացրին, եւ Ռաֆոն ինձ ասաց՝ «էն օրն ինձ չպիտի մենակ թողեիր՝ գնայիր», եւ ես զարմացած հարցրի՝ «միտինգի օրը՞», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես արդարանալով ասացի՝ «դո՛ւ ասացիր», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ ասեցի», եւ ես հիշելով ասացի՝ «ասեցիր, որ խանգարում եմ» եւ հիշելով ավելացրի՝ «ասեցիր, որ աշխատանքի մեջ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ չի նշանակում, որ կես միլիոն ժողովրդի մեջ պիտի ինձ մենակ թողեիր ու գնայիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարայիր սպասեիր՝ մինչեւ աշխատանքս պրծնեի», եւ ես արդարանալով ասացի՝ «որ ասեիր՝ կսպասեի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեծ բան չես կորցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ մնայիր, մի էրկու հատ ըսենց ֆանառ էլ դու էիր վաստակելու», եւ ես հարցրի՝ «բայց ի՞նչ ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո գնալուց հետո՝ որ միտինգը պրծավ, մտածեցի՝ բարձրանամ հարթակ՝ էդ տղերքին մի քանի բան բացատրեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տղերք», եւ Ռաֆոն ասաց՝ «Իգորին ու Սարուխանյանին», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկացա», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը հասկացար», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, իրանք են քեզ բացատրել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Իգորն ու Սարուխանյանը», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց», եւ ես ժպտալով ասացի՝ «ենթադրում եմ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ սխալ ես ենթադրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մոտավորապես գլխի ես ընկնում՝ ինչ ա տեղի ունեցել, բայց մանրամասների մեջ սխալվում ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ր մանրամասների մեջ եմ սխալվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով պատմեց՝ «հենց միտինգը պրծավ, մոտեցա հարթակին, որ Իգորին ու Սարուխանյանին մի քանի խորհուրդ տամ, բայց դեմս փակեցին՝ չթողին», եւ ես հարցրի՝ «ո՞վ չթողեց», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «իրանց թիկնապահները», եւ ես կռահելով հարցրի՝ «Իգորի ու Սարուխանյանի թիկնապահներն ե՞ն քեզ ծեծել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մի թեթեւ», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ ծեծել են», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էս ֆանառներս որ տենում ես, չմտածես թե՝ ձեռով են խփել», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ինչո՞վ են խփել», եւ Ռաֆոն շա՜տ մեղմ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ոտներով», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ոտներով», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «քցեցին գետնին ու սկսեցին քացիներով խփել», եւ ես ապշահար հարցրի՝ «աչքերիդ էի՞ն խփում», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «հիմնականում գլխիս էին խփում, բայց մի քանի հատ, ոնց որ տենում ես, աչքերիս ա կպել», եւ ես սրտնեղած ասացի՝ «անասո՞ւն են, ինչ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրանք ոչ մի մեղք չունեն. իրանք իրանց պարտականությունն են կատարել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պարտականություն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարող ա, չէ՞, իմ փոխարեն մի հատ թուրքի շպիոն մոտենար ու ատրճանակից կրակեր», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «ո՞ւմ վրա կրակեր», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Իգորի կամ Սլավիկի», եւ ես զարմացած հարցրի՝ «Սլավի՞կն ով ա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սարուխանյանը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «Սարուխանյանի անունը Վաչե չի՞» եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իրա իսկական անունը Սլավիկ ա, բայց Ազգային խորհուրդը որոշեց, որ ինքը ժողովրդի առաջ որպես Վաչե պիտի հանդես գա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ Ազգային խորհուրդ», եւ Ռաֆոն խորհրդավոր ժպտալով ասաց՝ «էդ տեսակ մարմին կա» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ մարմինն ա էս միտինգներն ու ամեն ինչը ղեկավարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ խորհրդի անդամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մտածեցինք՝ էս միտինգների էրկու ղեկավարներից գոնե մեկի անունը հայկական ըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ճիշտ եք մտածել» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «Իգորն ու Սլավիկն էլ ե՞ն Ազգային խորհրդի անդամ», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ո՞նց կարան անդամ չըլնեն. իրանք խորհրդի որոշումներն են կատարում», եւ ես հարցրի՝ «բա իրանք քեզ չեն ճանաչո՞ւմ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ովքե՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Իգորն ու Սլավիկը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էրկուսն էլ ինձ շատ լավ են ճանաչում», եւ ես հարցրի՝ «որ ճանաչում են, խի՞ թողեցին, որ քեզ ծեծեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հռհռալով ասաց՝ «մինչեւ Իգորն ինձ կնկատեր, ես արդեն գետնին էի փռված», եւ ես ժպտալով ասացի՝ «էրեւում ա՝ ծեծվելուդ համար շատ ուրախ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ նկատեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ ուրախ եմ, որ տղերքն իրանց պարտականությունները լավ են կատարում», եւ ես Ռաֆոյի կապտուկներին նայելով ասացի՝ «շա՜տ լավ են կատարել», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հետո որ Իգորն ինձ ճանաչեց, մոտեցավ, ինձ ոտի կանգնացրեց ու իրանց էդ թիկնապահների վրա ռուսերեն գոռաց՝ «հո վայրենի չեք, արա», եւ ես ժպտալով հարցրի՝ «արա-ն է՞լ ռուսերեն ասեց», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «չէ. արա-ն մաքուր հայերեն ասեց», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ ուրախ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, տղերքն իրանց պարտականությունները շատ լավ են կատարում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «էլ ի՞նչ հետո», եւ ես հարցրի՝ «իրար հետ չխոսացի՞ք», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հետ», եւ ես ասացի՝ «Իգորին ինչ-որ խորհուրդներ պիտի տայիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի խորհուրդ էլ չտվի», եւ ես հարցրի՝ «ինքն էլ քեզ բան չասե՞ց», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «ինձ ի՞նչ պիտի ասեր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հո էդքան կողմնակի մարդկանց մոտ ցույց չէինք տա, որ իրար ճանաչում ենք», եւ ես Ռաֆոյի կապտուկներին նայելով ասացի՝ «դրանց արածն իսկականից վայրենություն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց արածից, փաստորեն, իրանք տուժեցին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ սաղս տուժեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ էդ իրիկուն իրանց մի քանի ճիշտ խորհուրդ տայի, շատ հնարավոր ա՝ Սումգայիթի դեպքերը կանխեինք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խորհուրդ պիտի տայիր», եւ Ռաֆոն տխուր ժպտալով ասաց՝ «էդ արդեն կարեւոր չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գենոցիդն արդեն էղել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հիմի արդեն պիտի առաջ նայենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ըտենց էլ չպարզեցի՞ր՝ էդ էրկուսից որ մեկն ա պայծառատեսը», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «միանգամից հասկացա, որ Իգորն ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց հասկացար», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինքն ինձ անմիջապես ճանաչեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «Սլավիկը չճանաչե՞ց», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սլավն էլ ճանաչեց, բայց՝ ավելի ուշ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ նախօրոք ասվել էր, որ պայծառատեսն էդ էրկուսից էն ա՝ ով որ ինձ առաջինը կճանաչի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընենց որ՝ ամեն ինչ իրա հունով ա գնում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «շատ ափսոս, որ Սումգայիթը չկարեցանք կանխենք» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «փաստորեն, սատանեն էլ իրանն ա անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Սումգայիթն իսկական գենոցիդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրեկ իրիկուն երկար մտածեցի ու մի հատ շատ կարեւոր բան պարզեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պարզեցիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ մտածում էի, որ Աստված ազգերին ու ժողովուրդներին բնական աղետներով ու գենոցիդներով ա պատժում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էրեկ իրիկուն ու հետո ամբողջ գիշեր որ մտածեցի, հասկացա, որ էդ սաղ աղետներն ու գենոցիդները սատանայի ձեռի գործն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ սաղ աղետների ու գենոցիդների մեջ սատանի մատը խառն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա Աստված չի կարո՞ւմ սատանային կանխի», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «որ չկանխեր, մեր էս երկրագնդի պտույտը շուտվանից դադարած կըլներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստծո ու սատանայի հակամարտությունը, փաստորեն, մշտական ու հավերժական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանց էդ հակամարտությունը, փաստորեն, բարու ու չարի մշտական ու հավերժական կռիվն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց էդ կռվի մեջ չարը ոնց որ թե ավելի շատ ա հաղթում», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «չարը որ հաղթեր, մեր էս երկրագնդի պտույտը մեկից կանգ կառներ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բարեբախտաբար, չարի հաղթանակներն էպիզոդիկ բնույթ են կրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց բարու հաղթանակները հիմնավոր են ու արմատական», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «տա Աստված՝ ըտենց ըլնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ա», եւ ես հարցրի՝ «էս միտինգների վերջն ի՞նչ ա ըլնելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դու էլ ե՞ս կարծում, որ ամեն ինչ ինձնից ա կախված», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էիր ասում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր, որ էս միտինգների ղեկավարն ես», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «շառ ե՞ս անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա ասել եմ, որ ընդամենը ղեկավարներից մեկն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «քեզ չեմ ասե՞լ, որ Ազգային խորհուրդ գոյություն ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր ես ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ընդամենը էդ խորհրդի շարքային անդամներից մեկն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղ հարցերը քվեարկությամբ են որոշվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «պարզ մեծամասնությամբ», եւ ես հարցրի՝ «ձեր էդ խորհուրդը քանի՞ հոգուց ա բաղկացած», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն գաղտնիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչքան էլ մոտիկ ընկեր ըլնենք, որոշ բաներ կան, որ նույնիսկ ամենամոտիկներիս իրավունք չունեմ ասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «եթե գաղտնիք ա՝ կարաս չասես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ էն կարամ ասեմ, որ մեր անդամների քանակը կենտ ա», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա կենտ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «այսինքն, զույգ չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի վախտ մերոնց թիվը զույգ էր, բայց վերջերս մեկին ընդունեցինք, որ թիվը կենտ ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «արհեստականորեն մեր անդամների թիվն ավելացրինք, որ կենտ թիվ ըլնի» եւ բացատրելով ավելացրեց՝ «մինչեւ էդ, որ զույգ էինք, քվեարկությունների հարցը բարդանում էր, ավելի ճիշտ՝ նորմալ քվեարկություն չէր ստացվում, որովհետեւ շատ դեպքերում անդամների հալալ կեսը կողմ էր քվեարկում, կեսը՝ դեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հիմի որ կենտ ենք, արդեն էդ տեսակ պրոբլեմ չի առաջանում», եւ ես ժպտալով ասացի՝ «չես ասում՝ վերջն ինչ ա ըլնելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սովետը քանդել պրծել ենք, մնում ա Ղարաբաղի ու ատոմակայանի հարցերը հորովմորով անենք», եւ ես հարցրի՝ «բա Սովետի տեղն ի՞նչ ա ըլնելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անկախություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անկախ Հայաստան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց սկզբում պիտի Ղարաբաղի հարցը հորովմորով անենք, հետո նոր անկախության հարցը բարձրացնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Պարույրը շատ ա շտապում, բայց սկզբում պիտի Ղարաբաղի հարցը հորովմորով անենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Պարույր» եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Հայրիկյանը», եւ ես ժպտալով հարցրի՝ «Հայրիկյանին էլ ե՞ս անձամբ ճանաչում», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «արդեն շատ ես խորանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշներին հեչ էսքանն էլ չեմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «զգացված եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց գիտե՞ս՝ խի եմ քեզ էս ամեն ինչն ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ դու էն քչերից մեկն ես, որ ինձ գժի տեղ չես դնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տենում եմ, որ ասածներս ուշադրությամբ լսում ու ճիշտ եզրակացություն ես անում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ ճիշտ եզրակացություն եմ անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշներին որ մի բան ես ասում, մի ականջով մտնում՝ մյուսով դուրս ա գալիս, բայց հիմի քո հետ որ խոսում եմ, տենում եմ, որ նախորդ անգամվա ասածներիցս ահագին բան ես հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «սովորական բաներ չես ասում, որ մոռանամ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հասկացողի՛ համար սովորական չեն», եւ ես ժպտալով ասացի՝ «զգացված եմ», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էլ եմ զգացված» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց էս ասածներիցս քեզ ամենից շատ թռնելն ա հետաքրքրում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն բավական երկար նայեց աչքերիս մեջ ու հանկարծակի լրջանալով հարցրեց՝ «լսի՛, կարող ա՞ դու էլ ես ինձ գժի տեղ դնում», եւ ես անակնկալի գալով ասացի՝ «գիժ ե՞ս», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «դո՛ւ ասացիր», եւ հիմա, երբ իմ ու Ռաֆոյի էդ օրվա զրույցը հիշելով գրի եմ առնում, հասկանում եմ, որ ձեզանից շատերն էլ Ռաֆոյի պես կարող են մտածել, թե իմ ու իր էդ բոլոր զրույցների ընթացքում իրեն գժի տեղ եմ դրել, մինչդեռ իրականում Ռաֆոյին հնարավորինս լուրջ եմ վերաբերվել՝ մանավանդ իմ ու իր էդ երկխոսությունների ժամանակ, եւ չէի էլ կարող լուրջ չվերաբերվել՝ առաջին հերթին էն պատճառով, որ ինքը՝ Ռաֆոն էլ էր իր անձին ու իր անձի հետ առնչվող ամեն ինչին չափազանց լուրջ վերաբերվում, ու մեր էդ երկխոսությունների ընթացքում՝ Սյունազարդ դահլիճից մինչեւ հին ու նոր հանրահավաքներ, իր ասածներին ժամանակ առ ժամանակ նույնիսկ հավատում էի, որովհետեւ ինքն իր ասածներին խորապես էր հավատում, եւ չնայած արդեն գիտեմ, որ իրեն պարբերաբար ու ժամանակ առ ժամանակ խաթրով կամ բռնությամբ ուղեկցում են ուղղիչ հոգեբուժական հաստատություններ, այդուհանդերձ, ես ավելի քան համոզված եմ, որ մշեցի, ապարանցի եւ վերջապես շենգավիթցի Ռաֆոն հասարակության համար որեւէ վտանգ չի ներկայացնում. ավելի՛ն. ինքն ազատության մեջ գտնվելով՝ մի անգամ ամուսնացավ ու էսօրվա դրությամբ նորմալ եւ նույնիսկ օրինակելի ընտանիք ունի՝ միանգամայն նորմալ կին ու միանգամայն նորմալ երկու երեխաներ, եւ չնայած ամուսնության տասը տարիների ընթացքում երկու անգամ բաժանվել են՝ կինը երեխաներին հավաքել ու հետ է փախել հորանց, այդուհանդերձ, Ռաֆոն մշտապես համոզված է, որ էդ երկու պատահականությունները երբեւէ չեն կրկնվի, որովհետեւ իրենցը միանգամայն օրինակելի ու ներդաշնակ ընտանիք է, ու էդ մասին տեղեկացա անձամբ Ռաֆոյից՝ նոր հազարամյակի սկզբին Արկադի Վարդանյանի միտինգի ժամանակ, եւ երբ իրեն տեսնելով ասացի՝ «լույս քեզ տեսնողին», Ռաֆոն ժպտալով ասաց՝ «բարով տեսանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ գործի ես», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «իբր թե չգիտես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հեղափոխական իրավիճակն եմ հասունացնում», եւ ես ասացի՝ «ահագին վախտ ա՝ միտինգ չէր էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ահագին վախտ հեղափոխական իրավիճակ չկար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ ահագին վախտ քաղաքում չէի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, ազատության մեջ չէի», եւ ես հարցրի՝ «բա ո՞ւր էիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անազատության մեջ», եւ ես զարմացած հարցրի՝ «բանտո՞ւմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ ո՞ւր էր ըտենց բախտ», եւ ես հարցրի՝ «բա ո՞ւր էիր», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «իբր թե չգիտես», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշներին բանտ են տանում, ինձ՝ հոգեբուժարան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս՝ խի են ինձ հոգեբուժարան տանում», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ ինքը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ ինձ բանտ տանեն, Արեւմուտքը տուտժե հարայհրոցը կդնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պետդեպարտամենտի տարեկան զեկույցում կգրեն, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա», եւ ես հարցրի՝ «ե՞րբ ես դուս էկել», եւ Ռաֆոն ասաց՝ «ամսից ավել ա» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «մինչեւ էս միտինգը կազմակերպեցի՝ հոգիս դուս էկավ», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ հասունացրել ես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հեղափոխական իրավիճակը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նախ պիտի հեղափոխական իրավիճակ ըլնի, որ հասունացնես կամ չհասունացնես», եւ ես հրապարակին նայելով ասացի՝ «լավ էլ ժողովուրդ ա հավաքվել», եւ Ռաֆոն հոգոց հանելով ասաց՝ «մինչեւ էսքան մարդկանց իրար գլխի հավաքեցի, կյանքիս կեսը գնաց» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «էրեսի զոռով հնարավոր չի հեղափոխական սիտուացիա հասունացնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «լիդերի հարցն էլ ա շատ կարեւոր», եւ ես ժպտալով հարցրի՝ «Արկադի Վարդանյանը սրտովդ չի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որպես լիդեր վատը չի, բայց հետը պիտի ահագին աշխատանք տարվի» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «վախտին որ Իգորին որոշ նրբություններ բացատրեինք, էսօրվա օրով Ղարաբաղը ոչ միայն դե ֆակտո մերը կըլներ, այլեւ՝ դե յուրե», եւ ես հիշելով ասացի՝ «Իգորի տղերքը քեզ շատ փիս էին ծեծել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անձամբ Իգորն էդ ծեծկռտուքի հետ ոչ մի կապ չուներ» եւ մի քիչ էլ մտածեց ու անսպասելի հարցրեց՝ «էն աղջիկն ի՞նչ ա անում. իրանից խաբար ունե՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հետը կապ պաշտպանում ե՞ս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ աղջիկ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն ռուս աղջիկը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ ռուս աղջիկ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն՝ որ հետդ Կալոննի զալ՝ շախմատի էիր բերել», եւ ես հիշելով ասացի՝ «էդ աղջկան ոչ թե Կալոննի զալում ես տեսել, այլ՝ Բալշոյ ծեատրում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հանդիպման վայրը շփոթեցի, բայց իրա դիմագծերը շատ լավ եմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բուֆետում էլ իրեքով կոֆե ու պեպսի խմեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ե՛ս պատիվ տվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն թվերին մենակ Մոսկվայում պեպսի կար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ էլ՝ Սոչիում» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ասաց՝ «անունն էլ Սվետա էր»։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել