Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԳՎԱԾ ՏՂԵՐՔԸ» ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Հուլիս 15,2010 00:00

Իրենց «գողականի» տեղ դրած Կոնդի տղերքը 20-ամյա Սերգեյին հիվանդանոցի դռներն են գցել, ինչ է թե՝ նա չի կարողացել այդ օրը «նալոգ» տալ իրենց:

\"\"
Ծեծից հետո Սերգեյը անկողնուց չի կարողանում վեր կենալ:

\"\"
Տղայի մայրը անընդմեջ լաց էր լինում ու կյանքից հիասթափված որդուն հույս տալիս, որ հաշմանդամ չի մնա, վերեւն Աստված կա:

Oրեր առաջ՝ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 1.30-ի հատվածում, Կոնդ թաղամասի 20-ամյա բնակիչ Ավետիսյան Սերգեյին թաղի «խառոշիները» այնպես են ծեծում, որ էպիլեպսիայով հիվանդ տղան ուշագնաց է լինում ու արյունլվա ընկնում փողոցում: Ծեծողներն իր հասակակիցներն են՝ նույն թաղամասի բնակիչներ՝ Գոռ, Վահան եւ Արամ, որոնք աշխատանքից տուն վերադարձող Սերգեյից պահանջել են, որպես թաղի «լավ ու հարգված» տղերքի, իրենց մի կլորիկ գումար վճարել, նվազագույնը՝ 10 հազար դրամ: Սերգեյն աշխատում է հացի արտադրամասում՝ որպես բանվոր: Տարիներ շարունակ նա օրվա իր վաստակած գումարից պարբերաբար «մուծվել» է այդ տղաներին, եթե ձեռքը փող չի եղել՝ պարտք է արել կամ, իր խոսքերով ասած՝ «մի լավ պատիվ տվել» քաղաքի օբյեկտներում: Դեպքի օրը Սերգեյի գրպանում գումար չի եղել եւ չի կարողացել «բավարարել» հարեւան տղերքի պահանջները, նրանք էլ որոշել են պատժել տղային: 3 հոգով հարձակվել են անպաշտպան տղայի վրա, մեկը բերանն է փակել, մյուսը ուժգին հարվածել կրծքավանդակին ու շնչափողին, 3-րդը երկաթե ձողով հարվածել է գլխին՝ ասելով. «Էնքան պիտի ծեծենք, որ հիշողությունդ կորցնես՝ մենթի մոտ չվազես»: Ծեծի արդյունքում տղան ստացել է ուղեղի ցնցում, ողնաշարը թեքվել է, հիմա ոտքերը չի զգում եւ չի կարողանում սեփական ուժերով անգամ զուգարան հասնել:
Ինչպես հայտնի է, Կոնդ թաղամասում պարբերաբար նման «տղայական բազարներ» են լինում, մի քիչ թպրտացող, թիկունք ունեցողներն ուզում են «կոտրել» խեղճերին ու նրանց, բառի բուն իմաստով, ծառայեցնել իրենց: Սկզբնական շրջանում Սերգեյը պարտաճանաչ վճարել է այն «նալոգները», որ դրված են եղել իր վրա, հետո նույնիսկ տնից է ապրանք տարել, պարտքերի տակ ընկել: «Ինձ ասում էին՝ եթե չմուծվես՝ ընենց կանենք՝ էս թաղ չես մտնի, քեզ որպես տղա չեն հարգի, սպառնում էին, որ տնեցիներին վնաս կտան, որ ինձ կտանեն Խթը-ի պադվալներում կփակեն՝ լույսի երես չեմ տենա: Մի անգամ ստիպված վեշերս հավաքեցի, տնից մի քանի օրով փախա, որ հետքս կորցնեն, բայց ծնողներս հետ բերեցին»,- պատմում էր տղան:
Երբ այցելեցինք Սերգեյի տուն՝ նա ամոթից երեսը փակեց ու հեկեկալով լաց եղավ: Մոր՝ Նարինեի խոսքերով՝ իր տղային այնպես են վախեցրել, որ ծեծվելուց հետո տուն է եկել ու սուսուփուս պառկել է քնելու՝ ոչ մեկին ոչինչ չի ասել. «Առավոտյան ես նրա տնքոցներից եմ արթնացել ու տեսել, որ երեխաս մուգ գույնի արյուն է փսխում, ջերմությունը 38.5 էր: Միայն կրկնում էր՝ մա՛մ ջան, ինչ կլինի, արի էս տունը թողնենք՝ գնանք ուրիշ տեղ ապրենք»:
Սերգեյի ընտանիքը Կոնդում ապրում է վարձով՝ սոցիալական ծանր պայմաններում: Ծնողները հուլիսի 10-ին «շտապօգնություն» են կանչել եւ նրանց մեքենայով տղային տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն: Հենց ընդունարանից իմանալով, որ հիվանդի ծնողները վճարունակ չեն ու դժվարանում են անգամ ռենտգենի փողը տալ՝ բուժկենտրոնը հրաժարվել է վնասվածքներով ու վերքերով, արյուն փսխող տղային բժշկական պատգարակից որեւէ պալատ տեղափոխել. «Մեզ ասացին, որ դատարկ պալատի արժեքը 15 հազար դրամ է, մինչեւ չվճարեք՝ չենք տանի: Երեխան առավոտյան ժամը 11.30-ից մինչեւ 19.30-ը մնաց հիվանդանոցի միջանցքում՝ պատգարակի վրա: Ստիպված կարողացանք 15 հազար դրամ հայթայթել ու նկարել տալ: Բժիշկները, հստակ գիտակցելով, որ երեխան ողնաշարային վնասվածքներ է ստացել եւ նրան չի կարելի տեղից տեղ տեղափոխել՝ մեզ երեխայի հետ հիվանդանոցից դուրս արեցին, ասացին՝ տիկին, տարեք՝ տանը պառկացրեք, դա ամենաէժան տարբերակն է»: Երեխային մի կերպ տուն տանելուց հետո ծնողները դիմել են «Նաիրի» բուժկենտրոն ու խնդրել իրենց հիվանդ երեխային գոնե առաջին բուժօգնություն տրամադրել, այնտեղից հորդորել են դիմել «Էրեբունի» հիվանդանոց. «Մեզ ասացին, որ երեխայի բուժօգնությունն արժե 200 հազար դրամ, բայց մենք անգամ հացի փող չունենք, որտեղի՞ց այդ գումարը ճարենք, ընդամենը 400 դրամ ունեինք, այն էլ տրանսպորտի վրա ծախսեցինք, որ տարբեր մարմիններին դիմում գրեինք՝ օգնություն խնդրեինք»: Նշենք, որ Սերգեյն էպիլեպսիկ հիվանդ է, բայց քանի որ նրա ընտանիքը հաշվառված չէ որեւէ տեղ՝ ծնողները չեն կարողացել անգամ նրա համար հիվանդության կարգ հանել:
Հիմա արդեն 5-րդ օրն է՝ Սերգեյն անհույս պառկած է, ծնողները վախենում են, որ Սերգեյն ընդմիշտ հաշմանդամ մնա, բայց ուր գնում են՝ փող են ուզում: Անգամ երբ դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը՝ որեւէ քայլ չեն ձեռնարկել, երեխային դատաբժշկական փորձաքննության էլ չեն ենթարկել: Մեզ հետ զրույցում Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնից հետաքննիչ Արամ Վարդանյանը վստահեցրեց, որ գործն ընթացքի մեջ է եւ բոլոր տեղեկություններն ուղարկել են Կենտրոն: Ծնողները մտավախություն ունեն, որ հաշվի առնելով Սերգեյի «անտեր, անպաշտպան» լինելը, ոստիկանությունը կկոծկի գործն ու ծեծողներից իր «փայը» վերցնելով՝ կոնկրետ քայլեր չի ձեռնարկի:
Երբ առողջապահության նախարարությանը տեղեկացրինք, թե հիվանդանոցներում որքան անտարբեր ու անխիղճ են վարվել ծեծի ենթարկված եւ բուժօգնության կարիք ունեցող երեխայի հետ, երեխայի հարազատների հետ խոսելուց հետո նախարարության միջնորդությամբ թերապեւտի են ուղարկել՝ տղայի վիճակը զննելու: Նախարարությունից խոստացան, որ դեպքն ուսումնասիրելուց հետո մեզ հավելյալ պարզաբանումներ կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել