Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ

Հուլիս 15,2010 00:00

2010 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցված 263 արտակարգ պատահարներից 75-ը՝ տեխնածին, 84-ը՝ տարերային, 104-ը՝ սոցիալ-կենցաղային են: Արտակարգ դեպքերի, պատահարների արդյունքում տուժել են՝ 148, հիվանդանոց տեղափոխվել՝ 114, զոհվել՝ 34 մարդ: Ընդհանուր նյութական վնասի չափը 655,870 միլիոն դրամ է: 2009 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ դեպքերը աճել են 33-ով: Տարերային պատահարները աճել են 37-ով, սոցիալ-կենցաղայինները՝ 15-ով, 19-ով նվազել են տեխնածին բնույթի դեպքերը: Տուժածների քանակը աճել է 25-ով, զոհերինը՝ 6-ով, հիվանդանոց տեղափոխվածներինը՝ 22-ով: 413,311 միլիոնով աճել է արտակարգ դեպքերի հետեւանքով առաջացած նյութական վնասի չափը:
Փրկարար ծառայությունը 401 այց է կատարել, որոնցից մեկի ժամանակ ջրային տարածքում ինքնասպանության փորձ է կանխել, 8 դեպքում կենցաղային օգնություն է ցույց տվել: Մարզում գրանցվել է տարերային բնույթի 84 արտակարգ պատահար. 45 երկրաշարժ, 2 ձնաբուք, 4 ուժեղ քամի, 8 գետի ջրի մակարդակի բարձրացում, 4 քարաթափում, 5 սողանք, 5 փլուզում, 7 կարկուտ, 3 հորդառատ անձրեւ եւ սելավ, 1 գրունտային ջրերի ներթափանցում: Նյութական վնասը կազմել է 642,628 միլիոն դրամ՝ անցած տարվա առաջին կեսի 235,896 միլիոնի փոխարեն:
Այս տվյալները ներկայացնելուց հետո Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հրաչիկ Անտոնյանը ասաց, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը բազում խնդիրներ ունի. Ստեփանավանի հրշեջ ծառայությունը տնակներում է, գյուղերում հրդեհաշիջման համար հիդրանտներ չկան, մեքենաները մաշվել են բարոյապես եւ ֆիզիկապես…«Առաջնայինը, սակայն, քաղաքացիների անտարբերությունն ու անզգուշությունն է շրջապատի հանդեպ»,- ասաց գնդապետ Հրաչիկ Անտոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել