Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հուլիս 20,2010 00:00

«ՀՄՀ-Հայաստանում» Արմավիրի մարզպետի ոչ բոլոր դժգոհություններն են ընդունում

\"\"\"\"
Հաստատ Աշոտ Ղահրամանյանը դեմքով գիտի Արա Հովսեփյանին, ենթադրելի է, որ ձայնով՝ ոչ:

Հուլիսի 14-ին տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Ըստ մարզպետարանի, սա տեսնելուց հետո մարզպետը զրուցել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ, ներկայացրել իր դժգոհությունը: Լուրը ուշագրավ է այնքանով, որ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ խորհրդի կազմում են հինգ նախարար (տարածքային կառավարման, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության) եւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը:
Արմավիրի մարզի Հովտամեջ, Գեղակերտ, Հայթաղ, Ծաղկալանջ, Արագած, Դողս, Ծիածան  համայնքների ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին, ավարտվելու են տարեվերջին, ծախսվելու է 490 միլիոն դրամ: Մարզպետի այցի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ Աշոտ Ղահրամանյանը իր օգնականի միջոցով փոխանցեց, որ դիմենք «Խոյ» ջրամատակարար կազմակերպությանը (ջրօգտագործողների ընկերությանը), որի սպասարկման տիրույթում են վերը նշված գյուղերը: «Խոյի» նախագահ Սեյրան Սարգսյանն ասաց, թե փորձել են այնպես անել, որ գյուղատնտեսական սեզոնի հետ մեկնարկող շինարարական աշխատանքները չխոչընդոտեն գյուղաշխատանքներին. «Խոյը» ստեղծել է ներտնտեսային ժամանակավոր համակարգ, որպեսզի հողագործին ապահովի ոռոգման ջրով: «Ճիշտ է, ժամկետը դեկտեմբերին է լրանում, բայց  ամառվա տաք ու երկար օրերը թողած՝ չենք կարող նստել ու նայել, թե երբ շինարարները կբարեհաճեն կատարել իրենց պարտականությունները: Եթե մտածում են, որ մինչեւ տարեվերջ դեռ ժամանակ ունեն՝ չարաչար սխալվում են. աշնան ու ձմռան օրերին ապավինելը միամտություն կլինի, որովհետեւ եղանակի պատճառով  աշխատանքներն ամեն պահի կարող են անորոշ ժամկետներով կանգ առնել: Իսկ մենք, որպեսզի կարողանանք շինարությանը զուգընթաց  նաեւ գյուղացուն ջրով ապահովել, լրացուցիչ ծախսեր ենք արել, մեծ դժվարություններով առուներ փորել եւ ստորին Հրազդանից ջուր հասցրել հողագործին: Բայց ի՞նչ է ստացվում. շինաշխատանքներն արագացնելու, լրացուցիչ խնդիրներ չստեղծելու փոխարեն՝ շինարարներն այնքան դանդաղ են աշխատում, ասես՝ ամառն անվերջ է»,- «Առավոտին» ասաց «Խոյի» նախագահ Սեյրան Սարգսյանը:
Մարզպետի դժգոհության վերաբերյալ մանրամասներ ստանալու ակնկալիքով հարցում ուղարկեցինք նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ին: Ի պատասխան՝ տեղեկացանք, որ նախ «մարզպետ Աշոտ Ղահրամանյանի այցելությանը՝ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, շինարարության վերահսկող կազմակերպության կամ կապալառու շինարարի ներկայացուցիչները հրավիրված չեն եղել եւ այդպիսով հնարավորություն չեն ունեցել տեղում տեղեկանալ մարզպետի դժգոհություններին եւ տալ պարզաբանումներ: Շրջայց կատարելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հեռախոսազրույց է ունեցել ոչ թե «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի, այլ ոռոգման ծրագրի ղեկավար Տիգրան Քալանթարյանի հետ»: Հիշեցնենք, որ մենք մարզպետարանի տարածած պաշտոնական տեղեկության վրա հենվելով էինք գրել, թե Աշոտ Ղահրամանյանը հեռախոսով զրուցել է Արա Հովսեփյանի հետ:
Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, «Արմավիրի մարզպետարանից «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը որեւէ պաշտոնական հարցում կամ գրություն չի ստացել իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ մարզպետի ունեցած դժգոհությունների մասին: Տիգրան Քալանթարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արմավիրի մարզպետը բարձրացրել է երկու հարց՝ Ռանչպար-2 պոմպակայանի եւ Դողս համայնքի ներտնտեսային ոռոգման ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին»:
Ռանչպար-2 պոմպակայանում «մարզպետի դժգոհությունն է առաջացրել այն հանգամանքը, որ պոմպակայանի ջրընդունիչ ավազանից մի փոքր հեռու նկատվել է 1-2 մետրանոց ջրափոս եւ ենթադրվել, որ դրա գոյացման պատճառը ավազանից եղած արտահոսքն է: Ավազանը ներսի կողմից նորոգվել է գարնան ամիսներին՝ դատարկ ժամանակ, իսկ արտահոսքը, ամենայն հավանականությամբ, առաջացել է ոռոգման ջուրը բաց թողնելուց հետո: Նորոգման ընթացքում կապալառուն, ջրի բացակայության պայմաններում, վերացրել էր տեսանելի, ակնհայտ ճեղքվածքների հատվածները: Այլ աշխատանքներ նախատեսվում էին իրականացնել ոռոգման ջուրը բաց թողնելուց, փաստացի իրավիճակն արձանագրելուց եւ լրացուցիչ խնդիրները ֆիքսելուց հետո: Հաշվի առնելով, որ  պոմպակայանի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են, նմանատիպ խնդիրները կուսումնասիրվեն եւ կվերացվեն մինչեւ պոմպակայանի աշխատանքների ավարտը, ինչպես եւ նախատեսվում էր աշխատանքային պլանով»:
Իսկ Դողսի ներտնտեսային ոռոգման ջրանցքի վերականգման հարցում «մարզպետի դժգոհությունն է առաջացրել այն հանգամանքը, որ «ՀՄՀ-Հայաստանի» կողմից հաշվի չեն առնվել Դողս համայնքի կողմից բարձրացված որոշ առաջարկներ: Տեղեկացնում ենք, որ  նախագծման փուլից մինչեւ հիմա Դողսի համայնքապետարանի կողմից առաջ քաշված բազմաթիվ առաջարկներ հաշվի են առնվել ջրանցքի կառուցման ժամանակ, ինչի վկայությունն է առկա գրավոր նամակագրությունը Դողսի համայնքապետարանի եւ «ՀՄՀ-Հայաստանի» միջեւ: Նոր առաջարկներ լինելու եւ դրանք պատշաճ ձեւակերպելու դեպքում դրանք եւս կքննարկվեն ՀՄՀ-Հայաստանի մասնագետների կողմից»:
Շինարարական աշխատանքների ոչ արագ տեպի մասին էլ «ՀՄՀ-Հայաստանից» պարզաբանում են, որ «դրանց դանդաղումը պայմանավորված է որակին պատշաճ հետեւելու եւ դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու «ՀՄՀ-Հայաստանի» որդեգրած սկզբունքով»:
Նախքան մեզ պարզաբանումներ տալը, մարզպետի դժգոհությունը լսելուզ հետո «ՀՄՀ-Հայաստանը» հանդիպում նախաձեռնեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ շինարարության վերահսկող կազմակերպության եւ մարզպետարանի ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզպետի կողմից բարձրացված հարցերը՝ կապված Ռանչպար-2 պոմպակայանի եւ Դողսի ներտնտեսային ցանցի վերականգնման ընթացքի հետ: «ՀՄՀ-Հայաստանի» մասնագետների կողմից տրվեցին պատշաճ պարզաբանումներ, որոնք ընդունվեցին հանդիպմանը ներկա շահագործող եւ մարզային կառույցների ներկայացուցիչների կողմից»:
«ՀՄՀ-Հայաստանը» տեղեկացնում է նաեւ, որ այլ մարզերից նմանատիպ դժգոհություններ չեն ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել