Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ

Հուլիս 20,2010 00:00

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում թափուր տեղեր են առաջացել

\"\"

Միասնական քննությունների ավարտից հետո արվեստի բուհերում մեկնարկեցին մասնագիտական քննությունները: Օրերս «Առավոտը» այցելեց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա: Այստեղ դիմորդները քննություն էին հանձնում գունանկար, գծանկար, քանդակ, կերպարվեստի պատմություն եւ տեսություն ու այլ մասնագիտական առարկաներից: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանը «Առավոտին» փոխանցեց. «Ունենք 185 դիմորդ՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստ, դիզայն, մոդելավորում, արվեստի տեսություն, համակարգչային գրաֆիկա մասնագիտությունների գծով: Այս տարի մեր դիմորդների թիվը 50-ով նվազել է: Օրինակ՝ արվեստի տեսության բաժնում ունենք թափուր տեղեր: Բայց կան մոդայիկ մասնագիտություններ՝ դիզայնը, մոդելավորումը, համակարգչային գրաֆիկան, որտեղ մրցույթը բարձր է: Բնական է, որ մասնագիտություն ընտրելիս դիմորդները պատկերացնում են իրենց հեռանկարը: Ընտրում են համակարգչային մասնագիտություններ, քանի որ գիտեն՝ հետո աշխատանք կգտնեն: Իսկ դասական արվեստի պարագայում գումար վաստակելը բարդ է, ժամանակին մշակույթի նախարարությունը, Նկարիչների միությունը նկարիչներից նկարներ էր գնում: Հիմա նման բան չկա: Ամեն ինչ արվեստագետի ուսերին է»: Գունանկարի հանձնաժողովի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Գրիգորյանն էլ խոսեց գնահատման ժամանակ հանձնաժողովի մոտեցումների մասին. «Գեղանկարչության բաժին ընդունվելու համար դիմորդները հանձնում են գծանկար, գունանկար եւ կոմպոզիցիա առարկաներից քննություն: Այս առարկաներից հիմնականում առաջնահերթությունը տալիս ենք կոմպոզիցիային, քանի որ այն հիմնված է ուսանողի երեւակայության վրա: Գծանկարի պարագայում դիմորդը մերկ ֆիգուրան պիտի կարողանա տեղադրել թղթի վրա՝ իր ֆորմատով, համաչափությունը տեղը դնի, անատոմիական բոլոր ատրիբուտները ուսումնասիրած լինի…»: Նկատենք, որ դժվար գործ է նաեւ գեղեցիկ բնորդ գտնելը. մասնագետներն ասացին՝ ժամանակին ռուս գեղեցիկ կանայք համաձայնում էին, բայց այժմ՝ ոչ: Ի դեպ, բնորդի աշխատավարձը մեկ դասի համար ընդամենը 500 դրամ է: Քանդակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց. «Քանդակի բաժին ընդունվող դիմորդների թիվն այս տարի աճել է, բայց հատկացված է 7 վճարովի, 4 անվճար տեղ: Գնահատելիս ուշադրություն ենք դարձնում՝ արդյոք դիմորդը կարողանո՞ւմ է ֆիգուրան կառուցել, ծավալ ստանալ, արտահայտել բնավորություն, ծավալները, շտրիխները տեղին անել: Այս տարվա դիմորդների մակարդակը նախորդ տարվա պես միջինի շրջանում է»: Մեր այն հարցին՝ ինչի՞ց են դիմորդները ամենաշատը դժվարանում՝ հանձնաժողովի անդամ, քանդակագործ, պրոֆեսոր Գարեգին Դավթյանը պատասխանեց. «Բնորդին չիմանալուց… Միջին հնարավորության տեր դիմորդը, որ գոնե բնորդ նկարելու հետ կապված թեթեւ գիտելիք ունենա, 200-300 ժամ պիտի նկարի մասնագետի հսկողության տակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել