Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ.«ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ»

Հուլիս 20,2010 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 50,8 կգ քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը շաբաթ օրը Գերմանիայի Շվերին քաղաքում մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մենամարտում պահպանեց գոտիները:

\"\"

Հանդիսատեսը սովոր է, որ «Մարդասպան թագուհին» մրցակիցներին հաղթում է կամ նոկաուտով, կամ միավորների շոշափելի առավելությամբ: Սակայն այս անգամ պայքարն անսպասելի հանգուցալուծում ստացավ: Երրորդ ռաունդի սկզբում երկուստեք գրոհի պահին Մուչինոն եւ Սյուզին գլխով բախվեցին եւ Սյուզիի մոտ ուժեղ արյունահոսություն սկսվեց: Իսկ երբ հայտարարված հարկադիր դադարի մի քանի րոպեներին բժիշկները չկարողացան այն կանգնեցնել, որոշվեց մարտը չշարունակել եւ մրցավարները գրանցեցին տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում էր, որ Սյուզի Կենտիկյանը պահպանում է տիտղոսները:
Բռնցքամարտում նման, թեկուզեւ չկանխամտածված բախումներ ու մրցավարական նույնատիպ որոշումներ հաճախակի են լինում: Բայց, որքան տեղյակ ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով, եթե այդ պահին մրցակիցներից որեւէ մեկի գլուխը ծնկից առաջ է, դա գնահատվում է որպես կանոնների խախտում եւ տվյալ բռնցքամարտիկը որակազրկվում է: Մարտի տեսագրությունը մի քանի անգամ դիտելով այնպիսի տպավորություն կար, որ Մուչինոն հենց այդ դիրքում էր գտնվում: Բայց սա ընդամենը մեր տպավորությունն է եւ մրցավարների այդ որոշման արդարացիությունը կասկածի տակ դնել չենք ցանկանում: Դա մասնագետների խնդիրն է: Բայց հետաքրքրող մի հարցի չանդրադառնալ չենք կարող: Մեքսիկացին ռինգ էր մտել հյուսքեր արած մազերով, որոնք կապված էին ինչ-որ գունավոր բաներով: Չգիտենք, այդպես ռինգ մտնել թույլատրվո՞ւմ է, դրանք սովորական ժապավեննե՞ր էին, թե՞ այլ՝ կոշտ նյութերից պատրաստված վարսակալներ, որոնց վրա ռինգի մրցավարն ուշադրություն չդարձրեց: Բայց եթե անգամ փափուկ կտորից ժապավեններ էին, դրանք հանգուցված վիճակում կոշտանում են ու նման բախումների ժամանակ կարող են պատռել մրցակցի դեմքը, ինչը եւ եղավ: Ավելին, հետո իմացանք, որ բախումից վնասվել էր նաեւ մեքսիկուհու գլուխը, սակայն արյունը հոսել էր մազերի մեջ ու չէր երեւացել:
Այսպիսի ավարտի մտավախություն ունեցանք արդեն առաջին ռաունդից սկսած, քանի որ Մուչինոն հաճախակի էր գլուխն առաջ պարզած գրոհի նետվում: Եվ, ցավոք, մեր այդ մտավախությունը անհիմն դուրս չեկավ:
Ինքը՝ Սյուզին, մարտից անմիջապես հետո, երբ ի նշան սահմանված կարգի բարձրացվեց նրա ձեռքը, հեռուստաէկրանին այնքան էլ ուրախ տեսք չուներ (պարզ էր, որ դժգոհ էր ոչ-ոքիից) եւ, դիմելով հայ երկրպագուներին, մայրենի լեզվով ասաց. «Կներեք, որ այս անգամ այսպես ստացվեց»:
Ավելի ուշ լրատվամիջոցները մարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսից մեջբերեցին հետեւյալ խոսքերը:
Մոգամեդ Շաբուրով: Սյուզիի մարզիչ: «Մենք լավ էինք պատրաստվել: Առաջին ռաունդը մի տեսակ քնած անցավ, բայց երկրորդից երեւաց, որ Սյուզին ավելի լավ է մենամարտում եւ առավելություն ունի: Վստահ եմ, որ եւս մի քանի ռաունդից այդ առավելությունն ավելի ակնհայտ կերեւար բոլորին»:
Արելի Մուչինո: «Շատ ցավալի է, որ մարտն այսպիսի ավարտ ունեցավ: Ես Սյուզիին չեմ մեղադրում: Նա մեծ չեմպիոն է: Հույս ունեմ, որ ռեւանշ մրցամարտ կկայանա եւ ես ցույց կտամ իմ բոլոր հնարավորությունները»:
Սյուզի Կենտիկյան: «Բախումից անմիջապես հետո զգացի, որ ծանր արնահոսում եմ: Ցավում եմ, որ այսպես ստացվեց, այն էլ՝ շատ արագ: Ցավում եմ երկրպագուներիս համար: Մարտին պատրաստվում ես այնպես, որ մարզասերը մի բան տեսնի: Բայց բռնցքամարտում, ցավոք, այդպիսի բաներ լինում են: Կուզեի կրկին հանդիպել Ռաոուիի կամ Արելիի հետ: Կամ էլ թող նրանք միմյանց միջեւ որոշեն հաղթողին ու ելնեն իմ դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել