Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամո՞ւն ենք օգուտ տալիս

Հուլիս 21,2010 00:00 Share

\"\"Հանցագործություն. ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնորոշեց Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու՝ պատկան մարմինների քայլը: Հիշեցնենք, որ օրերս խնդրի առնչությամբ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների բնակիչները որպես բողոքի նշան 4 ժամ փակ էին պահել Երեւան-Մարտունի ճանապարհը: ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը, Գավառի տեղեկատվական-բնապահպանական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը իրենց մտահոգությունն էին հայտնում, որ Արգիճի գետի հունը փոխելու եւ ջուրը Վայոց ձոր ուղղելու դեպքում 30 հազար բնակիչ եւ 6500 հա ոռոգելի տարածք մնալու է առանց ջրի, դրանից զատ, վտանգ է սպառնալու որոշ ձկնատեսակների՝ հատկապես իշխանին, որովհետեւ Գայլաձորը միակ վտակն է, որտեղ իշխանը ձվադրում է, իսկ սա բերելու է «արտագաղթի»: Չնայած ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից հնչող հայտարարություններին, թե ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կասեցված են, բանախոսների փոխանցմամբ՝ Վայոց ձորի մարզում շինարարությունը մեծ թափով շարունակվում է, իսկ Գեղարքունիքում այն արդեն ավարտված է: Ըստ Գ. Թադեւոսյանի, այս քայլով կոպտորեն խախտվում է «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ջրային օրենսգիրքը, ինչպես նաեւ «Անապատացման դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է. «ՀԷԿ-եր կառուցելու եւ ջուրը խողովակներով Վայոց ձոր տանելու փոխարեն, մաքրիչ, զտիչ կայաններ կառուցեք, որ Սեւանի մեջ կեղտաջրեր չլցվեն: Սեւանը մեր միակ ազգային հարստությունն է եւ այն պետք է պահպանել ոչ թե որպես ջրամբար, այլ նախեւառաջ խմելու ջրի աղբյուր»: Գ. Թադեւոսյանը մի շարք հարցեր է ուղղում՝ ինչո՞ւ խնդրին չի «խառնվում» նախագահի աշխատակազմին կից Սեւանի հարցերով հանձնաժողովը, ինչո՞ւ է լռում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ նախագահին չեն զեկուցում ՀԷԿ-ի կառուցման եւ դրա՝ հետագայում ի հայտ եկող վատ հետեւանքների մասին: Ինչո՞ւ է ստեղծվել Սեւանի հարցերով հանձնաժողովը, եթե այն չպիտի հետեւողականություն ցուցաբերի Արգիճիում ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով բազմաթիվ ձկնատեսակների վերացման հարցին. «2001-2010թթ. կառավարությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, ոչ մի քայլ չի ձեռնարկել, որպեսզի 30 տարվա համալիր ծրագրից գոնե մի կետ կատարվի: Ո՞վ է թերացել, որ 2800 հա անտառից 870 հա-ը ջրի մեջ է, ինչո՞ւ ժամանակին անտառը չի մաքրվել»:

Ք. Հովհաննիսյանը կարծում է. «Մենք էներգիայի պակաս չունենք, մենք ունենք մարդկային ռեսուրսի, ջրային ու հողային ռեսուրսների դեֆիցիտ, եթե փակենք Արգիճիի ճանապարհը դեպի Սեւան, ունենալու ենք անապատացման խնդիր: Երբեք չի կարելի կշեռքի նժարին դնել Սեւանը եւ մի քանիսի շահերը»:

Լ. Ասոյանը հայտնեց, որ խնդրի լուծման ակնկալիքով հունիսի 13-ին նամակով դիմել են ՀՀ նախագահին, սակայն պատասխան չեն ստացել. «Ստացվում է, որ մենք այսքան ջուր ենք բերում Արփա-Սեւանով ու հեշտությամբ նույն ջուրն ուղղում Արփա, այսինքն՝ Ադրբեջան, թշնամուն օգուտ ենք տալիս, բայց մեր ժողովրդին թողնում ենք, որ իրենց հողը թողնեն, օտար երկիր գնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել