Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը զարմացած է

Հուլիս 21,2010 00:00

«Մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում, մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են դրանք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների օրենքների փաթեթի վերաբերյալ: Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ աշխատավարձից 5% հատկացումը, եւս 5% պետության կողմից, կենսաթոշակային տարիքում թոշակ կապահովի աշխատավարձի 25%-ի չափով։ Նրա կարծիքով՝ կենսաթոշակի չափը պետք է հստակ փոխկապակցել միջին աշխատավարձի հետ, այնպես որ, կենսաթոշակ-աշխատավարձ հարաբերակցությունը չգերազանցի 35 տոկոսը։

Ըստ տնտեսագետի, այն երկրներում, որտեղ կենսաթոշակը գերազանցել է միջին աշխատավարձի 50%-ը, մարդիկ կորցրել են աշխատանքի մոտիվացիան։ Օրինակ, Հունաստանում կենսաթոշակի չափն ավելին է, քան Գերմանիայում, սակայն աշխատավարձը 3 անգամ պակաս է գերմանացու միջին աշխատավարձից։ Ուկրաինայում եւ Ռուսաստանում թոշակները հավասար են, սակայն Ռուսաստանում աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր է։ Այս առումով, ըստ Բագրատյանի, Ռուսաստանն ավելի չափավոր քաղաքականություն է վարում։

Այս փաթեթը Հրանտ Բագրատյանին բավականին զարմացրել է: Նրա խոսքերով՝ օրենքների փաթեթում կարելի է հանդիպել ամեն ինչի, բացի կենսաթոշակների որոշման հիմնական սկզբունքներից. օրինակ՝ ռասայական խտրականության բացառումը, կրոնական համոզմունքների կապ չունենալը կենսաթոշակի հետ եւ այլն։

Նշենք, որ կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանը կանցնի 2014 թ. հունվարի 1-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել