Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԵՐ Է, ՈՐ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆ

Հուլիս 21,2010 00:00

\"\"Տարածքային կառավարման փոխնախարարը մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն չունի

Հայաստանի որոշ համայնքներում, ըստ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի, աշխատավարձի գծով պարտքերը գերազանցել են համայնքային բյուջեի ծավալները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2010-ի առաջին կիսամյակը, պարոն Տերտերյանը նշեց, որ համայնքների՝ աշխատավարձի եւ սոցիալական վճարների գծով 1996-2007թթ. կուտակած պարտքը հասել է 2,3 միլիարդ դրամի: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, համայնքներում աշխատավարձի պարտքը կազմել է 843,5 միլիոն դրամ, որի մի մասը հուլիսի 15-ի դրությամբ մարվել է, բայց դրանով պարտքերը չեն պակասել: Միայն այս տարի կուտակվել է 32,866 միլիոն դրամ պարտք:

Փոխնախարարի բնորոշմամբ՝ «այս պարտքերի զգալի մասը թափթփված եւ ոչ պատշաճ աշխատանքի արդյունք է, որովհետեւ բյուջետային ծախսերի առումով նման բան չպետք է լիներ»: Պարտքերի առումով ծանր իրավիճակում են Շիրակը, Գեղարքունիքը, Արագածոտնը, Արմավիրը: Վաչե Տերտերյանը նկատեց, որ պարտքերը փակելու հարցում այս տարի Գեղարքունիքը ամենաակտիվն է եղել, աճի տեմպեր են նկատելի նաեւ Շիրակում. «Չմոռանանք, որ այս մարզերը սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական առումով մյուս մարզերի համեմատ ավելի վատ վիճակում են, ավելի ռիսկային: Բայց, իհարկե, նույն մարզում, նույն ռիսկային գոտում կան հարեւան համայնքներ, որոնցից մեկը ունի կայուն կազմակերպված աշխատակազմ եւ տեղական ինքնակառավարում, մյուս համայնքում նույնը չենք արձանագրում եւ այստեղ ման գալ այլ պատճառներ՝ դժվար է: Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարը եւ ավագանին ներդաշնակ չեն, աշխատունակ չեն»:

Բյուջեի կատարման հարթությունում օրինակելի մարզերից են Կոտայքը, Արարատը, Վայոց ձորը, որոնց վերջին շրջանում փորձում է միանալ նաեւ Շիրակը. «Այստեղ աշխատավարձերի ավանդական պարտքեր չեն կուտակվում»: Պարոն Տերտերյանը նաեւ նշեց, որ կան մի շարք համայնքներ, որոնց եկամտային ունակությունները շատ թույլ են եւ այնտեղ ոչ մի կերպ իրատեսական բյուջե պլանավորել չի լինում: Փոխնախարարի ներկայացմամբ, ՀՀ համայնքների եկամուտները, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, նախատեսված 11,2 միլիարդ դրամի փոխարեն կազմել են 9,7 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25% աճ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 81,2%-ով, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 11,3%-ով: Մեր համայնքները լավ ցուցանիշներ են արձանագրել նաեւ գույքահարկի հավաքագրման հարցում՝ 90,3% կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 33,8%-ով: Գույքի վարձակալությունից եկամուտների հավաքագրումը իրականացվել է 78,2%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշից 21,5%-ով ավելի:

Արարատի եւ Շիրակի մարզպետների անսպասելի փոփոխությունների մասին էլ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը ասաց. «Քաղաքական որոշում էր եւ ոչ թե վատ գործունեության պատճառ»: Պարոն Տերտերյանը չգիտեր, թե առաջիկայում նման փոփոխություններ էլի կլինե՞ն, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել