Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնել ճիշտ հավասարակշռությունը

Հուլիս 21,2010 00:00

Սա է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խորհուրդը՝ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ կողմ արտահայտվողներին:

\"\"Հուլիսի 19-ից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Սա դեսպանի 2-րդ այցն էր Սյունիք:

Առաջին օրը դեսպանը այցելեց Մեղրու սահմանային անցակետ, ծանոթացավ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին, որոնց իրականացման համար ամերիկյան կողմը 400 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ է նվիրել անցակետին, նաեւ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում մաքսային ծառայության, սահմանապահ ուժերի եւ այն կառույցների համար, որոնք զբաղվում են Հայաստանի սահմանների անվտանգության ապահովմամբ: Սահմանային անցակետի վիճակին ծանոթանալուց բացի, ԱՄՆ դեսպանը հանդիպումներ ունեցավ Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի հետ եւ տեղեկացավ տվյալ բնակավայրերում տիրող իրավիճակին: Կապանում Մարի Յովանովիչը հանդիպեց քաղաքապետին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Խաղաղության կորպուսի կամավորներին, այցելեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերություն: Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման մասին «Առավոտի» հարցին դեսպան Յովանովիչը տվեց չեզոք եւ ոչ կոնկրետ պատասխան: «ուրանի խնդրին այս հանդիպումների ժամանակ մի քանի անգամ անդրադարձ է եղել: Սա կարեւոր խնդիր է: Մի կողմից աշխատատեղեր են ստեղծվում, տնտեսական խնդիր է լուծվում, մյուս կողմից անվտանգության հարցերն են՝ հասարակության առողջության եւ բնապահպանական: Ցանկացած հասարակություն, ցանկացած երկիր պետք է կարողանա այս երկուսի միջեւ հավասարակշռությունը գտնել: Ակնհայտորեն ուրանը ինչ-որ նպատակների համար անհրաժեշտ է, մյուս կողմից անհրաժեշտ է, որ ուրանի արդյունահանումը անվտանգ, ապահով կերպով իրականացվի: Ես ինքս այս հարցում փորձագետ չեմ եւ չեմ կարող ասել, թե Սյունիքում այդ հարցի լուծման ճիշտ ուղին որը կլինի: Բայց հուսադրող է, որ խնդրի վերաբերյալ հասարակական բանավեճ է ծավալվել: Կարեւոր է, որ փաստեր ներկայացվեն, դրանք հասարակական քննարկումներում վերլուծվեն, եւ ինչ լուծում էլ որ ընդունվի՝ հիմնված լինի փաստերի եւ գնահատումների վրա, բոլոր նկատառումները հաշվի առնվեն: ԱՄՆ-ում մենք ունենք գերատեսչություններ, որոնք կարգավորում են հանքարդյունահանման ոլորտը, ինչպես այստեղ եւ այլ երկրներում: Այդ գերատեսչությունները կարգավորում են համապատասխան դաշտը` ապահովելով դրանց հավասարակշռությունը, երբեմն դա հնարավոր է լինում ճիշտ ապահովել, երբեմն չի ստացվում: Միացյալ Նահանգներում ձախողման վերջին դեպքը Մեքսիկական ծոցում նավթի եւ գազի արտահոսքի դեպքն էր: Պետք է քաջ գիտակցեն, եթե սխալ է թույլ տրվում, ապա տասնամյակներ, միգուցե հարյուրամյակներ կպահանջվեն, որպեսզի այդ սխալը շտկվի, ինչպիսին Մեքսիկական ծոցի արտահոսքի դեպքում էր»,- ասաց Մարի Յովանովիչը:

Տիկին Յովանովիչը նշեց նաեւ, որ նկատելի տարբերություն կա իր մեկ տարի առաջ կատարած այցից հետո: «Նախորդ այցի ժամանակ, տնտեսական ճգնաժամի հետեւանքով, որոշ հանքավայրերի գործունեությունը դադարեցված էր, հիմա աշխատում են: Սրա դրական հետեւանքները դեռ նոր պիտի զգացվեն քաղաքի կյանքում»,- ասաց դեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել