Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐՇՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հուլիս 21,2010 00:00

\"\"Եվ համարյա առանց տղա դիմորդների

Երեկ կայացավ ապագա լրագրողների համար նախատեսված ստեղծագործական մրցույթ-քննությունը: Ստեղծագործական մրցույթի հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով, արդյունքները գոհացուցիչ չեն. «Քննություններին առաջին օրը մասնակցել է 81 դիմորդ, որոնցից 19-ը անբավարար է ստացել, իսկ առավելագույն գնահատականը 15-ն է եղել: Քննության երկրորդ օրը մասնակից 21 դիմորդից 12-ը ստացել է անբավարար: Այսօրվա քննությանը մասնակցում է 23 դիմորդ, որից 4-ը «բացակա» է»:

Ստեղծագործական մրցույթի համար դիմորդներին հանձնարարված էր 6 թեմա՝ ըստ ցանկության. «Նամակ օտարերկրացի հասակակցիս», «Զոհված ազատամարտիկի հուշաքարի մոտ», «Երբ իջնում է երեկոն», «Երբ թերթում եմ օրվա մամուլը», «Իմ սիրած արվեստագետը» եւ «Իրական հերոսներ»:

Գնահատելով ընդհանուր ստեղծագործական մրցույթը, հանձնաժողովի նախագահն ասաց. «Տպավորություն ունեմ, թե աշխատանքները գրող բոլոր երեխաները ծնվել եւ մեծացել են նույն ընտանիքում, սովորել նույն դպրոցում՝ նույն ուսուցիչների մոտ, ունեն նույն մտածողությունը, ասելիքը շարադրելու նույն հնարանքները: Ցավալին այն է, որ սերունդը հերոսական պատմական ժամանակի զգացողությունը չունի… Անցած անգամ դիմորդներից մեկը գրել էր՝ «իմ հոգին հիվանդ է»: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց. ինչո՞ւ չես կողքը գրում՝ հոգեբանի կամ հոգեբույժի կարիք ունեմ: Մյուսը գրել էր՝ «Օ՜, իմ դառը ճակատագիր, ես որոշել էի ինքնասպան լինել»: Մեկ ուրիշն էլ, թե՝ «ես ուզում էի վերջ տալ իմ կյանքին…»: Զարմանալի է, կարդում ու չես հավատում, որ դա գրել է 16 տարեկան պատանին կամ աղջիկը»:

Լրագրողական դաշտի եւ ապագա լրագրողների հեռանկարների մասին էլ Ն. Մարտիրոսյանը նշեց. «Դաշտ մտնելու են լավագույնները: Ընտրվելու են լավագույն աշխատանքների հեղինակները: Լուրջ մրցակցություն է լինելու: Եթե նման մռայլ գույներով ներկայացնում եմ իրավիճակը, դա չի նշանակում, որ միջիններին ենք ընտրելու»:

Համեմատելով անցյալ տարվա արդյունքների հետ, մեր զրուցակիցը նշեց. «Պատկերը համարյա նույնն է: Անցյալ տարի քննություն հանձնող 141 դիմորդից 40-ն անբավարար էր ստացել: Բարձր գնահատականներ չկային: 141-ից միայն 65-ն ընդունվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ»:

Նշենք, որ քննության 23 մասնակցից միայն 2-ն էր տղա: Ըստ Ն. Մարտիրոսյանի, տղաների պակասը պայմանավորված է մասնագիտության ոչ շահավետ լինելով. «Շատերի համար սա ընտանիք պահելու հարմար մասնագիտություն չէ, դա է պատճառը, որ տղա դիմորդները քիչ են: Աղջիկների համար էլ ժուռնալիստիկան մոդայիկ, գայթակղիչ մասնագիտություն է: Երբեմն որոշ երիտասարդ աղջիկներ շփոթության մեջ են՝ կարծում են, թե մեքենաներ գովազդելը կամ հիթ-շքերթ վարելը եւս լրագրություն է»:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանից, որը նույնպես ներկա էր քննությանը, «Առավոտը» հետաքրքրվեց՝ սիրո՞ւմ է արդյոք լրագրողներին: «Պետք է մարդասեր լինել ընդհանրապես, լրագրողների հանդեպ՝ մասնավորապես: Երբեմն հիասթափությունս շատ մեծ է լինում, երբ արտահայտած միտքը աղավաղված է ներկայացվում»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել