Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ նորից՝ կլոր սեղանի կոչ

Հուլիս 24,2010 00:00

«Ժառանգության» վարչության նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը, որն այժմ ՀԱԿ-ին անդամակցող «Ժողովրդի իշխանություն» կազմակերպության հիմնադիրներից է, անընդունելի էր համարել «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե հնարավոր է համազգային որոշ խնդիրների շուրջ համագործակցությունն իշխանությունների հետ: Զոյա Թադեւոսյանն ասել էր. «Ջրբաժանը հենց դա էր, որ ի վերջո հրապարակային արտահայտվեց այն միտքը, թե կարելի է համագործակցել գործող իշխանությունների հետ որոշակի սկզբունքների, նպատակների շուրջ»: Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում «Առավոտը» խնդրեց պրն Հովհաննիսյանին անդրադառնալ այդ տեսակետին, թե իրական ընդդիմությունը չպիտի եւ ոչ մի հարցում համագործակցի իշխանության հետ: «Մենք ամենատարբեր չափումներով քննադատության արժանի ենք եւ շնորհակալություն ենք հայտնում կառուցողական քննադատությունների համար: Բայց վերջին շրջանում շատ պարզ է, որ անձնավորված, հատվածապաշտ օրակարգ հետապնդող ստեր, կեղծիքներ եւ այլ տեսակի բանսարկություններ են տեղում ամենատարբեր անկյուններից»,- նախ ասաց նա: Հետո եւս մեկ անգամ վերահաստատեց, թե ինքը դասական՝ նախընտրական իմաստով, բացառել է ցանկացած համագործակցություն իշխանության հետ, եւ ասվածը վերաբերել է միայն համապետական, համազգային խնդիրների շուրջ երկխոսությանը: Ըստ «Ժառանգության» վարչության նախագահի՝ «պարզապես երեսպաշտություն է» իր այս հայտարարությունը «ոչ ընդդիմադիր կեցվածք» գնահատելը. «Եվ ասեմ, որ նաեւ ՀԱԿ-ի ղեկավարությունը մերթընդմերթ խոսել է համաձայնության կառավարության, կոնսենսուսային մոտեցումների մասին»:
Անդրադառնալով արդեն ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցին՝ նա ասաց. «Հավատացած եմ, որ համագործակցությունը մեր քաղաքական եւ հասարակական ուժերի միջեւ պետք է լինի առանց նախապայմանների»: ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առնչությամբ պրն Հովհաննիսյանի տեսակետն էր. «Համաձայն չեմ բովանդակության առումով այդ մոտեցումներին եւ համաձայն չեմ եղել երկա՜ր-երկա՜ր տարիներ: Բայց դա չի նշանակում, որ դրանից բխում է ՀԱԿ-ի կամ քաղաքական որեւէ այլ միավորի հետ համագործակցության անհնարինությունը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ «Ժառանգությունն» առաջիկայում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալելու, որ ոչ միայն «վերաներկայանա հասարակությանը, այլեւ որպեսզի մենք վերագտնենք կամուրջները՝ քաղաքական եւ քաղաքացիական հատվածի միջեւ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կլոր սեղանի շուրջ հրավիրեց ընդդիմադիր բոլոր ուժերին՝ քննարկելու Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգին վերաբերող խնդիրներն ու իրենց պատկերացումները. «Ժառանգությունը» հետայսու կոչ է անում կլոր սեղանի թե՛ հասարակության, թե՛ ընդդիմադիր ուժերի հետ՝ ճշգրտելու այդ օրակարգերը»: Եվ հավելեց իր կարծիքը. «Ժառանգությունը» չի մտնելու որեւէ դաշինքի մեջ՝ առանց նախապես ամեն ինչ ճշգրտելու. թե՛ մասնակցության մեթոդիկան, թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների օրակարգը»: Ընդ որում՝ «ելնելով անցած դառը փորձից», մտադիր չեն այս անգամ էլ ամեն ինչ թողնել վերջին պահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել