Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ԷԼ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ

Հուլիս 24,2010 00:00

\"\"Այսօրվա դրությամբ Հայաստանն օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերի 14 վարկանիշ ունի եւ, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը, այդ թիվը դեռ կարող է ավելանալ:

Մեր պատանի մարզիկների մի մասը մասնակցության իրավունք նվաճել է վարկանիշային մրցումներում ցույց տված բարձր արդյունքներով, իսկ մյուսներին Սինգապուրում հանդես գալու քարտ տրամադրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:
Առաջին (թիմային) վարկանիշը մեր երկրին բերել է ծանրամարտի ֆեդերացիան, որն այս մարզաձեւում մրցավայր առավելագույն թվով՝ երկու, մասնակից գործուղելու իրավունք է ձեռք բերել: Դրանից հետո ընկած ժամանակահատվածում ֆեդերացիան կանգնած է եղել դժվար լուծելի մի խնդրի առջեւ. ո՞ւմ վստահել մեր մարզական դրոշի պատիվը պաշտպանելու պատասխանատվությունը: Այժմ, երբ Խաղերի մեկնարկին արդեն մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, «Առավոտը» ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանից ճշտեց Սինգապուր մեկնող ծանրորդների անունները:
– Պարոն Խաչատրյան, վերջին տարիներին ծանրամարտում հեռանկարային մարզիկների պակաս չի զգացվում: Նրանք լավագույն կողմերով են դրսեւորվում իրենց տարիքային խմբերի ամենաբարձր մակարդակի մրցումներում: Սակայն տարվա գլխավոր մարզական իրադարձությունը պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերն են: Ֆեդերացիան ո՞ւմ է վստահել:
– Իսկապես դժվար կացության մեջ էինք: Բայց, ի վերջո, որոշեցինք, որ Սինգապուր կմեկնեն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ +85 կգ քաշային Գոռ Մինասյանը: Նրանք վերջերս Ծաղկաձորից իջել եւ հիմա մարզումները շարունակում են Աբովյան քաղաքի մարզաբազայում: Հավաքները, նախապատրաստությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպում է մեր օլիմպիական կոմիտեն: Ու փառք Աստծո՝ երկուսն էլ լավ մարզավիճակում են:
– Իսկ ինչո՞ւ հատկապես Սմբատն ու Գոռը, երբ նրանց գրեթե չզիջող ուրիշ ծանրորդներ էլ կան:
– Իսկապես լավ սերունդ ունենք: Մայիսին Իսպանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սմբատը երեք ոսկի նվաճեց, Գոռը, որ հանդես էր գալիս +94 կգ քաշային կարգում, երեք անգամ արժանացավ արծաթե մեդալի, 62 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը պոկումում դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ հրումում եւ երկամարտում՝ չեմպիոն, իսկ Միշա Մուրադյանը (+94 կգ) երկու բրոնզ տուն բերեց հրումում ու երկամարտում: Այս չորս ծանրորդների համար վերջին եւ վճռորոշ փորձամրցումը Հայաստանի գավաթի առաջնությունը եղավ, որտեղ ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին: Ասեմ նաեւ, որ այս ամբողջ ընթացքում Սմբատի եւ Գոռի հետ միասին հավաքներին մասնակցել եւ ամենայն լրջությամբ շարունակում են մասնակցել նաեւ Վլադիկը եւ Միշան:
– Սպորտում այսօր պահանջները շատ խիստ են ու միջազգային մրցումներին մասնակցում են միայն այդ պահի լավագույնները: Դա մյուսներին թեւաթափ չի՞ անում:
– Կազմակերպվում են տարբեր տարիքային խմբերի (հստակ տարանջատումներով) աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, խոշորագույն այլ մրցումներ, որոնք հեղինակությամբ օլիմպիական խաղերին չեն զիջում: Հիմա մեր ծանրորդները, եւ ոչ միայն նրանք, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ դրանց մասնակցելու հնարավորություն ունեն: Այնպես որ, նրանք, ում բախտն այս կամ այն դեպքում չի բերել, միջազգային ասպարեզներում իրենց խոսքն ասելու առիթ ունենում են:
– Սինգապուրում մեդալ նվաճելու հույսեր կա՞ն:
– Հատկապես մեր ծանրորդները հենց այնպես ոչ մի մրցման չեն մեկնում: Հուսով եմ՝ եթե, Աստված մի արասցե, անցանկալի անակնկալներ չլինեն, Սինգապուրում էլ մեդալներից անմասն չենք մնա: Իսկ թե դրանք ի՞նչ ձուլվածքի կլինեն եւ քանի՞ հատ, մրցահարթակը ցույց կտա: Մի բան էլ եմ ուզում ասել՝ արդեն որպես փոխնախարար: Լուրջ սպասելիքներ կան նաեւ բռնցքամարտից եւ ըմբշամարտից: Իսկ, իմ կարծիքով, մեր պատանի մարզիկներից երեքը կամ չորսը մեդալի իրական հավակնորդ են:

Հ. Գ. Սամվել Խաչատրյանի հետ զրուցեցինք նաեւ սեպտեմբերին Անթալիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնության մեր տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների նախապատրաստության, 2012թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկման նոր սկզբունքների մասին: Հարցազրույցի այդ հատվածը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031