Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

Հուլիս 28,2010 00:00

Հասարակական մի շարք գործիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ կապված Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի իրավիճակի հետ: «Հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների՝ մասնակից են եղել աշակերտների նկատմամբ տարաբնույթ բռնություններին կամ տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն հանցավոր անտարբերություն են ցուցաբերել: Լեւոն Ավագյանի գործը վարող Երեւան քաղաքի դատախազության քննիչ Կարեն Բատիկյանի խոսքերից բխում է, որ դպրոցի տնօրենի այժմյա պաշտոնակատար Լիլիթ Բերբերյանը նույնպես մասնակցել է փաստերի կոծկման գործին: Աշխատանքային անձնակազմի որոշ անդամներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, որոնք տարօրինակ են հնչում կատարված ծանր հանցագործությունների ֆոնի վրա: Դրանից ելնելով՝ խիստ մտահոգություն է առաջացնում դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակը շտկելու համար, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հետեւյալ քայլերը՝ ծառայողական քննություն անցկացնել դպրոցում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ, ուսումնասիրություն կատարել անձնակազմի մասնագիտական կարողությունների եւ ունակությունների վերաբերյալ, կատարել քննություն դպրոցում ընտանեկան եւ բարեկամական կապերի արդյունքում շահերի բախման խնդիրների շուրջ եւ կատարել համապատասխան կադրային փոփոխություններ»,- ասվում է նամակում: Նամակի տակ ստորագրել են Արտակ Կիրակոսյանը (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի Հելսինկյան կոմիտե), Վերոնիկա Մելիքյանը (Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ), Մարիամ Սուխուդյանը (Կանաչ շարժման ակտիվիստ) եւ այլոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել