Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճոյախոսություններ՝ կառավարության հասցեին

Հուլիս 28,2010 00:00

Տիգրան Սարգսյանի կառավարությունը սոցհարցման ընթացքում ավելի դրական է գնահատվել, քան նրան նախորդածների՝ նաեւ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունները:

Երեկ ներկայացրել էինք Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) իրականացրած սոցիոլոգիական հետազոտության «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկները» հաշվետվությունից այն տվյալները, որոնք վերաբերում են օտարալեզու դպրոցներին: Սակայն այս հետազոտության մեջ կան նաեւ բազմաթիվ ուշագրավ տվյալներ: Մեջբերենք դրանցից մի քանիսը:

Հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս է փոխվել Ձեր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը՝ հունիսի 24-27-ն անցկացված հարցման մասնակիցների 46,3%-ն ընտրել է՝ «Մնացել է նույնը» տարբերակը, 39,4%-ը պատասխանել է, որ վատացել է, եւ միայն 14,4%-ի վիճակն է լավացել:

«Որո՞նք են Ձեր ընտանիքի առջեւ կանգնած առավել կարեւոր հիմնախնդիրները» հարցին պատասխանի առաջին եւ երկրորդ հորիզոնականները ե՛ւ 2009-ի սեպտեմբերին, ե՛ւ 2010-ի մարտին, եւ այս՝ հունիսի հարցմանը մշտապես զբաղեցրել են «գործազրկություն, աշխատանքի բացակայություն», «աղքատություն, սոցիալական վատ պայմաններ» տարբերակները: Նույն պատկերը նաեւ «Որո՞նք են Հայաստանի առջեւ կանգնած առավել կարեւոր հիմնախնդիրները» հարցման այդ երեք փուլերում ստացված պատասխանների պարագայում է՝ առաջին տեղերում են գործազրկությունը, աղքատությունը եւ ցածր կենսամակարդակը: Ի դեպ՝ բավական մեծ քանակի հարցվողներ ընտրել են հայ-թուրքական հարաբերություններ եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակները: Ուստի վերստին զարմանք հայտնենք, թե ինչպե՞ս էր վարչապետը 2010թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարում, թե ըստ հարցումների՝ քաղաքացիներին «մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճն ու փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե ԼՂ-ի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ, առաջին հերթին, մեր քաղաքացիներին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը»: Հունիսին անցկացված հարցման համաձայն՝ եթե 39,5%-ը համարում է, որ գործազրկությունն է Հայաստանի համար ամենակարեւոր հիմնախնդիրը, ապա երկրորդ տեղում՝ 13,2% արդյունքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է:

IPSC-ն չի հրապարակել, թե ով է այս հետազոտության պատվիրատուն: Բայց հետեւյալ տվյալները երկմտանքի տեղ չեն թողնում: Հարցին, թե որքանո՞վ է ներկայիս կառավարության գործունեությունը տարբերվում ըստ հետեւյալ հատկանիշների՝ 50,9%-ը պատասխանել է, թե հետեւողականությունն ու ծրագրերն ավարտին հասցնելու ունակությունը նրան ավելի շատ է բնորոշ, քան նախորդներին: 43,6%-ը պատասխանել է, թե ներկա կառավարությանն ավելի շատ է բնորոշ ժողովրդի շահերին (խոցելի խմբերին) ուղղվածությունը, քան նախորդներին: 49,7%-ն էլ համարել է, թե հիմնավորվածությունն է այս կառավարության գործունեությունը տարբերում նախորդներից: Եվ վերջապես՝ 60,5%-ն էլ գտել է, թե այս կառավարությունն ավելի նախաձեռնողական է եւ պատրաստակամ փոփոխություններ անելու, իսկ 54,2%-ն էլ գտել է, թե ներկա գործադիր մարմնի համար ավելի բնորոշ է պետության շահերին ուղղվածությունը, քան նախորդներին:

Հավելենք, թե «Համեմատելով վերջին 5 տարիների հետ, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ զարգացման դինամիկան վերջին 1 տարվա ընթացքում» հարցին հետազոտության 3 փուլերում էլ ամենաշատ պատասխանը ստացել է «ավելի է զարգացել» պատասխանը: Հիշեցնենք՝ մինչ Տիգրան Սարգսյանը՝ վարչապետ էր Սերժ Սարգսյանը, իսկ նրանից առաջ՝ Անդրանիկ Մարգարյանը: Ավելի շատ դրական են գնահատվել վերջին 1 տարում կառավարության գործունեությունը տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, առողջապահության ոլորտներում: Իսկ կրթության եւ գիտության, հարկային եւ մաքսային, սոցապ համակարգում եւ գյուղատնտեսության ոլորտներում կառավարության գործունեությունը վերջին 1 տարում գնահատվել է ավելի շատ բացասաբար:

Ի դեպ, երեկվա հրապարակումից հետո IPSC-ն հաղորդագրություն տարածեց, որում նաեւ ուշադրություն էր հրավիրված մեր մի վրիպակի վրա: Իրար էինք գումարել մարզերում օտարալեզու դպրոցների բացման կողմնակիցների եւ հակառակորդների ձայները եւ ստացել 125%-անոց արդյունք: Մինչդեռ հարկ էր գումարել Երեւանում եւ մարզերում դրական եւ բացասական վերաբերմունք ունեցողների ձայները: Բացի այդ՝ IPSC-ը եւս մի տեղին դիտողություն էր արել, թե հնարավոր չէ համեմատել հանրային կարծիքի հետազոտություններն ու առցանց հարցումները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել