Լրահոս
Օրվա լրահոսը

15-րդ սեմինարը ուսուցիչների համար

Հուլիս 28,2010 00:00

«Մարդու իրավունքներ» դասավանդող ուսուցիչները կարեւորում են ոչ միայն գիտելիքները, այլ նաեւ օրենքների կիրառումը:

\"\"
Սա Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքի նախագիծն է, որը կյանքի կոչելու համար պետք է 441 մլն դրամ:

Վանաձորի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) նախաձեռնությամբ, արդեն 15-րդ սեմինարն է կազմակերպվում Հայաստանի բոլոր 10 մարզերի «Հասարակագիտություն» առարկայի 30 ուսուցիչների համար:

\"\"Ուսուցիչները կսովորեն Մարդու իրավունքների հայկական դպրոցում (ՄԻՀԴ), կուսումնասիրեն «Հասարակագիտություն» առարկայի «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն եւ իրավունք» եւ «Բարոյագիտություն» բաղադրիչները: Դասընթացը կվարեն ՄԻՀԴ մասնագետները, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Հայկական կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները: Ծրագիրը իրականացվում է «Իրավական մշակույթի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ նիդեռլանդական Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության (ICCO) ֆինանսական աջակցությամբ:

ՀՍԻԿ նախագահ Գեւորգ Մանուկյանը կարեւորում է հանրակրթական դպրոցում իրավական մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը: Գեւորգ Մանուկյանի հավաստմամբ, մարդու իրավունքների լավագույն եւ արդյունավետ պաշտպանությունը մարդու իրավունքների մասին գիտելիքներ ունենալն է՝ կրթությունը: Ուստի, ուսուցիչների վերապատրաստումն առաջնային է, քանի որ վաղվա սերունդը պետք է իրազեկված մեծանա: Այսօր, սակայն Մարդու իրավունքների հայկական դպրոցի՝ ՄԻՀԴ-ի, շենքային պայմանները սուղ են: ՀԻՍԿ եւ ՄԻՀԴ գրասենյակը Վանաձորի քիմիագործների թաղամասում մի փոքրիկ երկհարկանի շենք է: Ըստ Գեւորգ Մանուկյանի, եթե ձեւավորվի Մարդու իրավունքների միջազգային ուսումնական կենտրոն, կմեծանան մարդու իրավունքների կրթության հնարավորությունները: Վանաձորի քաղաքապետարանը ՄԻՀԴ-ի շենք կառուցելու համար քաղաքի կենտրոնում տարածք է հատկացրել: Հիմա ՀՍԻԿ-ն ու ՄԻՀԴ-ը գումար հայթայթելու հարցերով են զբաղված, հանգանակություն են կազմակերպել:

Դասընթացներին մասնակցող ուսուցիչները կարեւորում են քննարկումների ընթացքում մեթոդական հարցերի լուսաբանումը, նրանք դժգոհ են հատկապես 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի ծավալուն գրքից եւ կրճատվող դասաժամերից; Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վիտալի Անդրեասյանի կարծիքով, օրենքներն ու իրավունքներն իմանալը քիչ է, պետք է դրանք կիրառել այնպես, որ չվնասես հասարակության այլ շերտերին: Իսկ Գյումրիից եկած մի ուսուցչուհի կարեւորում է ոչ այնքան օրենքներն ու իրավունքներն իմանալը, որքան հասարակագիտության բոլոր ճյուղերի իմացությունը, որն, ըստ նրա, օգնում է երեխային լիարժեք մարդ ձեւավորվել: Լոռու մարզի Ձյունաշող համայնքի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Մալումյանը կարեւորում է ուսուցիչների վերապատրաստումը, քանզի այսօր շատ դպրոցներում «Իրավունք» առարկայաշարը դասավանդում են ոչ մասնագետները: Իսկ մասնագիտությամբ իրավաբան, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Գեւորգյանն էլ կարեւորում է փորձի փոխանակումն ու մանկավարժական մեթոդաբանության գիտելիքները խորացնելը:

ՀՍԻԿ-ի կազմակերպած 15-րդ դասընթացն իրականացվում է ՄԻՀԴ-ի նորացված հայեցակարգով. նախատեսված են նորամուծություններ. դիտորդական-գնահատման այցեր դպրոցներ, իրական կյանքում փոփոխությունների բերող կրթություն, տնօրենների ներգրավում ուսումնական գործընթացում եւ ուսուցչի գնահատում՝ ըստ աշակերտի գիտելիքների եւ հմտությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել