Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետների խոսքը քաղաքապետարանում լսելի չէ

Հուլիս 28,2010 00:00

Ըստ Ալեքսանդր Թամանյանի եւ Մկրտիչ Մինասյանի` կորցնում ենք Երեւանը:

\"\"
Ալ. Թամանյանը (ձախից) եւ Մ. Մինասյանը մտահոգված են թամանյանական Երեւանը կորցնելու հեռանկարով:

«Թամանյանի հիմնած վարդագույն Երեւանը կորցրել է իր դեմքը»,- երեկ լրագրողներին ասացին Ալ. Թամանյանի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Թամանյանն ու Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ըստ Ալ. Թամանյանի՝ «Մենք չէինք կարող կանխատեսել, թե մեքենաների արտանետումների ու փոշու մեջ հայտնված Երեւանը կմնար վարդագույն: Բայց սա դեռ ամենավատը չէ. մեր ուշադրությունից դուրս ենք թողել քաղաքի շենքերի երեսպատումները…»: Նա վրդովված է, որ տուֆակերտ շենքերը շուշաթղթում են՝ այն էլ կիսատ-պռատ. «Այս դեպքում ավելի լավ է՝ Երեւանի գույնը լինի գորշ, քան շենքի մի հատվածը շուշաթղթվի, մի հատվածը՝ ոչ»:

Մ. Մինասյանն էլ նկատում է, որ Թամանյանի նախագծած մայրաքաղաքը շատ է տարբերվում մերօրյա Երեւանից: Ըստ բանախոսի՝ «Քաղաքը նման է օրգանիզմի, եւ կյանքը ժամանակի ընթացքում տալիս է իր ճշգրտումները՝ թողնելով յուրօրինակ հետք: Սակայն, եթե նախկինում քաղաքի ճարտարապետական հատակագիծը փոխվում էր, ապա, միեւնույն է, հիմքում մնում էր թամանյանական նախագիծը, որը նախատեսված էր 450 հազար բնակչի համար եւ կանաչապատ էր. այսօր այդ ամենը փոխվել է»:

Թե ինչ աղավաղումներ են եղել մեր քաղաքի նախագծում, պարոն Մինասյանը նշեց. «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման խտությունը անթույլատրելի աստիճանի է հասել: Կան փողոցներ, որոնց ինստալացիոն խնդիրները լուծված չեն: Կան դպրոցներ, որոնց հենց կողքը՝ երկու մետր հեռավորության վրա, մթնեցնելով դասարանները, կառուցվել են շենքեր: Օրինակ, Չարենցի դպրոցին կից հայտնվել է բնակելի տուն…չես հասկանում՝ որտեղի՞ց: Չեն պահպանվում Թամանյանի նախատեսած կանաչ տարածքների ծավալները, բնակչության թիվը, շենքերի հարկայնությունը եւ այլն: Երեւանը, կարծես, կատարել է գաղափարախոսական շրջադարձ, որը երեւում է յուրաքանչյուր տարրից՝ սկսած հենց Հյուսիսային պողոտայից: Ցավալի է, որ քաղաքի հստակ կողմնորոշումը՝ դեպի Արարատ, խեղաթյուրվել է…»:

Բացի աղավաղումներից, մասնագետները խոսեցին նաեւ քաղաքի արձանների վիճակի մասին: Ալ. Թամանյանը նկատեց. «Արձաններից շատերը ո՛չ քարից են, ո՛չ էլ ձուլված: Դրանք բաղկացած են պղնձե թերթերից՝ հավաքված պողպատե կմախքի վրա: Դրանց գերակշիռ մասն այդպիսին է, նույնիսկ Սասունցի Դավթի արձանը, որը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում: Ռեստավրացիան մեծ ծախսերի հետ է կապված, եւ դժվար էլ հայթայթվեն նման գումարներ: Այսինքն, սա նշանակում է՝ չի բացառվում, որ Մայր Հայաստան արձանն էլ որոշ ժամանակ հետո նույն վիճակում հայտնվի»:

Մ. Մինասյանը դժգոհեց, որ քաղաքաշինության արտաքին տեսքի հարցերով Երեւանի քաղաքապետարանը այնքան էլ մեծ աջակցություն չի ցուցաբերում. «Ճարտարապետների միությունը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացնում է իր կարծիքն ու վերաբերմունքը: Մեր խոսքը լսելի դարձնելու խնդիր ունենք… Կարծում եմ, չեն լսում մեզ՝ դիտելով իբրեւ հերթական հ/կ: Մի քանի քաղաքապետեր են եղել, որոնք անուժ են գտնվել այս կամ այն խնդրին ճիշտ լուծում տալու հարցում: Ժամանակը ցույց է տալիս, որ հաճախ պաշտոնյայի խոսքը շատ ավելի կարեւոր ու որոշիչ է լինում, քան մասնագետինը: Ցավոք, իրենց թվում է՝ ճիշտ են գործում, սակայն դարձյալ ժամանակը ցույց է տվել, որ սխալվել են, ինչի արդյունքում գնացել են վտանգավոր ճանապարհով. օրինակ՝ այսօր խիստ վտանգավոր է կանաչի հաշվին կառուցել սրճարաններ եւ այլ օբյեկտներ: Բազմիցս ահազանգել ենք, թե Զանգվի ձորը լցված է լանդշաֆտին անհամապատասխան կառույցներով եւ այլն եւ այլն… Մինչդեռ, եթե աշխարհում մի քաղաք ունենար նման լանդշաֆտ, դրանից մարգարիտ կսարքեր»:

Բանախոսները մտահոգված են, որ, այսպես շարունակվելու դեպքում, Երեւանը պարզապես կկորցնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել