Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկայում սպանվածների գլուխներ են գտնվել

Հուլիս 29,2010 00:00

Մեքսիկայի հյուսիսում, Դուրանգո քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է 20-30 տարեկան երիտասարդ մարդկանց ութ գլուխ: BBC-ի մատուցմամբ, քաղաքի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանությանը հաջողվել է դրանք հայտնաբերել տեղի բնակիչներից մեկի անանուն զանգից հետո: Սպանված մարդկանցից վեցի գլուխները հանցագործները նետած են եղել Դուրանգո քաղաքից ոչ հեռու՝ ճանապարհին: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները տեղանքում իրականացրած որոնումներից հետո  դեպի Գոմես Պալասիո քաղաք տանող ճանապարհահատվածում հայտնաբերել են եւս երկու գլուխ: Սպանվածների մարմինները, սակայն, չեն գտնվել: Հիշեցնենք, որ վերջերս Դուրանգո քաղաքում արյունալի բախումներ էին տեղի ունեցել Գոլֆո եւ Սինալոա նարկոխմբավորումների միջեւ: Տեղի դատախազության հետաքննչական մարմիններում կասկածներ կան, թե այդ սպանությունների հետ առնչություններ ունեն Գոմես Պալասիոյի բանտապանները, որոնք կալանավորներին թույլ են տվել կատարել տեղացի նարկոբարոնների պատվիրած այդ կեղտոտ գործը: Դատախազների ասելով, բանտապաններն իրենք են մարդասպաններին զենք եւ մեքենաներ տրամադրել, որպեսզի նրանք գործն անելուց հետո վերադառնան իրենց խցերը:
Աղբյուրի փոխանցմամբ, հետաքննիչները ստուգում են կալանավորների առնչությունները Տորրեոն քաղաքում տեղի ունեցած սպանություններին, որոնց արդյունքում 35 մարդ էր սպանվել:
Պաշտոնական տվյալներով, վերջին չորս տարիների ընթացքում թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների միջեւ պատերազմների արդյունքում 25 հազար մարդ է սպանվել: 2006թ.-ին Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը թմրավաճառների դեմ պայքարելու համար գործի էր դրել երկրի բանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել