Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում՝ նոր հեծանվահրապարակ

Հուլիս 29,2010 00:00

Գ. Բեգլարյանն ու Ֆ. Ջուստոտտին հեծանվահրապարակի առաջին սիմվոլիկ շաղախն են անում:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: «Շատ մոտ ապագայում Երեւանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաեւ բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման եւ տարբեր սպորտաձեւերի զարգացման համար»,- նշեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սա Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է, որի մեկնարկը երեկ ազդարարեցին Երեւանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆրանչեսկո Ջուստոտտին: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի՝ նախատեսված 500 ավտոմեքենաների կայանման համար: «Ազատության հրապարակի կայանատեղին կառուցվեց շատ որակով եւ շահագործման հանձնվեց ժամանակից շուտ: Այս հեծանվահրապարակն էլ ես հույս ունեմ, որ կկառուցվի բարձր որակով եւ ժամանակին: Երեւանը կունենա գեղեցիկ մարզադպրոց, որտեղ, բացի հեծանիվից, մեր երեխաները կարող են սովորել եւ պարապել նաեւ այլ սպորտաձեւերով»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը ներկայացրեց հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը: Այն կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7մ: Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների եւ մարզիչների համար առանձին հանդերձարաններ՝ ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական եւ հետմարզական վարժման համար՝ կից հանդերձարաններով եւ ցնցուղներով, հեծանիվների պահման եւ նորոգման սենյակներ, ավտոկայանատեղիներ, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության համար գրասենյակներ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ: Ներառված է ավտոկայանատեղի 240 մեքենայի համար: Կկառուցվեն հատուկ թեքամուտքեր հաշմանդամների անվասայլակների համար: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին եւ «Ռենկո» ընկերությանը՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ այս հեծանվահրապարակի կառուցումը նոր որակ կհաղորդի հեծանվասպորտի զարգացմանն ու կապահովի առողջ ապրելակերպ Երեւանում: «Իր տեսակի մեջ սա կլինի լավագույն հեծանվահրապարակներից մեկը ողջ հետխորհրդային տարածքում եւ Եվրոպայում: Այստեղ կանցկացվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցումներ»,- նշեց Ալեքսանդր Բերեզովսկին: Ծրագիրը ծավալուն է, իրականացվելու են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ՝ շուրջ 6 միլիարդ դրամի ներդրումային կապիտալով: Շինարարական աշխատանքների համար սահմանված է երկու տարի ժամկետ:
Ի դեպ, երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտել մասնակից գործուղել Վերոնա, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը: Այս որոշումը ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին մեկնաբանեց այսպես: «Նախ, ֆեդերացիայի գումարներն են խիստ սահմանափակ: Երկրորդ պատճառը, որ, թերեւս, հիմնականն է. մենք առայժմ աշխարհի առաջնությունում Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու խճուղային արժանի հեծանվորդ չունենք:  Վերջերս մեր խճուղային հեծանվորդները Թուրքիայում խիստ անհաջող մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը՝ խմբային վազքում չհատելով եզրագիծը, իսկ անհատականում զբաղեցնելով վերջին տեղեր: Այդ պատճառով էլ, որպեսզի միջոցները անիմաստ չվատնենք, մարզիչների հետ նպատակահարմար գտանք այդ գումարները տրամադրել հրապարակային հեծանվորդներին, որոնք ավելի հաջող մրցելույթներ են ունենում: Նրանք այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել