Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԻՋՆԻ՞

Օգոստոս 04,2010 00:00

\"\"Հավանաբար դրա պատճառ կդառնա թափուր մնացած տեղերի վերաբաշխումը

Դեռ բուհական ընդունելության քննություններն ընթացքի մեջ էին, երբ կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, թե այս տարի ընդունելության անցողիկ շեմի անկում է գրանցվելու համարյա թե բոլոր մասնագիտությունների գծով: «Առավոտի» 2010թ. հուլիսի 28-ի համարում «Անցողիկ միավորները «սյուրպրիզներ են» անում» հոդվածում հրապարակել էինք անցողիկ նախնական միավորները տարբեր մասնագիտությունների գծով: Այդ նախնական տվյալներն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ անցողիկ շեմի անկում տեղի է ունեցել ոչ բոլոր մասնագիտությունների գծով: Օրինակ՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտության գծով անցողիկ շեմի բարձրացում է նկատվում՝ անցյալ՝ տարվա 34.3 միավորի փոխարեն այս տարի նշված մասնագիտության գծով անվճար համակարգ կընդունվեն 37 միավորով: Ըստ ԳԹԿ-ի տրամադրած նախնական տվյալների՝ անցողիկ միավորների բարձրացում է գրանցվել նաեւ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի մասնագիտությամբ ընդունելության դեպքում՝ եթե անցյալ տարի անվճար համակարգում անցողիկ միավորը 33,8 էր, ապա այս տարի այն հասել է 36,5-ի:
Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցած տեղեկությունների՝ պարզ է դարձել, որ անցողիկ շեմի «ձեւավորման» հարցում խնդիրներ են առաջացել: Չնայած ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ միասնական քննությունների արդյունքում տարբեր առարկաներից միջին միավորները բավականին ցածր էին, սակայն շեմի ձեւավորման նախնական փուլում ընդունելության անցողիկ շեմը բավականին բարձր է գրանցվել, որի արդյունքում բազում մասնագիտությունների գծով թափուր տեղեր են առաջացել: Իսկ դա կբերեր նրան, որ բուհերն ուսանողի պակաս կզգային: Մինչդեռ բուհերին ուսանողներ են պետք, քանի որ մյուս տարի ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու, ուստի անխուսափելի է բուհերում ուսանողի «դեֆիցիտը»:
Հենց այս խնդիրներից դրդված՝ այժմ հանրապետական ընդունող հանձնաժողովը փորձում է ինչ-ինչ արհեստական մեթոդներով իջեցնել անցողիկ միավորները: Ուստի կանխատեսվում է, որ մինչեւ օգոստոսի 5-ը՝ ընդունելության ցուցակների փակցման վերջնաժամկետը, հնարավոր է տարբեր մասնագիտությունների գծով ընդունելության շեմը 1 միավորով իջեցվի: Օրինակ, «Առավոտի» աղբյուրների պնդմամբ, որոշված է, որ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտության գծով անվճարի անցողիկ շեմը 37 միավորից իջնելու է 36-ի:
Այս կապակցությամբ «Առավոտը» փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Հանրապետական ընդունող հանձնաժողովից, որի նախագահն է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, հանձնաժողովի անդամ Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» փոխանցեց. «Հանրապետական ընդունող հանձնաժողովի վարած քաղաքականությունն ավելի շատ վերաբերում է թափուր տեղերի վերաբաշխմանը: Ըստ էության՝ ընդունելության անցողիկ շեմի նվազեցման խնդիր դրված չէ: Այլ բան է, որ թափուր տեղերի վերաբաշխումը կարող է բերել ընդունելության անցողիկ շեմի նվազեցման: Իսկ թափուր տեղեր հիմնականում առաջացել են բուհերի մարզային մասնաճյուղերում, արվեստի բուհերում: Հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջիկա նիստը լինելու է չորեքշաբթի օրը, որի ընթացքում թափուր տեղերի վերաբաշխման խնդիրը կաշխատեն լուծել, որպեսզի հասցնենք ամենաուշը մինչեւ օգոստոսի 5-ը փակցնել ցուցակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել