Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ բեմը» վնասակա՞ր է առողջությանը

Օգոստոս 04,2010 00:00

Օգոստոսի 16-ին լրանում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «ազատ բեմի» գաղափարը ներդնելու երկու տարին։ Թե ինչ տվեց այն թատրոնին ստեղծագործական առումով, «ամրագրված» է ԶԼՄ-ներում՝ միջակ ներկայացումներ, ձախողումներ, ստեղծագործական խառնափնթորություն եւ այլն։
ՀՀ մշակույթի նախարարության ներդրած հիշյալ էքսպերիմենտը, սունդուկյանցիների մեծամասնությանը հանելով հավասարակշռությունից, «պարտադրեց» գրանցել «տրավմաների շարք»։ Շուրջ երկու ամիս առաջ մեկնարկը տվեց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հայրապետյանը՝ կոտրելով ձեռքը։ Այնուհետեւ նույնը կրկնվեց թատրոնի ստեղծագործական հարցերով փոխտնօրեն, արձակագիր-թատերագիր Նելլի Շահնազարյանի հետ, ով ամենաօպոզիցիոն դեմքն է թատրոնում։ Տիկին Շահնազարյանից «էստաֆետը» փոխանցվեց նրա դստերը՝ նույն թատրոնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին։ Նա էլ ոտքը կոտրեց՝ հավանաբար, մտքում կրկնելով հանճարեղ Պաղդասար աղբարի տեքստը. «Ոտքս կոտրեր՝ թատրոն չերթայի»։ Պարոնյանի հայտնի նախադասությունը մտքում՝ թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն էլ, ձեռքին բռնած «Մակբեթ» բեմադրության մասին քննադատական թատերախոսականը, ընկավ ու կոտրեց թեւը՝ վերափոխելով պարոնյանական արտահայտությունը. «Թեւս կոտրեր՝ թատրոն չերթայի»։ Մյուս փոխտնօրեն Սամվել Թորոսյանն էլ, հավանաբար, չուզենալով ետ մնալ տնօրենից ու փոխտնօրենից՝ անզգուշաբար ելավ տեղից ու… հիմա քրոնիկական «իշիազն» իրեն զգացնել է տալիս…
Ասում են, որ գեղարվեստական խորհրդի անդամները շտապել են հեռանալ Երեւանից՝ «տրավմաների շարքը» չհամալրելու համար… Իսկ այն սկիզբ էր առել «ազատ բեմի» գաղափարի առաջին զոհից՝ մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանից, ով կոտրել էր աջ ոտքի բութ մատը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել