Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՋՈՒՐ ԼԻՆԵՐ՝ ԿՓՐԿՎԵԻ՞Ն

Օգոստոս 28,2010 00:00

Դիլիջանի թունելում այրված ավտոբուսի վարորդի խոսքերով՝ թունելի հակահրդեհային խողովակները դատարկ էին, այդ պատճառով էլ չի կարողացել կրակը մարել:

\"\"
Ըստ բժիշկների` Գարիկ Մկրտչյանի մարմնի 20%-ն է այրվել:
\"\"

Նախօրեին Սեւան-Դիլիջան ավտոմայրուղում՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած դժբախտ պատահարը հնարավոր էր կանխել, եթե թունելի անվտանգության համակարգն աշխատեր: Գարիկ Մկրտչյանը կնոջ եւ 1 տարեկան տղայի, ընկերոջ ու նրա տիկնոջ հետ սեփական «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսով Վարդենիսից գնում էին Դիլիջան՝ աներձագի նորածին երեխային տեսակցության: Դիլիջանի թունելում ավտոբուսում հրդեհ բռնկվելուց անմիջապես հետո վարորդը՝ Գարիկը, մեքենան կանգնեցրել է, որպեսզի հանգցնի կրակը, սակայն որքան էլ, որ փորձել է օգտվել թունելի անվտանգության համակարգից, արդյունքի չի հասել: «Առավոտի» հետ զրույցում Գ. Մկրտչյանը պատմեց, որ երբ մեքենայի հետնամասում կրակ է նկատել, անմիջապես կանգնեցրել է մեքենան, իջել է եւ փորձել թունելի հակահրդեհային խողովակների միջոցով կրակը հանգցնել. «Ինչքան սեղմում էի, մեջը ջուր չկար: Մինչեւ վերջ էլ ջուր չեկավ: Որ մեջը ջուր լիներ, ավտոբուսը չէր պայթի, ընտանիքս կփրկվեր»: Գարիկը մեքենան կանգնեցրել էր թունելի աջ կողմում՝ պատին շատ մոտ: Հակահրդեհային սարքից արդեն հույսը կտրած՝ նա մոտեցել է մեքենայի դռներին, որպեսզի ուղեւորներին հանի, բայց… չհասցրեց, հենց այդ պահին գազի բալոնը պայթեց, ինչի հետեւանքով, կինն ու 1 տարեկան որդին մահացան: Գարիկի խոսքերով՝ «Հազիվ հասցրեցի ընկերոջս կնկան փրկել, իմ էրեխեն ու կնիկս վառվեցին: Եթե մեքենան թունելի մեջտեղում կանգնեցնեի, կհասցնեինք դռները շուտ բացել, թե չէ՝ ավտոն համարյա պատին էր կպած, ու չկարացան դուրս գալ, դուռը լավ չէր բացվել»: Հրդեհի 10-15 րոպեների ընթացքում, Գարիկի պատմելով, ոչ մի մեքենա չէր մոտենում: Վերջում մի «opel» մեքենա է մոտեցել, որն էլ ընկերոջ կնոջը՝ Նունե Աղաբեկյանին, տեղափոխել է Դիլիջանի հիվանդանոց, իսկ հետո Ն. Աղաբեկյանին տեղափոխել են Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոն: Նա այս պահին վերականգնողական բաժանմունքում է: Մեզ հետ զրույցում հերթապահ բժիշկ Հովհաննես Ավանեսյանը վստահեցրեց, որ նրա վիճակը ծանր է. 3-4 օրից պարզ կլինի՝ կապաքինվի՞, թե՞ ոչ:
Հիվանդանոց մեր այցելության ժամանակ Նունեի ամուսինն էլ՝ Կամո Շաբոյանը, շատ ծանր էր: Թեեւ նա դեմ չէր մեզ հետ զրուցել, սակայն բժիշկն արգելեց, քանի որ այրվել էին նրա վերին շնչառական ուղիները, ինչի պատճառով Կամոն չէր կարողանում խոսել: Նրան որդին է խնամում: «Ասում են՝ Նունեի վիճակը շատ ծանր է: Հիմա մեր հույսն Աստված է».- մեզ հետ զրույցում ասաց Նունեի քույրը: Իսկ Գարիկի վիճակը, բժշկի գնահատմամբ, միջին ծանրության է: Սակայն հաճախ ուժեղ ցավեր է ունենում, մինչեւ ներարկում չեն անում՝ չի հանգստանում:
Մեր այն հարցին՝ արդյոք մեքենան սարքի՞ն է եղել, Գարիկը վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ էր. «2 օրը մեկ գնում էի Դիլիջան՝ գալիս Վարդենիս: 4-5 տարի է՝ էդ մեքենան քշում եմ: Վարդենիս-Դիլիջան գծի վրա եմ աշխատում: Մեր բախտից էդ օրը տրուբեքի մեջ ջուր չկար, ամեն օր կար, էդ օրը չկար: Մինչեւ փրկարար ծառայությունն ու շտապօգնությունն եկան, ամեն ինչ վառվել էր»: Գարիկի 6 եւ 7 տարեկան տղաներն այդ օրը, բարեբախտաբար, իրենց հետ չեն եղել. «Այս տարի պիտի դպրոց գնան: Ի՞նչ սրտով գնան: Գոնե կարանամ գնամ էրեխեքիս (նկատի ունի կնոջն ու մահացած տղային-Ն.Բ.) թաղեմ: Բժիշկը խոստացել ա, որ մի բան կանի, մի քիչ կդզվեմ, որ կարողանամ գնամ գյուղ: Ուզում եմ գնամ՝ թաղեմ էրեխեքիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031