Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Օգոստոս 28,2010 00:00

Հանրապետության մարզերում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները

\"\"

Գեղարքունիքում
աճել է անչափահաս հանցագործների թիվը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եղել է Կոտայքում եւ Գեղարքունիքում: Կոտայքի խորհրդակցության մասին երեկ արդեն տեղեկացրել ենք, իսկ Գեղարքունիքում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ասել է, որ Գեղարքունիքի հիմնական եւ ավագ դպրոցները միասին կունենան ավելի քան 32 հազար աշակերտ: Ըստ բանախոսի, Գեղարքունիքի 92 համայնքներից մոտ 30-ում անբավարար է նախադպրոցական կյանքի կազմակերպումը:
Կրթության եւ գիտության նախարարը շատ ավելի ընդհանրական է խոսել: Ասել է այն՝ ինչ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները գիտեն. դպրոցների տնօրենները պետք է անցնեն ատեստավորման փուլ, ատեստավորող հանձնաժողովները կազմվելու են նախարարության եւ մարզպետարանի համատեղ ներկայացուցչությամբ, 2012 թվականից մանկավարժների ատեստավորման կարգը կգործի եւ այլն:
Իսկ նախադպրոցական կրթության մասով նախարարը ասել է, որ կառավարությունը մտադիր է իրականացնել մի ծրագիր, համաձայն որի՝ մանկապարտեզներ չունեցող համայնքներում դպրոցների բազայի վրա կկազմակերպվեն ավագ նախադպրոցական 5-6 տարեկան երեխաների խմբակներ, որոնց ֆինանսավորումը ոչ ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը:
Խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարտիրոսյանը ասել է, որ մարզում 5 անգամ ավելացել է անչափահաս երեխաների կողմից կատարված հանցագործությունների թիվը՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ: Այս տարվա առաջին կեսին Գեղարքունիքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 17 հանցագործություն՝ 29 անձի վերաբերյալ: Հանցագործություն կատարած 29 անչափահասներից եւ ոչ մեկը հաշվառված չի եղել ոստիկանության տեղական բաժանմունքներում: Իսկ հաշվառված 42 անչափահասները հանցագործություն չեն կատարել:

Արմավիրում առաջին դասարան կգնա
3331 երեխա
Արմավիրի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությանը Երեւանից մասնակցել է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի տվյալներով, այս ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարան կընդունվի 3331 աշակերտ, մարզի դպրոցներում կլինի 1606 դասարան՝ 32409 աշակերտով, որոնցից ավագ դպրոցներում՝ 148 դասարան՝ 3613 աշակերտով:
Տեղեկացրել ենք, որ այս ուսումնական տարում հանրապետության դպրոցներում լինելու է երկու նորամուծություն՝ ուսուցիչների երդման ընդունումը եւ սեպտեմբերի 1-ին հանրակրթական դպրոցներում առաջին հատուկ դասի կազմակերպումը, որը նվիրվելու է հայրենասիրությանը, մեր ժողովրդի, պետության եւ հայրենիքի գաղափարին: Արմեն Աշոտյանը վստահ է, որ այս քայլերը մեծ նշանակություն ունեն բարոյահոգեբանական տեսանկյունից:
Շիրակում աշակերտների թիվը պակասում է
Շիրակում օգոստոսյան խորհրդակցությունն անցավ  առանց ակտիվ քննարկումների ու  հարց-պատասխանների, առանց նորանշանակ մարզպետի: Շիրակի մարզում գործում է 170 հանրակրթական դպրոց, որի  32%-ը բաժին է ընկնում գյուղերին,  68-ը՝ քաղաքներին:
2008-2009 ուստարում՝  36845 աշակերտ,  2009-2010-ին՝  34170,  2010-2011-ին՝  33761, սա էլ Շիրակում վիճակը՝ ըստ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի: Նա նախազգուշացրեց զերծ մնալ կեղծիքներից, մասնավորապես աշակերտների հավելագրումներ չանել՝ աշակերտների թվով ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Ուսուցչական կադրերի պակաս կա Շիրակի ընդամենը չորս համայնքում՝  Ձորակերտ, Արտենիս, Ծաղկուտ, Սարակապ:
Շիրակի մարզի դատախազության ներկայացուցիչ Հովսեփյանն էլ հայտնեց, որ Շիրակի մարզում ավելացել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը. 2010թ. 1-ին կիսամյակում  22 անչափահասի կողմից 25 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կատարած  23 դեպքի դիմաց:
Շիրակի մարզի դատախազությունը Մարմարաշեն գյուղի բնակիչներից բողոք է ստացել, որ դպրոցում երեխաներից 26000 դրամ են պահանջում «վերջին զանգ» կազմակերպելու համար, սակայն դատախազությունը պարզել է, որ  փողերը ծախսված են եղել ոչ թե ուսուցիչներին նվերներ գնելու, այլ  խնջույք կազմակերպելու,  պարուսույցներ վարձելու նպատակով: Այդուհանդերձ, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները զգուշացվեցին՝ զերծ մնալ գումար հավաքելուց, որին, ի դեպ,  որոշ տնօրեններ արձագանքեցին քմծիծաղով:

Մարզպետը պատվիրեց աշակերտների թվի հավելագրումներ չկատարել
Երեկ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում օգոստոսյան խորհրդակցության ժամանակ մերթընդմերթ բջջային հեռախոսների զանազան ազդականչեր էին լսվում: Երբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորում էր, իսկ մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը խոսում էր մարզում լավագույն դպրոցների առկայության մասին, դահլիճում բջջային հեռախոսների ուրախ  ազդականչեր լսվեցին: Կարծես շնորհավորանքի երաժշտական ձեւավորում լիներ:
Մարզպետարանի կրթության վարչության պետի տվյալներով, 1997-98 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների 1200 դասարաններում  սովորել է 26 700 աշակերտ: Անցած ուսումնական տարում մարզի 940 դասարաններում սովորում էր 16 922 աշակերտ: Սեպտեմբերին Տավուշը կունենա 925 դասարան՝ 16 720 աշակերտով: Չնայած անցած 10 տարում աշակերտների թվաքանակի մեծ կրճատմանը, ուսուցիչների թիվը չի նվազել: Աշոտ Փաշինյանը հայտնեց, որ ներկայումս մարզում 45 մանկապարտեզ է գործում, ինչը կրկնակի  է 10 տարի առաջ գործող մանկապարտեզների թվից, սակայն դեռ  կան համայնքներ, ուր նախադպրոցական կրթություն չի իրականացվում:
Տավուշի հեռավոր գյուղերի աշակերտները հաջող են հանդես գալիս օլիմպիադաներում: Պտղավանի դպրոցի աշակերտը, հաղթելով հանրապետական փուլում, այնուհետեւ Հարավային Կորեայում մասնակցել է  կենսաբանության միջազգային օլիմպիադային, սահմանամերձ Այգեպարի դպրոցի սանն էլ  «Կենգուրու» խաղ-մրցույթում մրցանակ է շահել:
Խոսելով մարզում կրթության որակի մասին՝ Աշոտ Փաշինյանն ասաց, որ «ամբողջ պրոբլեմն առաջանում է միջին դպրոցում»:  Փաշինյանը կրկնեց Տավուշի մարզպետի այն դիտարկումը, որ դպրոցների տնօրենները հիմնականում զբաղվում են դպրոցների փաստաթղթերով, ֆինանսատնտեսական գործունեությամբ, զուտ կրթական խնդիրները թողնելով փոխտնօրենների եւ ուսուցիչների վրա: Կրթության վարչության պետը ասաց նաեւ, որ մարզի գրեթե բոլոր ուսուցիչները մասնակցում են վերապատրաստման դասընթացների, սակայն դրանց արդյունքը տեսանելի չէ, փոքր է: Նրա խոսքերով՝ երեւի կարիք կա այդ դասընթացների բովանդակությունը կամ վերապատրաստվողներին փոխելու, որովհետեւ  մարզում քիչ չեն այն ուսուցիչները, որոնց ոչ մի վերապատրաստում էլ չի օգնում:  Տավուշի մարզպետը դպրոցների տնօրեններին հորդորեց աշակերտների թվի  հավելագրումներ չկատարել, ինչը եղել է անցյալ տարի:
Այս ուսումնական տարում «Հույսի կամուրջ» հ/կ-ի հետ համատեղ, Տավուշի մարզի 50 դպրոցում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կիրականացվի ներառական կրթություն:

Ագարակի
դպրոցականները կմրսե՞ն

Ամեն տարի աշնանից Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կրկին լրջանում է գազամատակարարման խնդիրը: Ձմռան ամիսներին բնակչությունը եւ հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցման հետ կապված խնդիրները մեծ դժվարությամբ են լուծում: Քաղաքի կրթօջախներն էլ տաքացվում են էլեկտրաէներգիայով, սակայն այսկերպ դասապրոցեսների անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճան չի ապահովվում: Քաղաքի կենտրոնում, խիտ բնակեցված տարածքում  տեղակայված զորամասն իր 5 զորանոցներով ջեռուցվում է մազութով, որն էլ իր հերթին բնապահպանական խնդիրներ է առաջացնում:
«Ագարակի շրջակայքը զուրկ է անտառապատ տարածքներից, եղանակները ցրտելուն պես ագարակցիները ստիպված վառելափայտ են ձեռք բերում այլ բնակավայրերից: Քաղաքի համար գազամատակարարումը ամենամեծ հիմնախնդիրներից է:  Իրան-Հայաստան նորակառույց գազամուղն անցնում է Ագարակի վարչական տարածքով, սակայն քաղաքում գազամատակարարման ներքին ցանց չկա: Միայն դրա առկայության դեպքում հնարավոր կլինի լուծել այս շատ կարեւոր խնդիրը»,- նշում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
Քաղաքապետը խնդիրը  բարձրացրել է նաեւ Սյունիքի մարզխորհրդի նիստում:

Արագածոտնում
կան դպրոց չհաճախող երեխաներ

Իսկ Արագածոտնում կգործի 122 հանրակրթական դպրոց՝ 79 միջնակարգ, 40 հիմնական, 2 հատուկ դպրոց, 2 արհեստագործական ուսումնարան, 1 մարզադպրոց, 3 ավագ դպրոց: Դպրոց կհաճախի մոտ 20 000 աշակերտ, որից մոտ 1500-ը՝ առաջին դասարան: Նոր ուսումնական տարում «Դպրոցական սնունդ» կազմակերպությունն ու մարզպետարանը փորձելու են Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի հանրակրթական դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտների համար անվճար տաք սնունդ ապահովել: Մարզի 80 դպրոցում հիմնվել են համակարգչային դասարաններ, 67 դպրոց ունի ինտերնետ կապ:
Արագածոտնի լեռնային բնակավայրերում կան ուսուցիչների թափուր աշխատատեղեր, որի մասին համապատասխան հայտ է ներկայացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Բացի սրանից, մարզում կան դպրոց չհաճախող երեխաներ:

Աջակցություն դրսից
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մանկական գեղարվեստի, Լոռու մարզի Արծնի, Ձորամուտ համայնքների դպրոցների 180 աշակերտների՝ 2,5 միլիոն դրամ արժողությամբ դպրոցական անհրաժեշտ պարագաներ է նվիրել:
Վերջին տասը տարում սոցիալական աջակցության այս ձեռնարկով օգնություն է ստացել Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի ավելի քան 1800 աշակերտ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով տասը տարի առաջ շահագործման հանձնվեց Սպիտակ քաղաքի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի 300 աշակերտ-տեղով կահավորված նոր մասնաշենքը, իսկ այս ուսումնական տարվա շեմին բացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծախսվել է 100 միլիոն դրամ, որից 80 միլիոնը տրամադրել է Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը, մնացածը՝ Սպիտակի քաղաքապետարանը:
Մարզադահլիճը կահավորված է տղաների ու աղջիկների համար նախատեսված հանդերձարաններով, լոգարաններով ու սանհանգույցներով, մարզչի սենյակով, ապահովված է անհրաժեշտ սպորտային գույքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031