Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական համալսարանի պատասխանը

Օգոստոս 28,2010 00:00

\"\"Այս շաբաթասկզբին հայկական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Առավոտը», տեղեկացրին, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս: Ըստ հեռացված դասախոսների, «առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի գործողություններով խախտվում է Սահմանադրությունը, քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությունը»: Դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի համար:
Ֆրանսիական համալսարանը խոստացել էր պարզաբանումներ տալ միայն բուհի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկի Հայաստան վերադառնալուց հետո: Երեկ ստացել ենք ռեկտորի ստորագրությամբ պարզաբանումը:
«Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) դասախոսների աշխատանքից ազատման մասին զանգվածային լրատվության միջոցներով տարածված ապատեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանի տարբեր՝ մարքեթինգի, ֆրանսերենի, էկոնոմիկայի, օտար լեզուների, հաշվապահության եւ ֆինանսների ու իրավունքի ամբիոնների որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ: Աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է նաեւ մեր համալսարանի երկու շրջանավարտների հետ, ովքեր պատրաստում են դոկտորական ատենախոսություն՝ Լիոն 3 համալսարանում եւ այս տարի զբաղված են իրենց գիտական աշխատանքը ավարտելով, իրավունքի ամբիոնի 84-ամյա մեկ դասախոսի, ինչպես նաեւ անգլերեն լեզվի այն դասախոսների հետ, ովքեր նույնիսկ համալսարանի կողմից վճարված վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում չեն ապահովել որակավորման անհրաժեշտ մակարդակ: Աշխատանքից ազատված 29 դասախոսները կազմում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 14,8%-ը:
Նշված դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի դադարեցումը մանկավարժական եւ վարչական կառավարման ընթացիկ գործընթաց է եւ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացվող նախապատրաստական աշխատանքների մաս է կազմում ու պայմանավորված է համալսարանի կողմից որակյալ կրթություն տրամադրելու պահանջով: Անհրաժեշտ է նշել, որ ՀՖՀ-ի շրջանավարտների շուրջ 70%-ի Հայաստանում աշխատանքի տեղավորման ցուցանիշը ապահովվում է առաջին հերթին մեր դասախոսական անձնակազմի արհեստավարժության շնորհիվ:
ՀՖՀ-ի վերոնշյալ դասախոսների հետ կնքված պայմանագրերը դադարեցվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ՝ այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:
Ցավալի է, որ վիճարկվող խնդիրը, լինելով համալսարանի կառավարման ընթացիկ հարց, շահարկվում է վերոնշյալ դասախոսներից մի մասի կողմից, ովքեր ԶԼՄ-ներում եւ տարբեր ատյաններին ուղղված նամակներում փաստերը ներկայացնում են խեղաթյուրված, չխորշելով նույնիսկ հանդես գալ այլ մարդկանց անունից, ինչպես նաեւ ուսանողներին հրահրել են բոյկոտելու ուսումնական գործընթացը սեպտեմբերի սկզբին, ինչը անընդունելի է հատկապես մանկավարժական էթիկայի տեսակետից»:
Ֆրանսիական համալսարան-դասախոսներ «հակամարտության» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել