Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 28,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանվեցերորդ

ՀՐԵԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «բայց մեր հայ գրողներն Աստվածաշնչի հոգեւոր ու մտավոր բարիքներից համարյա չեն օգտվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բացի Նարեկացուց», եւ ես ասացի՝ «Նարեկացին ոչ թե բանաստեղծություն ա գրել, այլ՝ աղոթք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ էդքան ուժեղ ա ստացվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական գրականությունը պիտի աղոթքի պես ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ, որ մեր գրողներն էդ հասարակ բանը չեն հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հասարակ բան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի հասկանան, որ աշխարհի հոգեւոր ու մտավոր սաղ բարիքները քրիստոնեության մեջ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց մենք առաջինն ենք Քրիստոնեությունը պետականորեն ընդունել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Քրիստոսին ու Քրիստոնեությունը ոչ թե պետականորեն պիտի ընդունես, այլ՝ հոգով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Տոլստոյն ու Դոստոեւսկին Քրիստոսին ու Քրիստոնեությունը հոգով են ընդունել», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց ռուսական եկեղեցին Տոլստոյին չի ընդունել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եկեղեցին ու եկեղեցու սպասավորները միշտ էլ աճելու տեղ ունեն, բայց Քրիստոսն ու Քրիստոնեությունը կատարյալ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր եկեղեցին էլ ինձ չի ընդունում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց չի ընդունում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ինձ ընդունեին, էս պոեմիս թարգմանության ու տպագրության ծախսերն իրանց վրա կվերցնեին», եւ ես հարցրի՝ «բայց իրանց դիմե՞լ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ ես հարցրի՝ «կոնկրետ ո՞ւմ ես դիմել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ում որ պետք ա, կոնկրետ նրան էլ դիմել եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեցին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ որ սպասում էի՝ էն էլ ասեցին», եւ ես հարցրի՝ «մերժեցի՞ն», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չորով» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեղավորը ես եմ», եւ ես հարցրի՝ «դո՞ւ խի ես մեղավոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես մտածում էի՝ կարող ա աճած ըլնեն, բայց պարզվում ա՝ հըլը լիքը աճելու տեղ ունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք ամենակարեւորը չեն հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չեն հասկանում, որ էդ պոեմս ավելի շատ իրանց ա պետք, քան՝ ինձ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ազգին ա պետք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թե չէ՝ աշխարհը կմտածի, որ Նարեկացին մեր ազգի մեջ լրիվ պատահական երեւույթ ա էղել ու էսօրվա օրով ոչ մի շարունակող չունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փաստորեն, ըտենց ա ստացվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ էս պոեմս չըլներ, փաստորեն, Նարեկացին մեր գրականության մեջ շարունակող չէր ունենալու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «օրենքով՝ էդ պոեմդ պիտի պետպատվերով տպեին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ հարցով էլ մյուս ընկերոջդ՝ Միլիտոնյան Էդիկին եմ դիմել», եւ ես հարցրի՝ «Էդոն ի՞նչ ա ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը պոեմս շատ ա հավանել, բայց էդ պոեմս տպելն իրա ուժերից վեր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց կանոնադրության մեջ չկա գրած, որ իրավունք ունեն չինարեն գրքեր տպեն» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «անգլերեն ու ռուսերեն իրավունք ունեն, բայց չինարեն՝ չէ», եւ ես ժպտալով ասացի՝ «արի քարը փեշիցդ թափի՝ անգլերեն տպի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «անգլերենի թարգմանիչն էլ ա նույն գինն ուզում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ստիպված պիտի հայերեն տպես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էդ ամենավերջին տարբերակս ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Միլիտոնյանն էլ ա էդ տարբերակն առաջարկում», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմացա՞վ, որ ընկերս ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ասեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Մոսկվայի պատմությունն ինքն էլ գիտեր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Մոսկվայի պատմություն», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Կասպարովի ու Կարպովի դարի մրցամարտի մասին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի իրան էլ ես պատմել», եւ ես ժպտալով ասացի՝ «կարծեմ՝ պատմել եմ» եւ մի քիչ մտածեցի ու արդարանալով ավելացրի՝ «իրան չէի կարա չպատմեի, որովհետեւ ինքը վախտին շախմատիստ ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացվում ա, որ շախմատիստ ա էղել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «մտածողությունից», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «ստիպված պիտի Էդոյին գիպնոզ անես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «որ ի՞նչ», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որ էդ պոեմդ չինարեն տպի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նախ պիտի էդ թարգմանչուհուն գիպնոզեմ, որ պոեմս չինարեն թարգմանի», եւ ես ժպտալով հարցրի՝ «չես փորձե՞լ», եւ Ռաֆոն կարմրելով ասաց՝ «փորձեցի, բայց չստացվեց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ էդ թարգմանչուհին էլ ա ուժեղ անհատականություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անաստվածը շատ ա գեշ, բայց որպես անհատականություն շատ ա ուժեղ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, մի հատ վարիանտ ունեի, բայց էդ վարիանտս չօգտագործեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ վարիանտ էր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «կարայի ընենց անեի, որ էդ գեշոն սիրահարվեր ինձ», եւ ես ժպտալով հարցրի՝ «գիպնոզով էի՞ր սիրահարացնելու», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «ի՞նչ գիպնոզ. մի քանի քաղցր խոսք որ ասեի, վռազ կսիրահարվեր ու էդ պոեմս մի քանի օրում կթարգմաներ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի քաղցր խոսքն ի՞նչ ա, որ չես ասել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «չկարեցա զգացմունքներս կեղծեի» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «համ էլ՝ չէի կարա կնոջս դավաճանեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «մի անգամ որ դավաճանում ես, հետո արդեն սովորություն ա դառնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «կնոջդ դավաճանած կա՞ս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «մի քանի անգամ պատահել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի կարմրելով ասաց՝ «նախքան ամուսնանալս եմ դավաճանել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ամուսնանալուց հետո չես դավաճանե՞լ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նախքան ամուսնանալս ինչքան դավաճանել եմ՝ հերիք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ամուսնանալուց առաջ մեր կատարած ղալաթները դավաճանություն չեն համարվում», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «դավաճանություն չեն համարվում, բայց շնանալ համարվում են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց, ամեն դեպքում, շատ մեծ տարբերություն կա՝ ամուսնացա՞ծ մարդն ա շնանում, թե՝ չամուսնացածը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեծ հաշվով նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ իմ հոգեւոր աստիճանն ունեցող մարդու համար», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դավաճանության ժամանակ պիտի էդ մասին մտածեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ ժամանակ էս հոգեւոր աստիճանը չունեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն վախտերը մտքովս հեչ չէր էլ անցնում, որ մի օր հոգեւոր էս աստիճանը կունենամ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էն վախտերը հոգեւոր էս աստիճանը չունեիր, բայց ավելի ուժեղ գիպնոզ էիր անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիպնոզն ընդամենը Աստծուց տրված մի պուճուր շնորհ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոնց որ՝ բանաստեղծական շնորհը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց ասում էիր, որ մարդը սատանայից էլ կարա գիպնոզի շնորհ ստանա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծական շնորհն էլ կարա սատանայից ստացվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «իմը չգիտեմ, բայց քոնը հաստատ Աստծուց ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «տարոսը քեզ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մնում ա՝ Նոբելյան տվողներն էդ բանը հասկանան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նոբելյանի համար հազար ու մի ուրիշ կարեւոր հանգամանքներ կան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կարեւոր հանգամանքներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրականության իմաստով դրանք երկրորդական հանգամանքներ են, բայց Նոբելյան մրցանակի իմաստով շատ կարեւոր են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «երեւի տեղյակ էլ չես, որ համաշխարհային հրեական լոբբին ա որոշում՝ էդ մրցանակն ում տան», եւ ես ժպտալով ասացի՝ «որոշ չափով տեղյակ եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարների գներն էլ են իրանք որոշում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նկարներ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «գեղանկարների» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օրինակ, իրանք են որոշում՝ Սարյանի կտավը հիսուն հազար դոլա՞ր գնահատեն, թե՝ հիսուն միլիոն դոլար», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց նկարիչներին Նոբելյան մրցանակ չեն տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարիչներին ու մաթեմատիկոսներին Նոբելյան չի հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միանգամայն տարբեր պատճառներով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց իրանց ուզած նկարիչների նկարները Նոբելյան մրցանակից էլ թանկ են գնահատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օրինակ, Արշիլ Գորկու նկարները» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «քո կարծիքով՝ Արշիլ Գորկի՞ն ա մեծ նկարիչ, թե՝ Սարյանը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իմ կարծիքով, հավասար նկարիչներ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ կարծիքով էլ են հավասար, բայց համաշխարհային հրեական լոբբին Արշիլ Գորկուն հազար անգամ թանկ ա գնահատում, քան՝ Սարյանին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամենախոշոր աուկցիոններն իրանք են կազմակերպում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեկի գներն արհեստականորեն քցում են, մյուսինը՝ բարձրացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սարյանին ամենաշատը հարուր հազար դոլար են տալիս, բայց Արշիլ Գորկին միլիոններ արժի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «պատկերացնո՞ւմ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «ո՞նց ես պատկերացնում. ախր հեչ պատկերացնելու բան չի», եւ ես ժպտալով ասացի՝ «պատկերացնելու բան չի, բայց փաստ ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «գոնե լավ ա, որ Արշիլ Գորկին էլ ա հայ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Մալեւիչն էլ հո հայ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «էդ անաստվածը մի հատ սեւ քառակուսի ա նկարել, եվրոյով մի քանի միլիոն են գնահատել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էդ «Սեւ քառակուսու» գնով կարաս Սարյանի թանգարանի սաղ նկարներն առնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «Սարյանի թանգարանի շենքն էլ հետը կառնես», եւ Ռաֆոն վրդովված ասաց՝ «բա ըտենց արդարություն կըլնի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Մալեւիչի «Սեւ քառակուսին» էն թվերի համար լրիվ նորություն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ էս պոեմս էլ ա լրիվ նորություն», եւ ես ժպտալով հարցրի՝ «աշխարհի մասշտաբո՞վ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էս պոեմս աշխարհի ու համաշխարհային գրականության մասշտաբով ավելի նորություն ա, քան՝ Հայաստանի ու հայ գրականության մասշտաբով», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չհասկացա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դժվար հասկանալու բան եմ ասում, բայց ըտենց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բացատրե՞մ՝ խի ա ըտենց», եւ ես ժպտալով ասացի՝ «բացատրի», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով բացատրեց ու ասաց՝ «որովհետեւ Նարեկացուն հայերը գիտեն, բայց աշխարհը չգիտի», եւ ես զարմացած հարցրի՝ «Նարեկացի՞ն ինչ կապ ունի», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ պոեմիս հիմքերը Նարեկացին ա դրել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ գրական ու մանավանդ բանաստեղծական արմատները նարեկացիական հողի մեջ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ դու էդ պոեմս կարդաս, միանգամից գլխի կընկնես, որ Նարեկացուց եմ ազդվել, բայց որ չինացին կամ հնդիկը կարդան, իրանց համար լրիվ նորություն կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «կարեւորը հրեաներն են» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ հրեական լոբբին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս պոեմս հրեաների համար էլ ա նորություն ըլնելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց հրեաները կուզե՞ն, որ հայերը Նոբելյանի տեր դառնան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ մասին էլ եմ մտածել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ես մտածել», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «հորս անունը Ալբերտ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Ռաֆոն խորհրդավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ալբերտը հրեաների մեջ շատ տարածված անուն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «Ալբերտը հրեակա՞ն անուն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչական ա, բայց Ալբերտ անունով լիքը հրեաներ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրինակ՝ Ալբերտ Էյնշտեյնը» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ կարդան՝ Ռաֆայել Ալբերտի Ահարոնյան, կարող ա մտածեն՝ ես էլ եմ հրեա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Ահարոնն էլ ա հրեական», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ էլ որ խորանանք, կարող ա պարզվի՝ Ռաֆայելն էլ ա հրեական» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «մի քիչ էլ որ խորանանք, կարող ա պարզվի՝ դու էլ ես հրեա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ամեն ինչ էլ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վախտին Տիգրան Մեծն ահագին հրեաներ ա Հայաստան բերել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց Տիգրան Մեծն էդ հրեաներին Վան ա բերել, ոչ թե՝ Մուշ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Վանից Մուշ էրկու ոտ տեղ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մորական կողմս հիսուն տոկոսով վանեցի են», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Նոբելյանը հիսուն տոկոսով ջեբդ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «քիչ չե՞ս ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գրողական չուզողություն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես որ ստանամ՝ ձեր ճամփեն էլ կբացվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ շատ ուզենա, Կասպարովն էլ կարա Նոբելյանիդ հարցում դեր խաղա», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու մտահոգ ասաց՝ «ոչ մեկը չի ուզենա, որ իրա մոտիկ մարդն իրանից բարձր դիրք գրավի», եւ ես հարցրի՝ «Նոբելյանն աշխարհի չեմպիոնությունից բարձր ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շախմատի գծով աշխարհի չեմպիոնությունը կարող ա Նոբելյանից էլ բարձր ըլնի, բայց, մեկ ա, Կարիկն իմ հաշվով դժվար թե էդ բանը կամենա», եւ ես հարցրի՝ «խի՞ չպիտի կամենա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ամեն հայ ուզում ա անձամբ ինքը հայ ազգի պատիվն ու անունը բարձրացնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «Կասպարովը հրեա չի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հայերի օրենքներով ջհուդ ա, ջհուդների օրենքով՝ հայ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ հայերի մոտ հայրիշխանություն ա, իսկ ջհուդների մոտ՝ ընդհակառակը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ իրանց ջհուդ ես ասում, դժվար թե՝ քեզ Նոբելյան տան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր մեջ ենք խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քեզ թվում ա՝ դու կուզե՞ս, որ ախպերդ Նոբելյան ստանա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ախպեր», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ռաֆայել Ալբերտի Ահարոնյանը», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ չպիտի ուզեմ» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չուզելու ոչ մի պատճառ չունեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ուզելու պատճառ ունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ո՞րն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ամեն տեղ գլուխ կգովամ, որ Նոբելյան մրցանակակիր ընկեր ունեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առողջ ես մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մյուս հայերն էլ քո պես մտածեին, էս օրին չէինք ըլնի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ օրի ենք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «Ղարաբաղի հարցը, փաստորեն, օդում կախված ա մնացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ Հայաստանի պրեզիդենտը դու ըլնեիր, Ալիեւի հետ մի քանի րոպեում էդ հարցը կլուծեիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ըտենց ենք մտածում, դրա համար էլ էս օրին ենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ենք մտածում», եւ Ռաֆոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «մտածում ենք, որ անձնական հարաբերությունները կարան ազգային հարցերում դեր խաղան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Նոբելյան ստանալս Ղարաբաղի հարցում կարող ա ավելի օգուտ ըլնի, քան՝ պրեզիդենտ դառնալս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ Նոբելյանս սրտանց ուզեիր, էդ հազար դոլարը կտայիր, էդ գործը գլուխ կբերեինք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ հազար դոլար ունենայի՝ կմտածեի», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ծանոթներդ էլ չունե՞ն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ունեցողներ կան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ սրտանց կամեցող ըլնեիր, իրանցից էդ հազարը կուզեիր, կտայիր ինձ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ ուզող ըլնեի, ի՛մ համար կուզեի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «քո համար ուզեիր՝ որ ի՞նչ անեիր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որ Նոբելյան ստանայի», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց կստանայիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գրածներս չինարեն թարգմանել կտայի՝ կստանայի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «վատ ես անում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն եմ վատ անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ուրիշների գաղափարները գողանալը շատ վատ բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կրակը չընկանք՝ սրտներս բացեցինք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ ըտենց ա՝ ճապոներեն կամ հնդկերեն թարգմանել կտամ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ինչ լեզվով էլ թարգմանել տաս, մեկ ա՝ գողություն ա ստացվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «այսինքն, Նոբելյանից ձեռ քաշե՞մ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նոբելյանի իմաստով որ վեկալենք, ես քեզանից մի հատ շատ մեծ առավելություն ունեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞րն ա», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայրանունս Ալբերտ ա, ազգանունս՝ Ահարոնյան» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Ռաֆայելն էլ՝ քեզ նվեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մենակ քո անունը հերիք ա, որ քեզ Նոբելյան մրցանակին մոտիկ չթողեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես էլ քո համեմատ մի հատ շատ մեծ առավելություն ունեմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ առավելություն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «իմ մորական կողմը հարուր տոկոսով են վանեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգացվում ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ց ա զգացվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ախպորդ Նոբելյանի համար հազար դոլարը շատ ես համարում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց առողջ եմ մտածում, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ աստիճան առողջ մտածելն էլ ա վտանգավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չափի զգացումը մարդու ամենակարեւոր հատկություններից մեկն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ չափի զգացումն էդքան լավ բան ա, բա խի՞ ես Նոբելյան մրցանակ ուզում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ մրցանակ ուզեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ավելի չափավոր մրցանակ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «չափավոր մրցանակը ո՞րն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «օրինակ՝ Թեքեյանի կամ, ասենք, նախագահի մրցանակները», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էդ Նոբելյանը մեր ազգի փառքի ու պատվի համար եմ ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ անձամբ իմ փառքի ու անունի մասին մտածեի, երեւի էդ ասածդ մրցանակներին ձգտեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ էդ Թեքեյանի մրցանակը մենակ Գրողների միության անդամներին են տալիս», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա ասում», եւ Ռաֆոն ասաց՝ «էդ մրցանակի հանձնաժողովի անդամներից մեկն ա ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ Թեքեյանի համար համ պիտի Գրողների միության անդամ ըլնես, համ էլ պիտի տպագրած գիրք ունենաս»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել