Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվելի գործի սկզբնաղբյուրը

Նոյեմբեր 20,2010 00:00

Հին Արեւելքի բուրմունքները

Շատերի կողմից սիրված դիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են շատ դարեր առաջ: Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արեւելքը՝ Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը: Հենց Արեւելքում է, որ արեւի կիզիչ ճառագայթներից, քամուց ու փոշուց, ինչպես նաեւ միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մարդ արարածը հղացավ մաշկը յուղով պատելու միտքը: Այնուհետեւ սովորական յուղը «համեմեցին» տարբեր տեսակի բուրմունքներով, եւ աստիճանաբար, օգտագործելով բուսական աշխարհի ընձեռած տարբեր հնարավորությունները, մարդիկ սովորեցին տարաբնույթ բույսերից ու միացություններից զանազան անուշահոտություններ ստանալ: Արդյունքում մարդիկ հասկացան, որ բնակլիմայական ազդեցություններից եւ միջատների խայթոցներից պաշտպանվելու նպատակով պատրաստված միջոցները կարող են օգտագործվել նաեւ օրգանիզմի կենսագործունեությունը բարձրացնելու եւ էրոտիկ զգացողություններն է՛լ ավելի ուժեղացնելու համար: Հին Արեւելքում բուրմունքների «արտադրությունը» համարվեց աստվածային եւ պատվելի գործ: Հին աստվածություններին աղոթելիս Միջագետքի բնակիչները մրմնջում էին. «Սովյալներին հաց տուր, աղքատներին՝ հագուստ, իսկ թափառականներին՝ քսուքներ ու յուղ»:
«Բարձրաշխարհիկ» դիմահարդարման միջոցների ի հայտ գալը պայմանավորված էր խիստ հողեղեն պատճառներով. մաշկի չորացում եւ արեւի ճառագայթների կործանարար ազդեցության վերացում, միջատների խայթոցի, մաշկի հողմահարման եւ կնճռոտման դեմ պայքար: Դիմահարդարման բոլոր «գլուխգործոցների» ստեղծման համար հիմք են ծառայել ամենասովորական միջոցները. բուսական յուղեր, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի եւ ընտանի թռչունների ճարպեր, մեղրամոմ եւ բուսական խեժ: Դրանցից ամենատարածվածը ձիթապտղի յուղն էր: Անտիկ պատմիչներ Ստրաբոնի եւ Հերոդոտեսի վկայությունների համաձայն՝ ամենաթանկը քնջութի յուղն էր: Այդ հոսուն, քաղցրահամ եւ անհոտ յուղն օգտագործվում էր թե կերակուր եւ թե զանազան դիմահարդարման միջոցներ պատրաստելու համար: Մինչ օրս օծանելիք արտադրող շատ ընկերություններ տարբեր բուրմունքներ ստանալու նպատակով կիրառում են քնջութի յուղը, քանի որ այն բնական հակաօքսիդանտ է եւ լավ է պահպանում բուրմունքները: Մերձավոր Արեւելքն իր բնակլիմայական գոտիներով շատ հարուստ էր դիմահարդարման համար օգտագործվող բուսականությամբ: Դրանք արտահանվում էին նաեւ Եգիպտոս. մրտենի, շուշան, ալոե, զանգակածաղիկ, անթառամ եւ այլն: Հին Պարսկաստանն էր, որ մարդկությանը նվիրեց մինչ օրս մեծ ժողովրդականություն վայելող հինան եւ բասման: Իսկ այդ բոլոր միջոցներին չքնաղ բույր ու էրոտիկ երանգ էին հաղորդում եթերային յուղերը:
Մերձավոր Արեւելքի բնակիչներից շատերի նախընտրած բույսը ազնվազարմ մրտենին էր, որին Հերոդոտեսը «Պարսկաստանի բույր» անվանումն էր տվել: Հնում Արեւելքում գոյություն ուներ ամուսնական գիշերվան նախորդող «լոգանքի օր» կազմակերպելու սովորույթ: Ու չնայած այն հանգամանքին, որ Ասորեստանի եւ Բաբելոնի հարուստների տներում դեռեւս մ.թ.ա. առաջին հազարամյակում լոգանք ընդունելն ամենօրյա կյանքի սովորական զբաղմունքներից մեկն էր համարվում, նորապսակների եւ հարսանեկան հյուրերի համար հատուկ լոգանք ընդունելը խիստ կարեւոր նշանակություն ունեցող ծես էր: Լոգանքի օրվան ձոնված տողեր կային նույնիսկ օրհներգերում: Աշխարհիկ գեղեցկուհիներն ամուսնական գիշերվանից առաջ նույնպես օգտագործում էին բուրումնավետ յուղեր: Իսկ աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար գեղեցկուհիներն իրենց թարթիչներին ու հոնքերին առատորեն սուրմա էին քսում: Դիմահարդարմանը մեծ նշանակություն էին տալիս հարեմներում ապրող կանայք, եւ դրանում որեւէ արտառոց բան չկա. չէ՞ որ նրանց օգտագործած օծանելիքներով էր երբեմն պայմանավորվում իրենց ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել