Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ»

Նոյեմբեր 23,2010 00:00

Ըստ Ալլադինի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է մասնակցել է թալանի, Սերժ Սարգսյանը վատ հեղինակություն ունի,   իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ սիրուն «ֆիգուրա»:

Գոյություն ունի մի շատ հայտնի կայք՝ www.akinator.com, որտեղ լամպից դուրս եկած Ալլադինը կարողանում է հարց ու պատասխանի միջոցով գուշակել, թե ում ես պահում մտքումդ: Կայքի այցելուն կարող է իրական եւ ոչ իրական ցանկացած կերպար մտքում պահել՝ սկսած «Դե սպասիր» մուլտֆիլմի գայլից մինչեւ, ասենք, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը կամ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ Ալլադինը մի քանի հարց տալով՝ ցույց է տալիս նրա լուսանկարը: Դա ինչ-որ գուշակի կամ կախարդի գովազդային կայք չէ, սկզբում շատ զարմանալի է թվում, թե ինչպես է համակարգիչը կարդում մտքերդ: Մի քանի խաղից հետո հասկանալի է դառնում, որ դա այդ կայքի տեղեկատվական բազայի վրա հիմնված խաղ է, եւ  հարցերը պատրաստվում են  հենց այդ տեղեկատվությունից ելնելով: Ըստ այդմ, հետաքրքիր է, թե մեր քաղաքական գործիչների մասին ինչ ընդհանուր կարծիք կա ինտերնետում:
Այսպես, երբ մտքում պահում ես, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հարցին ի պատասխան նշում ես, որ ընտրվել է Հայաստանի նախագահ, Ալլադինը միանգամից հարցնում է՝ նա Արցախի՞ց է, երբ պատասխանում ես՝ ոչ, հարցնում է՝ նա մասնակցե՞լ է թալանի: Սերժ Սարգսյանի դեպքում պետք է պատասխանել՝ ոչ, հակառակ դեպքում դա սխալ պատասխան է հաշվում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում երբ պատասխանում ես՝ ոչ, կայքը ճշտում է, որ պիտի պատասխանես՝ չգիտեմ, որովհետեւ նա հնարավոր է մասնակցել է թալանի: Նախագահ Սերժ Սարգսյանին մտքում պահելու դեպքում, երբ կայքը հարցնում է՝ նա վա՞տ հեղինակություն ունի, պետք է պատասխանել՝ այո, հակառակ դեպքում Ալլադինը շփոթվում է եւ արդեն ուրիշ մարդ է որոնում՝ չնայած պատասխաններից համոզվել էր, որ դա Ս. Սարգսյանն է: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կայքը գտնում է, որ նա Հայաստանի ամենահայտնի երիտասարդ քաղաքական գործիչներից է, բայց հայրենիքի պաշտպանության կռիվներին ոչ մի մասնակցություն չի ունեցել: Թե որտեղից է Ալլադինի այդ համոզվածությունը՝ պարզ չէ, բայց եթե այդ հարցին պատասխանես, որ քո մտքի կերպարը՝ Քոչարյանը, մասնակցել է կռիվներին, կայքը պնդում է, որ՝ ոչ: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց հարցին՝ թե ձեր պահած մարդը «գեղեցիկ ֆիգուրա» ունի՞, պետք է միանշանակ պատասխանես՝ այո, եթե նույնիսկ պատասխանես, որ չգիտեմ, դժվար է ասել, կայքը դա սխալ պատասխան է հաշվում:
Ուշագրավ է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասին տեղեկատվությունը: Երբ մի քանի հարցից հետո Ալլադինը գուշակում է եւ ցույց է տալիս նրա լուսանկարը, որպես պաշտոն գրում է՝ «Հայաստանի ամենահարուստ մարդը»:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մտքում պահելու դեպքում էլ, երբ կայքը պարզում է, որ քաղաքական գործիչ է, նախագահ չի դարձել, դաշտում գործում է, ռեստորան ունի, հարցնում է, թե մականունով նրան հաճա՞խ են կոչում, պատասխանում ես՝ այո, հաջորդ հարցը հետեւյալն է՝ նրան կնոջ անունո՞վ են կոչում: Այս հարցից թվում է, թե Ալլադինը շփոթել է, ասենք, Հակոբ Հակոբյանի հետ, բայց հետո, երբ գուշակում է, որ խոսքը հենց Սամվել Ալեքսանյանի մասին է, ճշտում է, որ պետք է խաղալիս պատասխանեիր, որ այո՛, նրան հաճախ են կոչում կնոջ անունով: Թե ինչ նոր մականուն ունի Ս. Ալեքսանյանը, որ հայտնի է միայն այդ կայքին, ավելի ճիշտ՝ Ալլադինին, պարզ չէ: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մականունը կայքը լավ գիտի:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին էլ նկատի ունենալու դեպքում պետք չէ վստահ նշել, որ նա նաեւ գործարար է եւ բիզնես ունի: Կայքը գտնում է, որ դա հաստատ չես կարող ասել: Իսկ, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ալլադինի կարծիքով, արդարադատության հետ կապված խնդիրներ ունի:
Երբ խաղի ընթացքում նշում ես, որ մտքումդ պահել ես Հայաստանի քաղաքական գործիչներից մեկին, համակարգիչը ճշտում է՝ նա հետախուզման մե՞ջ է, թե՞ ոչ: Եթե այո՝ բերում է Վանո Սիրադեղյանի նկարը, եւ հետաքրքիրն այն է, որ նա, ըստ համակարգչի, դեռ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ է: Եթե նշում ես, որ, ասենք, տվյալ քաղաքական գործիչը փոքր մորուք է պահում՝ անմիջապես բերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի նկարը: Խաչատուր Սուքիասյանին Ալլադինը գիտի որպես «ջրերի առեւտրով զբաղվող» գործարար, որը քաղաքականության հետ բացարձակապես կապ չունի: Իսկ երբ մտապահում ես Գարեգին Բ կաթողիկոսին, համակարգիչը հարցնում է՝ նա բուդդայապա՞շտ է: Բնականաբար, պատասխանում ես, որ ոչ, որովհետեւ մեր կաթողիկոսը քրիստոնյա է, մինչդեռ կայքը գտնում է, որ այդ հարցին չպետք է վստահ «ոչ» պատասխանեինք, որովհետեւ միգուցե կաթողիկոսը բուդդիզմի կողմնակից է, պարզապես մենք չգիտենք:
Ալլադինի «ճաշակը» կախված է կոնկրետ մարդկանց այդ կայքում տեղադրողների ճաշակից: Ասենք, յուրաքանչյուրը կարող է տեղադրել նոր Ռոբերտ Քոչարյան՝ իր ուզած պարամետրերով, կամ կարող է տեղադրել նույնիսկ «մեր թաղի Վլե»-ին՝ ավելացնելով անմիջապես Վլեին բնորոշ հատկանիշներ: Այդ իսկ պատճառով կայքում կա մի քանի հատ Ս. Սարգսյան, մի քանի հատ Գ. Ծառուկյան եւ այլն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել