Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհին կարեւորում է իր աշխատանքը

Նոյեմբեր 23,2010 00:00

Լիլուն իրեն փորձել է տարբեր բնագավառներում

«Մեծացել եմ այնպիսի ավանդական ընտանիքում, որտեղ Լիլիթիկը, այժմ՝ Լիլուն, իրավունք չուներ բեմ դուրս գալու եւ որոշակի տարիքի հասնելով՝ պետք է ունենար իր սեփական ընտանիքը»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Լիլուն: Նա պատմեց, որ ծնողները բնակվում են ԱՄՆ-ում եւ մասնագիտությամբ բժշկուհի մայրը, որը շատ լավ ձայն ունի, տիրապետում է երկու երաժշտական գործիքի՝ կիթառի եւ դաշնամուրի: Սակայն պապը՝ Սարգիս Կապտերյանը, ով 13 տարի թատրոնում խաղացել է Կարպ Խաչվանքյանի, Վահրամ Փափազյանի, Կիմ Երիցյանի հետ՝ արգելել է մորը զբաղվել երգչուհու կարիերայով:
Լիլուն նշեց, որ ինքը սովորել է Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցում, որից հետո Երեւանի գեղարվեստի քոլեջում, մասնագիտությամբ դիզայներ է: Ասում է, որ միշտ մտածել է, թէ դիզայներ է դառնալու, որովհետեւ այդ մասնագիտությունը շատ է սիրում: Ըստ երգչուհու՝ «երբ սկսեցի երգել, հասկացա, որ երգն իմ աշխարհն է, եւ երգի միջոցով կարողանում եմ ապրել ու իմ հույզերով կիսվել լսարանիս հետ»: Լիլուի փոխանցմամբ՝ շոու-բիզնես մուտք է գործել երաժշտական «Կռունկ» փառատոնից, հետո համագործակցել է Համլետ Գեւորգյանի հետ: «Չնայած շատ եմ սիրում ժողովրդական երգը, որովհետեւ բացի նրա ազնիվ ու մաքուր լինելուց, այն մեր ազգայինն է, բայց, այնուամենայնիվ, հասկացա, որ ժողովրդականն իմ ոճը չէ»,- ժպտալով ասաց երգչուհին:
Անդրադառնալով իր տեսահոլովակներին, հայտնեց, որ առաջինը «Թաց սերն»  էր, իսկ վերջինի հետ կապված ասեկոսեների մասին էլ, թե շատ համարձակ տեսահոլովակ էր, ասաց՝ «այդտեղ վուլգար ոչինչ չկա, եւ կարծում եմ, որ ամեն բան նրբաճաշակությամբ է համեմված»:
Երգչուհին  այժմ համագործակցում է Մանե Հակոբյանի, Հայկոյի, Վահրամ Պետրոսյանի եւ Ռիչարդ Մադլենյանի հետ: Նրա 4-5 տարիների աշխատանքը ամփոփված է իր առաջին ձայնասկավառակում:     
Լիլուն նաեւ նշեց, որ իրեն փորձել է տարբեր բնագավառներում՝ թե իբրեւ դերասան, թե հաղորդավարուհի, սակայն իրեն ամենահարազատը  երգարվեստն է: Ըստ նրա՝ շատ լավ է, երբ մարդն իրեն կարողանում է փորձել տարբեր ոլորտներում: Լիլուն հավելեց, որ այժմ իր համար ամենակարեւորը աշխատանքն է, իսկ հետագայում կմտածի նաեւ ամուսնության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել