Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՏՆԱԿՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"34 հազար ցուցանմուշները տնակից տնակ են տեղափոխում

Ավելի քան 20 տարի Լոռու մարզկենտրոն Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանը 12 աշխատողով գործում է տնակներում, հույս ունենալով, որ հաջորդ տարի շենքային բարվոք պայմաններ կունենա, ինչն առաջին հերթին հնարավորություն կտա պահպանել եւ ցուցադրել ավելի քան 34 165-անոց հարուստ ֆոնդը:
Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանը ստեղծման օրվանից՝ 1938թ.-ից մինչ օրս հիմնական տանիք չի ունեցել: Իր ծնունդը նշելով Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարկի տակ, տեղափոխվել է շենքից շենք՝ Վանաձորի թիվ 1 մշակույթի տուն, հին ծննդատան շենքի երկրորդ հարկ, Ալ. Թաիրովի կառուցած «Հայաստան» առողջարանի 4-րդ մասնաշենք, երաժշտական դպրոց: 1988-ի ավերիչ երկրաշարժը վերջնականապես խաթարեց թանգարանի բնականոն գործունեությունը: Ավերված շենքից բարեբախտաբար փրկվեց թանգարանի արժեքավոր հավաքածուն: Զրկվելով շենքից, թանգարանը շարունակեց գործունեությունը Վանաձորի Ռուսական եկեղեցու հարեւանությամբ տեղադրված տնակներում:
14 տարի թանգարանի աշխատակիցները հարուստ մշակութային ժառանգությունը պահպանել են առանց կայուն ջեռուցման եւ մշտական բնական լույսի: Առջեւում ձմեռ է: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանը կրկին մնալու է երկու էլեկտրական տաքացուցիչների հույսին: Միայն 2002թ.-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը Լոռու այն ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի որոշումով թանգարանին հատկացվեց համաբուժարանի տնակային շինությունը, որի պայմանները ոչնչով չեն տարբերվում նախկին տնակների պայմաններից: Տնակները գետնի վրա են, հողին կպած, հատակը խոնավությունից ոչ միայն ճկվում, այլեւ փտում է, ապահովելով կրծողների ազատ ելումուտը թանգարան, որոնք վնասում են հատկապես գորգերն ու կարպետները: Շենքում համապատասխան լուսավորություն, ջեռուցում, օդափոխման եւ ջրամատակարարման-ջրահեռացման համակարգ ու նույնիսկ բակում՝ ծորակ չկա: Հաճախակի ազդանշանային համակարգն է փչանում, շենքի պատերը փայտոջիլն է ուտում, ֆոնդերի պահպանման համար կայուն ջերմաստիճանի՝ տարիներ տեւող բացակայության պատճառով ցուցանմուշները կորցրել են իրենց որակը, որոշները՝ արդեն չկան: Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ոչ մի նմուշի համար՝ լինի դա արծաթ, անագ, բրոնզ, փայտ, պահպանման բարվոք պայմաններ չկան:
Թանգարանի տնօրինությունը բազմիցս դիմել է պատկան մարմիններին: Երկու տարի առաջ՝ կրկին Թանգարանների միջազգային օրվա առթիվ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը թանգարանի աշխատողներին խոստացել էր քարե շինություն տրամադրել: Մարզպետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել թիվ 3 հատուկ դպրոցի (ներկայիս արհեստագործական ուսումնարանի) տարածքը: Պարզվել է, որ տարածքը փոքր է եւ հավելյալ շինարարական աշխատանքներ են անհրաժեշտ, մեծ գումարներ են պահանջվում: Եզրակացություն է կազմվել, բայց նախագիծ չի մշակվել՝ գումար չլինելու պատճառով:
Ըստ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանի, թանգարանի համար շենքի կառուցումը միանգամից մի քանի հարց կլուծի: Նախ՝ այդքան կարեւոր ցուցանմուշները կփրկվեն կործանումից: Հետո՝ յուրաքանչյուր թանգարան համայնքի այցեքարտն է, շենքային բարվոք պայմաններով թանգարան ունենալը կխթանի տուրիզմի զարգացումը:

Հ. Գ. Որ թանգարանը գործում է նորմերին անհամապատասխան վայրում, տեղյակ են քաղաքային եւ մարզային իշխանությունները եւ բազմիցս փորձել են իրենց ուժերով խնդիրը լուծել: Հետաքրքիր էր, որ թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը նախ սիրահոժար պատմեց իրենց աշխատանքը խոչընդոտող խնդիրների մասին, հետո միայն փոշմանեց, պնդելով, որ «Առավոտը» ընդդիմադիր թերթ է: Նկատենք, որ «Առավոտը» թերթ է, քաղաքական կազմակերպություն կամ միավոր չէ, որ ընդդիմադիր կամ իշխանական լինի: Մենք մեր գործն ենք անում եւ տեղ ենք տալիս քաղաքական եւ հասարակական ներկապնակի բոլոր ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել