Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՄՏԱՎՈՐ ՏԱՌԱՊԱՆՔ ՊԱՏՃԱՌԵԼԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է

Նոյեմբեր 24,2010 00:00

Արտաքին զանգ լինել-չլինելու պատճառաբանությունը անտրամաբանական է

\"\"

Անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սանձազերծած հետապնդումները եւ բռնությունները վտանգ են սպառնում նրա կյանքին եւ առողջությանը:
Դրանց վերաբերյալ Նիկոլի հայտարարությունները եւ լրատվության հաղորդումները, որոնք բավարար առիթ են քրեական հետապնդում սկսելու համար, օրինական ընթացք չեն ստանում, ընդհակառակը՝ արվում է ամեն ինչ, որպեսզի կոծկեն ճշմարտությունը:
Այսպես. արդարադատության նախարարը գտնում է. «Եթե հայտարարության ժամին որեւէ արտաքին զանգ չի եղել, բայց արտաքին աշխարհում մարդկանց անհանգստացնում են եւ տեղյակ պահում իբրեւ թե տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա կարելի է ենթադրել, որ այն միտում է եւ ընդամենը մի պատրանք ստեղծելու, որ այս կամ այն դատապարտյալի նկատմամբ բռնություն է գործադրվում»:
«Կոշ» քրեակատարողականի վարչակազմն էլ գտնում է, որ Նիկոլը երազում կամ մղձավանջային վիճակում է եղել: Երեւակայության հանգամանքը բացատրում են նրանով, որ Նիկոլի մարմնի վրա բռնության հետքեր չկան, իսկ կացարանի մյուս դատապարտյալները հարձակումը չեն հաստատել:
Իմ կարծիքով, Նիկոլի նկատմամբ հետապնդումները իրականություն են, ըստ որում՝ նախապես ծրագրված եւ ուղղված նրա կյանքի ու առողջության դեմ, ինչը, ըստ էության, քրեական նորմով արգելված արարք է եւ առաջացնում է «խոշտանգում» հանցագործության կազմը (Քրեական օրենսգրքի 119 հոդված):
Հիշյալ հանցագործությունը բնորոշվում է նրանով, որ անձին դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ցավ, կամ տառապանք: Խոշտանգման միջոց կարող է լինել ցանկացած գործողություն, օրինակ՝ կտրելը, բութ կամ սուր գործիքով ոչ մեծ ծանրությամբ մարմնական վնասվածք պատճառելը, ջերմային եւ էլեկտրական հոսանքի օգտագործումը, սննդից, քնից զրկելը, կսմթելը, շնչահեղձելը, վիրավորական բնույթի գործողությունների գործադրումը եւ այլն:
Նորմի առաջին մասը պատիժ է նախատեսում ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Երկրորդ մասը նախատեսում է որակավորող կազմ, եթե այդ գործողությունները կատարվել են՝
1. երկու կամ ավելի անձի նկատմամբ,
2. անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից ծառայական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3. անչափահասի կամ հանցավորից նյութական, կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
4. ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5. մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6. առանձին դաժանությամբ,
7. ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով:
Անդրադառնանք միջադեպերի առումով արտաբերված տեսակետներին եւ կարծիքներին:
Հանցագործության դեպքի առկայության կամ բացակայության փաստը արտաքին զանգ կամ ահազանգ լինել-չլինելով պատճառաբանելը, անկասկած, անտրամաբանական է, քանզի այդ հանգամանքները լուծվում են միայն օրինական հետաքննության եւ նախաքննության արդյունքում՝ փաստական տվյալների գնահատմամբ:
Նախարարն առաջնորդվում է ենթադրությամբ, այդ դեպքում առավել հավանական է, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերին տեղի ունեցած հարձակումը կազմակերպել են քրեակատարողականի պաշտոնյաները կամ նրանց դրդմամբ ու համաձայնությամբ է կատարվել, որի պարագայում իրավամբ հայտարարության ժամին արտաքին զանգ չպետք է լիներ:
Հաջորդը՝ Նիկոլի մարմնի վրա բռնության հետքեր չլինելու եւ կացարանի դատապարտյալների կողմից հարձակման փաստը չհաստատելու հիմնավորմամբ դեպքը ժխտելը կատարյալ իրավական անգրագիտություն է եւ տգիտություն: Խնդիրը կայանում է նրանում, որ «խոշտանգում» հանցագործության պարագայում տուժողին պատճառվում է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք, իսկ երբ դրա հետեւանքով տուժողի առողջությանը պատճառվում է ծանր կամ միջին ծանրության վնաս, ապա արարքը որակվում է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ եւ 113 հոդվածի 5-րդ մասով (առանձին դաժանությամբ), որի դեպքում «խոշտանգում» հանցակազմը չի կիրառվում:
Բացի այդ, խոշտանգման դեպքում դատաբժշկական փորձաքննության առարկան ոչ թե մարմնական վնասվածքի ծանրության աստիճանն է, այլ այն գործողությունները, որոնք ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք կարող են պատճառել տուժողին: Հետեւաբար, Նիկոլի նկատմամբ միջադեպերով դատաբժշկական փորձաքննությունը պետք է պատասխանի, թե արդյոք «սալդատներ» կոչված խմբի հարձակման նախապատրաստությունը, ինչը հանցավորների կամքից անկախ հանգամանքներում չի իրականացել, կամ՝ մի խումբ անձանց կողմից Նիկոլին սպառնալիքների գործադրմամբ պայմաններ առաջադրելը, կամ՝  նոյեմբերի 11-ին, կեսգիշերին դիմակավորված անձանց կողմից դատապարտյալների կացարան ներխուժելը եւ Նիկոլի նկատմամբ բռնություն գործադրելու գործողությունները տուժողին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառե՞լ են, թե՞ ոչ:
Ի դեպ, Նիկոլին ապօրինի մենախցում պահելը նույնպես առաջացնում է «խոշտանգում» հանցագործության օբյեկտիվ կողմը եւ պաշտոնյաները միտված են մտավոր կամ հոգեկան տառապանք պատճառել նրան:
Իմ պատկերացմամբ, քանի որ Նիկոլի նկատմամբ հետապնդումները եւ բռնությունները հաճախակի են եւ բնույթով վտանգավոր, դրանք ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք են պատճառում տուժողին, ըստ այդմ, հանցավորների արարքը պետք է որակել Քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված), որի համար պատիժ է նախատեսված՝ 3-7 տարի ժամկետով ազատազրկում:
Անիմաստ է անդրադառնալ դատապարտյալների կողմից հարձակման փաստը չհաստատելու թեմային, քանզի դրա պատճառը քրեակատարողականում մեզնից ավելի լավ գիտեն, ինչը իրենց աշխատանքի արդյունքն է:
Նկատենք, որ ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք: Հիշյալ սկզբունքը ամրագրված է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագրում, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ից:
Սկզբունքի պահանջները մեր երկրում երբեւէ պատշաճ չեն իրականացվել, իսկ մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ, երբ հարյուրավոր մարդկանց ապօրինի զրկեցին ազատությունից, սկզբունքի գոյությունը դադարել է: Նրանց նկատմամբ գործադրվում են բռնություններ, ենթարկվում են հետապնդումների, նսեմացվում են մարդկային արժանապատվությունը, նրանց խնդրագրերը եւ հայտարարությունները թողնում են անհետեւանք, ինչը հեղինակազրկում է պետության իմիջը:
Իմիջիայլոց, առանձին միջադեպերով պատկան մարմինները արագ արձագանքում են, օրինակ՝ թղթակցի հետ հարցազրույցի առիթով բարեխիղճ մոլորությունը նենգափոխելով «զրպարտության», անհապաղ կալանեցին եւ ազատությունից զրկեցին Սարգիս Հացպանյանին, անբարո ժխտեցին հայրենիքի ազատագրման պայքարում նրա մասնակցությունը եւ վաղաժամկետ ազատումը չեն կիրառում:
«Չերեզ SMS»-ով անհապաղ քրեական հետապնդում սկսեցին գործարար Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ, ջարդեցին կոնցեռնի դռները, ձերբակալեցին նրան, տիրացան ինչին ուզում էին, ապա կարճեցին քրեական գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել