Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Ֆրոչին Միրանդայի ճակատագիրն է սպասվում»

Նոյեմբեր 24,2010 00:00 Share

\"\"Երեք օր մնաց երկրորդ միջին քաշային կարգում «Super Six Boxing World Classic» մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոններ, առաջին միջին քաշային կարգում՝ Արթուր Աբրահամի (IBF) եւ երկրորդ միջինում՝ Կարլ Ֆրոչի (WBC) մենամարտին:
Այս դիմակայությունը դասվում է անցնող տարում ամենասպասվածների շարքը եւ իր առաջացրած հետաքրքրությամբ, գուցե, գերազանցում է նաեւ Աբրահամ-Միրանդա մենամարտին: Բուքմեյքերները նոյեմբերի 27-ին Հելսինկիի ռինգում կայանալիք այդ մրցակցությունում, որի ժամանակ խաղարկվելու է նաեւ երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի չեմպիոնի թափուր տիտղոսը, գերադասում են Աբրահամի հնարավորությունները՝ նրա հաղթանակի դեպքում 1,7-ի դիմաց դնելով անգլիացու հաղթանակի 2,1 գործակից:
Արթուր Աբրահամը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք, որտեղ էլ շարունակում է նախապատրաստությունը: Հելսինկիում նրան անհամբերությամբ են սպասել եւ, ըստ ամենայնի, «Hartwall Areena» մարզահամալիրի տրիբունաներն զբաղեցնող մարզասերներն աջակցելու են Աբրահամին: Եվ նրանք դրա համար բավարար հիմնավորում ունեն, քանի որ Կարլ Ֆրոչը օրերս անհարգալի արտահայտություններ է արել Ֆինլանդիայի եւ ֆինների հասցեին:
Ֆիննական լրատվամիջոցները Արթուրի ժամանելուն պես հարցազրույցներ են ունեցել նրա հետ, որոնց՝ Աբրահամի պատասխանները ներկայացնում ենք հատվածաբար: Գնահատելով Ֆրոչի՝ ֆիններին եւ նրանց երկրի հասցեին ասածները, հայ գերմանացին ասել է. «Ես զարմացած եմ: Անդաստիարակություն է՝ վատ արտահայտվել այն երկրի մասին, որտեղ դու հյուր ես: Բայց բոլորը գիտեն, որ նա աջ ու ձախ ճամարտակում է: Եկեք սպասենք, թե նա ինչ կասի մենամարտից հետո, երբ ես նրան ոչնչացրած կլինեմ: Թեեւ վստահ եմ, որ ամեն կերպ արդարացումներ կփորձի գտնել, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Կեսլերին պարտվելուց հետո:
Իսկ ինչ վերաբերում է նաեւ իմ հասցեին արած վիրավորական արտահայտությունների եւ դրանց՝ ինձ վրա ունեցած ազդեցության մասին, ասեմ, որ ես դրանք, պարզապես, բանի տեղ չեմ դնում: Միակ մարդը, ում հաջողվել է ինձ անհանգստացնել, Էդիսոն Միրանդան է եղել: Բայց դա նրան ոչ մի լավ բանի չբերեց. նախ ես նրան հաղթեցի անգամ կոտրված ծնոտով, ապա նոկաուտի ենթարկեցի ռեւանշ-մրցամարտում: Ֆրոչին, կարծում եմ, նույն ճակատագիրն է սպասվում»:
Աբրահամ-Ֆրոչ հակամարտության հավանական ելքի մասին խոսել են նաեւ անվանի բռնցքամարտիկները: Գերծանր քաշային Նիկոլայ Վալուեւը հայտարարել է, որ մենամարտի օրը ինքը գտնվելու է դահլիճում եւ երկրպագելու է Աբրահամին: Իսկ Միկկել Կեսլերը, ում պարտվել է Ֆրոչը, աշխատել է միանշանակ կանխատեսումներից ձեռնպահ մնալ: Նրա խոսքերով, Աբրահամն անչափ ուժեղ է եւ նա կհաղթի, եթե հենց սկզբից ակտիվություն դրսեւորի եւ գրավի ռինգի կենտրոնը: Հաղթանակի հնարավորություն ունի նաեւ Ֆրոչը, որի արգումենտներն են ֆիզիկական տվյալները՝ բարձր հասակը, մասսան, ձեռքերի երկարությունը եւ շարժունակությունը: «Այնպես որ, մարտը կարող է ցանկացած ելք ունենալ»,- ասել է Կեսլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել