Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական պատմություններ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Խոսքը բռնցքամարտի, հատկապես՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին է, որտեղ մահացությունները համեմատաբար շատ են:

\"\"
Էմիլ Գրիֆֆիտ

\"\"
Բեննի Պատեր

\"\"
Ռեյ Մանչինի

Բռնցքամարտը, չնայած խիստ կանոններին, դաժան մարզաձեւ է: Հիմա, բարեբախտաբար, ռինգում եւ դրանից դուրս դժբախտ հետեւանքների քանակը նվազել է: Իսկ առաջներում ողբերգությունները հաճախակի բնույթ էին կրում:

Էմիլ Գրիֆֆիտը շատ ուժեղ հարված չուներ, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մյուս գաղտնիքներին տիրապետում էր կատարելապես: Նա կիսամիջին քաշային կարգում տիտղոսային առաջին մենամարտն անցկացրել է 1960 թվականին՝ Բեննի Պատերի հետ եւ նրան նոկաուտի ենթարկել 13-րդ ռաունդում: Իսկ դրանից հետո նրանց երրորդ մենամարտը ողբերգական ավարտ ունեցավ: 12-րդ ռաունդում Գրիֆֆիտը մրցակցին ռինգի անկյունում գամեց ճոպաններին ու սկսեց հարվածների տարափ տեղալ: Ճիշտ է, ռեֆերի Ռուբի Գոլֆշտայնը շուտով դադարեցրեց մարտը, բայց արդեն ուշ էր: Պատգարակով հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Պատերը վախճանվեց: Դրանից հետո Գրիֆֆիտը հանդիպել է աշխարհի 10 չեմպիոնի հետ՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 339 ռաունդ՝ ավելի, քան որեւէ մեկը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ:

Ռեյ Մանչինին տիպիկ ամերիկացի բռնցքամարտիկ էր եւ հաղթել էր մի շարք անվանիների: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու նրա առաջին փորձը 1982-ի աշնանն էր՝ հարավկորեացի հավակնորդ Դուկ Կու Կիմի հետ: Մենամարտից առաջ Մանչինին հյուրանոցի իր սենյակի հայելու վրա գրել էր. «Սպանիր, կամ սպանվիր»: Մենամարտը Կիմի համար անչափ ծանր էր. Մանչինին ամբողջ 14 ռաունդ «գնդակահարում» էր մրցակցին: Իսկ երբ հարավկորեացին արդեն ի վիճակի չէր շարունակել, շոուն ավարտվեց Կիմի՝ ուղեղի արյան զեղումով: Հինգ օր անց նա մահացավ: Սակայն դա ողբերգության միայն սկիզբն էր: 1983-ի փետրվարին այդ մենամարտի ռեֆերի Ռիչարդ Գրինն ինքնասպան եղավ, իսկ որոշ ժամանակ անց նրա ճակատագիրը կրկնեց նաեւ Դուկ Կու Կիմի մայրը: Մրցակցի մահը հոգեկան խոր ապրումների մեջ էր գցել նաեւ Ռեյին, որը ժամանակավորապես դադարեցրել էր մրցելույթները: Ճիշտ է, ի վերջո Մանչինին ուշքի եկավ, սակայն հոգեբանական վնասվածքն այդպես էլ մնաց մինչեւ վերջ:

Նմանատիպ պատմություններ բռնցքամարտից շատ կարելի է բերել: Սակայն պակաս մտահոգող չէ նաեւ այս մարզաձեւի ներկայացուցիչների մեջ ինքնասպանություն երեւույթի բարձր տոկոսը, ինչը հոգեկան ինչ-ինչ խնդիրների հետեւանք է: Ընդ որում, շատերը կյանքի հետ հաշիվները մաքրում են պրոֆեսիոնալ կարիերայի վերելքի ժամանակ կամ ավարտելուց հետո: Ատրճանակ, պարան, ավտոմեքենա, բարձրահարկ շենքի պատուհան… ահա նրանց վերջին ճանապարհը: Օրինակ, 1966 թվականին Ռենդի Տարպինը անձնական կյանքում եւ, գուցե, նաեւ այլ խնդիրների պատճառով սպանել է իր մեկուկես տարեկան դստերը, հետո կյանքին վերջ տվել ատրճանակով: Ֆրեդի Միլզը, որ լայթ-հեւի մրցաձեւում աշխարհի չեմպիոնն էր եւ հաճախ մենամարտում էր իրենից զգալիորեն ծանր մրցակիցների հետ, կարիերայի վերջին պարտությունից հետո գլխի անտանելի ցավեր ուներ: 1965 թվականին նա ինքնասպան եղավ իր իսկ ավտոմեքենայում: Ռիկի Վոմակը սիրողական բռնցքամարտում համաշխարհային մակարդակի մարզիկ էր: Նա երեք անգամ հաղթել էր հանրահայտ Էվանդեր Հոլիֆիլդին: Շատերը նրան չեմպիոնական ապագա էին գուշակում: Բայց նա դատապարտվեց զինված հարձակման համար եւ 14 տարի անցկացրեց բանտում: Ի զարմանս շատերի, նա 2002-ի նոյեմբերին, ազատ արձակվելուց հետո, վերադարձավ ռինգ եւ չորս անընդմեջ հաղթանակ տարավ: Սակայն 2002 թվականին Վոմակն անհայտ պատճառներով ինքնասպան եղավ: Այդ ժամանակ նա 40 տարեկան էր: Գաբրիել Հերնանդեզը, որ Դոմինիկյան Հանրապետության հավաքականի կազմում մասնակցել էր Ատլանտայի օլիմպիական խաղերին, դարձել Պանամերիկյան խաղերի հաղթող, 1999 թվականի մայիսին IBF վարկածով երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոնական գոտու համար պայքարելու իրավունք ստացավ: Սակայն մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեց Սվեն Օտկեին: Դրանից հետո Հերնանդեզը շարունակեց կարիերան՝ ունենալով այդ միակ պարտությունը: Կարիերայի վերջին մենամարտում նա, որ ընդամենը 27 տարեկան էր, նոկաուտով հաղթանակ տարավ հենց առաջին ռաունդում: Իսկ գրեթե մեկ շաբաթ հետո կախվեց՝ որբ թողնելով երեք երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել