Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղտոտ խաղեր

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Թեթեւագույն քաշային աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային մենամարտում վանաձորցի Վիկ Դարչինյանին մրցավարները ձայների տարաձայնությամբ պարտություն գրանցեցին, ինչը մարզաձեւի սիրահարների եւ մասնագետների բուռն քննարկումների առիթ է դարձել: Մարտի հաջորդ օրը մեր մասնագետները, որոնց հետ հասցրել ենք զրուցել, միակարծիք էին, որ թեեւ դա Վախթանգի լավագույն մենամարտերից չէր, սակայն հաղթանակը միանշանակ նրանն էր: Այս համոզմունքն է գերիշխում նաեւ կայքերի ֆորումներում իրենց կարծիքները տեղադրած մարզասերների շրջանում:
Երեկ հեռախոսազրույց ունեցանք Վիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Նրանք նոր էին Լոս Անջելես ժամանել: Տրամադրությունն ընկած էր, սակայն, մեր խնդրանքով, մեկնաբանեց կատարվածը: «Շոկի մեջ ենք: Վախթանգը հաղթած էր, դրանում երկու կարծիք չկա: Սակայն այս էլ ո՞րերորդ անգամ նրա թիկունքում կեղտոտ խաղեր են խաղում: Ճիշտ է, մրցակիցն անընդհատ առաջ էր գնում, սակայն Վախթանգի դիմավորող եւ հակագրոհային հարվածներն ավելի դիպուկ ու ցնցող էին: Այդպես էր առնվազն ամբողջ ութ ռաունդ, մինչեւ ռեֆերին Վիկին չեղած նոկդաուն գրանցեց: Այստեղ՝ ԱՄՆ-ում, «Showtime»-ը մի քանի անգամ այդ դրվագը կրկնել է ու պարզորոշ երեւում է, որ հարված, որպես այդպիսին, չկար: Դրա փոխարեն Վախթանգի ընկնելուն նպաստեց Մարեսի ոտքը: Եվ եթե անգամ հաշվի առնենք դրա համար հայ մարզիկից հանված միավորները, ապա հաշիվն առնվազն պետք է հավասար լիներ: Իսկ նման դեպքերում հաղթանակը շնորհվում է չեմպիոնին: Ասեմ ավելին, մեր տղաները պարզել են, որ կողային մրցավարներից մեկը մարտի ավարտին Վախթանգի օգտին արած իր իսկ գրանցումները ջնջել եւ փոխել է: Եթե սիրողական բռնցքամարտում մրցավարը պրոտոկոլը հանձնի այդ վիճակում՝ ջնջումներով, նրան կզրկեն մրցավարությունից: Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում արդեն ո՞րերորդ անգամ նման խայտառակ փաստի ականատեսն ենք դառնում»:
Հարցին, թե ինչի՞ համար են Վախթանգի հետ այդպես վարվում եւ նա այսքանից հետո ի՞նչ է մտածում, Վազգեն Բադալյանը պատասխանեց. «Մարեսի պրոումոթերը հանրահռչակ Օսկար դե Լա Հոյան է, որն այդ աշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Իսկ ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, դեռ պետք է կողմնորոշվել: Հնարավոր է, որ Վիկը բողոքարկի արդյունքը, որը, թերեւս, արդյունք չի տա՝ այդքան կոռումպացված է ոլորտը: Բացառված չէ նաեւ, որ հրաժարվի մրցաշարում մնալուց: Հիմա նա առաջարկ ունի վերադառնալ նախկին քաշային կարգ, որտեղ WBC/WBA գոտիներն իրենն են եւ երկրորդ անգամ մենամարտի IWF-ի չեմպիոնի կոչումը նվաճած Խորխե Արսեի հետ եւ հաղթելու դեպքում կրկին նվաճել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Բայց Դարչինյանը նաեւ այլ նպատակ ունի՝ բարձրանալ ավելի բարձր քաշային կարգ եւ նոր գոտի նվաճելով՝ նոր ռեկորդ սահմանել: Թե սրանցից ո՞րը կընտրի, կերեւա մոտ օրերս: Ի դեպ, նա այս մարտից հետո պետք է մեկներ Ավստրալիա, բայց, հնարավոր է, գա Հայաստան: Այդ ժամանակ էլ ինքը կպատասխանի իր երկրպագուներին հուզող բոլոր հարցերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել