Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՄՈՐԹ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻՆ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԵՆ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Իսպանական պարերի հիմքում անկաշկանդ շարժումներն են, սերը, կիրքը

Երեկ «Kami» ակումբում Իսպանական կենտրոնը նշեց իր տարեդարձը: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Աշոտ Փարսյանն ասաց, որ այս տարի նշում են իրենց 7-ամյակը:

«Մեր կենտրոնը Հայաստանում հայտնի է իր լատինաամերիկյան միջոցառումներով, փառատոներով, ֆիլմերի ցուցադրություններով, ունենք նաեւ ռադիո եւ հեռուստահաղորդումներ»,- ասաց Ա. Փարսյանն ու հավելեց, որ կենտրոնն ունի լատինաամերիկյան պարերի պրոֆեսիոնալ պարուսույց, որին, ի դեպ, մեծ դժվարությամբ են կարողացել Հայաստան բերել: Իսկ դժվարությունները, Ա. Փարսյանի խոսքերով, հիմնականում պայմանավորված են նրանով, որ կենտրոնը որեւէ մեկի հովանավորության տակ չի գտնվում:

«Ճիշտն ասած, ոչ մեկին չենք դիմել, քանի որ անիմաստ է: Իսկ յոթ տարվա ընթացքում դրական շարժ կա. կենտրոնը ունի իր հիմնական տեղը եւ կարողանում է սեփական ուժերով միջոցառումներ կազմակերպել: Ցանկացած միջոցառման, նախագծի որոշողը ես եմ լինում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ թե եկամտաբե՞ր է նման կենտրոն պահելը, Ա. Փարսյանը այսպես պատասխանեց. «Իսպանական կենտրոնով մեծ գումարներ հաստատ չես վաստակի»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իսպանական կենտրոն հաճախելը թանկ հաճույք է: «Եթե գումարի տեսքով ասեմ, ապա ամսական 20000 դրամ է կազմում: Ճիշտ է, շատերը գուցե նախընտրում են տալ 3000 դրամ եւ իրենց ծանոթի, ոչ պրոֆեսիոնալի մոտ գնալ պարել սովորել»,- նշում է Ա. Փարսյանն ու հավելում նաեւ, որ իսպանական հարուստ մշակույթի մասին Հայաստանում զրո տոկոս ինֆորմացիա կա:

Ա. Փարսյանը հիշեց նաեւ, որ երկար ժամանակ իր նյարդերի վրա ազդել են Հայաստանում իսպանական պարեր պարող «վադալազկայով» տղաները, ինչը, ըստ մեր զրուցակցի, շատ գեղեցիկ է նայվում միայն Իսպանիայում:

Խոսելով իսպանական կենտրոնի մասին, Ա. Փարսյանը հավելեց նաեւ, որ իրենց կենտրոնի նպատակն է՝ իսպանական մշակույթով հետաքրքրվողներին ամեն ինչ ճիշտ ու գրագետ ցույց տալ:

«Ասեմ, որ մեզ մոտ իսպաներեն դասավանդում են բացառապես իսպանախոս մարդիկ: Մեր դասախոսները իսպանացիներ են եղել»,- հայտնում է Ա. Փարսյանը:

Հարցին՝ որքա՞ն է այժմ կենտրոնի սաների թիվը, Ա. Փարսյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ ինքը «արտաքին գործերի նախարարն» է եւ ավելի շատ զբաղվում է նախագծերով, միջոցառումներով, իսկ նման հաշվարկներ չի հասցրել անել:

Նրա խոսքերով, զգալի աճ է նկատվում պարի դպրոցում: Ըստ Ա. Փարսյանի, հավանաբար, մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջանում հեռուստատեսային տարբերակը նայելուց հետո:

Մեր հաջորդ հարցին էլ՝ արդյոք հայերին հաջողվո՞ւմ է յուրացնել իսպանական պարերը, Ա. Փարսյանը պատասխանեց. «Մի տեսակ շինծու բան եմ նկատում շարժումների մեջ: Իսկ իսպանական պարերի հիմքում անկաշկանդ շարժումներն են, սերը, կիրքը: Կան բարդույթներ, որոնցից հայերը դեռ պետք է ձերբազատվեն»:

Ի դեպ, բարդույթների մասին հարցրեցինք նաեւ պրոֆեսիոնալ պարուսույցի՝ Կուբանոյի կարծիքը, ով մեզ հետ զրույցում անկեղծացավ եւ ասաց, որ հրաշալի աշակերտներ ունի: Հատկապես խոսեց իգական սեռի ներկայացուցիչների մասին: Նաեւ նշեց, որ ինքը ամուսնացած է, որդի ունի, բայց, այդուհանդերձ, հայուհիները նրան գայթակղել են: «Հայուհիները շատ գրավիչ են»,-ժպիտը դեմքին մեջբերում է Կուբանոն եւ հորդորում իսպանական ռիթմերի ներքո լիցքաթափվել ու զվարճանալ, ինչն էլ «կրքոտ» երեկոյի ընթացքում փորձում էին անել երիտասարդները, թեպետ «Kami» ակումբում կային նաեւ, ինչպես միշտ, պասիվ մասնակիցներ, որոնք պարզապես նայողի կարգավիճակում էին ռելաքսացիայի ենթարկվում՝ վայելելով շամպայն, ոգելից խմիչքներ եւ, իհարկե, իսպանական ռիթմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել