Լրահոս
Օրվա լրահոսը

Անսթափ ոստիկանը՝ մոր եւ դստեր մահվան պատճառ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը, ժամը 00։20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի E109 PH 26 ՌԴ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու կանանց եւ նրանց թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։ Փախուստի ժամանակ Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում նա ընդհարվում է Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու 4-րդ շենքի բնակիչ 38-ամյա Նորայր Վլադիմիրի Մխիթարյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված 50-ամյա Կարինե Գասպարյանը տեղում մահանում է, իսկ նրա դուստրը՝ 18-ամյա Աննա Գասպարյանը, շտապօգնության մեքենայով տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր եւ դեկտեմբերի 23-ի կեսօրին մոտ, գիտակցության չգալով, մահանում է:
Կարինե Գասպարյանն աշխատում էր «Ֆիգարո» գեղեցկության սրահում՝ որպես վարսահարդար, իսկ Աննան սովորում էր Երեւանի Սլավոնական համալսարանի 2-րդ կուրսում:
Դեպքի վայր ժամանած Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, Վաղարշյան փողոցում կարողանում են բռնել փախուստի դիմած վարորդին: Պարզվում է, որ նա 32-ամյա Արթուր Կարլենի Հովհաննիսյանն է, ով բնակվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում՝ որպես ոստիկան (կոչումով ավագ): «Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության ավագը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, անգամ՝ ծառայողական վկայականը: Պարզապես մեքենայում մշտապես պահել է ոստիկանական համազգեստ՝ «կամուֆլյաժ»: ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետը նրա ավտոմեքենայի դիմապակուն հայտնաբերել է կանացի մազեր եւ արյան հետքեր:
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել