Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բյուջեն հաստատվեց

Դեկտեմբեր 24,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանում գումարվել է Երեւանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգի գլխավոր հարցը Երեւանի 2011թ. բյուջեի հաստատումն էր: Այս եւ մնացած հարցերը ընդունվել են միաձայն:
ԲՀԿ խմբակցության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել ավագանու «Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության տուրքերը սահմանվել են գոտիականության սկզբունքով՝ նախկին երեքի փոխարեն Երեւանը բաժանելով չորս գոտու: Քաղաքապետը նշել է, որ հետագայում տուրքերի դրույքաչափերը սահմանելիս պետք է նկատի առնել նաեւ առեւտրային տաղավարների մակերեսները, որպեսզի փոքր կրպակն ու մեծ սուպերմարկետը ստիպված չլինեն նույն գումարը վճարել:
Երեւանի 2011թ. զարգացման ծրագիրը հաստատվել է որպես ուղեցույց, նկատի առնելով, որ այն գալիք տարվա ընթացքում լրամշակման կենթարկվի:
Երեւանի 2011թ. բյուջեի եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ: 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին: Երեւանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է ծախսային մասը: Հարկային մուտքերն ու սեփական եկամուտները եւս 14 տոկոսով ավելի են նախատեսված: Երեւանի քաղաքապետի գնահատմամբ՝ բյուջեի եկամտային մասը մեղմ է պլանավորված: Մասնավորապես, քաղաքապետը նշեց, որ ապառքների արդյունավետ կառավարման շնորհիվ կարելի է ավելի մեծ եկամուտներ ակնկալել: Նիստի ընթացքում Երեւանի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ են տրվել ստեղծագործական միավորումներին եւ որոշակի թվով ֆիզիկական անձանց՝ հիմք ընդունելով նախապես կատարված ուսումնասիրությունները: Քաղաքապետը խոսել է տնտեսության մեջ ներդրումների ավելացման եւ տուրիզմի խթանման մասին. «Երեւանը միակ մայրաքաղաքն է, որտեղ ամանորյա տուրիզմը գտնվում է զրոյական մակարդակի վրա: Նոր տարվան որեւէ զբոսաշրջիկ մեզ մոտ այցելելու ցանկություն չի հայտնում, որովհետեւ մինչեւ հունվարի 4-5-ը բոլոր հաստատությունները Երեւանում փակ են: Կան տուրիստական քաղաքի չափորոշիչներ, որոնց Երեւանը պետք է անպայման համապատասխանի»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանը հիմք ընդունելով մայրաքաղաքի հեռանկարային զարգացումը, պետք է ունենա եւ գործարարներին ներկայացնի ներդրումային առաջարկների տարբեր փաթեթներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել