Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ գոտուն»՝ կանաչ ճանապարհ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Երեկ կայացած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մեզանում առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին: Հիշեցնենք, որ նախորդ օրը ՌԴ վարչապետ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ազատ տնտեսական գոտիներին» եւ ասել, որ մասնավորապես, «Մարս» գործարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի, եւ որ նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է: Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ եւս 20 օրենքներում եւ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նպատակն է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման հուշագրի հիման վրա կազմված ՀՀ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Նախաձեռնության նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք արծարծվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման ժամանակ:
Վարչապետը շնորհավորել է «Շանհայ էքսպո-2010»-ի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մշակութային ծրագրի հեղինակներին եւ կատարողներին, ում համատեղ ջանքերով հայկական տաղավարը լավագույնն է ճանաչվել, իսկ չին գործընկերներն առաջարկել են շարունակել դրա ցուցադրությունը: Երեւանի քաղաքապետարանն իր հերթին է հնարավորություն ստեղծում, որպեսզի տաղավարը ցուցադրվի նաեւ մայրաքաղաքում եւ հասանելի դառնա երեւանցիներին:
Կառավարությունը նաեւ համաձայնություն է տվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ մաքսային անցակետերի համատեղ օգտագործման փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը, որի նպատակն է հեշտացնել կողմերի միջեւ առեւտրային հոսքերը, օգուտ քաղել եղած մաքսային անցակետերի արդյունավետ շահագործումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել