Լրահոս
Օրվա լրահոսը

Քյալյանը չի՞ վճարում

Դեկտեմբեր 24,2010 00:00

Ըստ 1in.am-ի, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը կամայականորեն չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձը: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ձեռքը քարի տակ է, գրում է 1in.am-ը, որի աղբյուրների փոխանցմամբ, կնոջ համար ռեկտորի պաշտոնը գնելու նպատակով Սամվել Մայրապետյանը 700 հազար դոլար է ծախսել, սակայն տիկինը ռեկտոր աշխատած տարիներին ոչ միայն ետ է «վաստակել» այդ գումարը, այլեւ այն հարյուրապատկել է՝ կրթությունը վերածելով բիզնեսի: Դրանից զատ, նրան հաջողվել է կրթական օջախի իր գործառույթները համատեղել հյուրանոցաքոթեջային բիզնեսի հետ, որպիսի հնարավորություն նրան ընձեռել է Սեւանում գտնվող «Եթեր» հանգստյան տունը, որն այժմ Բժշկական համալսարանի հաշվեկշռում է: Այն Գոհար Քյալյանի տիրապետությանն է անցել 2007թ.-ին, երբ հանգստյան տունը Հեռուստառադիոպետկոմի հաշվեկշռից հանվեց եւ փոխանցվեց Բժշկական համալսարանին՝ այն միակ պատճառաբանությամբ, թե չեն կարողանում այն պահել: 1in.am-ի մատուցմամբ, հանգստյան տանը տիրանալուց հետո, Գ. Քյալյանը կադրային ջարդ սկսեց՝ սկիզբն ազդարարելով տնօրենից ազատվելով ու նրան ենթականերից մեկով փոխարինելով: Հատկանշական է այն հանգամանքը, որ հանգստյան տունը թեեւ գործում է, բայց աստիճանաբար աշխատակազմը փոքրանում է: Ասում են՝ Գոհար Քյալյանը աշխատակիցներին ազատելու մի քանի տարբերակ ունի. ոմանց սպառնալիքներով հրամայում է, ոմանց կաշառելով է աշխատանքից ազատում, իսկ ամենահամառներին պարզապես զրկում է աշխատավարձից՝ հետեւելով, թե նրանք առանց աշխատավարձի որքան երկար կարող են աշխատել: Քյալյանը ցանկանում է հանգստյան տունը սեփականաշնորհել միայն իր անունով, այն էլ՝ մինչեւ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները:
«Եթերի» սեփականաշնորհման գործում նրա գլխավոր աջակիցը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է: Նրանք վճռական են տրամադրված եւ ցանկանում են մինչեւ ռեկտորի ընտրությունները սեփականաշնորհել տարածքը, սակայն ավելորդ աղմուկից խուսափելու համար առայժմ սայլը տեղից չշարժելու հրահանգ են ստացել: Ամեն դեպքում՝ Քյալյանը լիահույս է, որ սեփականաշնորհման գործընթացը հաջողությամբ կկազմակերպվի նույնիսկ ռեկտորի ընտրություններից հետո, քանի որ վստահ է, որ կամ կմնա ռեկտորի պաշտոնին, կամ կզբաղեցնի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայիս պաշտոնը եւ այդ ժամանակ առհասարակ խնդիրներ չի ունենա ապօրինի արտոնություններից օգտվելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել