Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ ԿԱՄՓՈՓԻ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Երբ թերթերն արդեն արձակուրդում կլինեն

Ի թիվս այլ նախարարների, մշակույթի նախարար Հասմիկ Պողասյան էլ կամփոփի 2010-ը, ու նախորդ տարիների պես դարձյալ այն օրերին, երբ տպագիր ԶԼՄ-ներն արձակուրդում կլինեն: Այդպես ավելի ապահով է՝ մեկ-երկու յուրային TV կհրավիրեն, որ նկարեն ու ցույց տան, թե ինչ հրաշալի է ամեն ինչ ոլորտում: Ու քանի որ այդ օրերին մեր թերթը չի տպագրվելու, մենք էլ յուրովի կամփոփենք «մշակութային» տարին, ափսոս, չենք կարողանա զետեղել տիկին Պողոսյանի մեկնաբանությունները՝ մամուլում իր պաշտոնանկության մասին հերթական անգամ շրջանառվող լուրերի «մասով», չենք տպագրի նաեւ նրա կարծիքը՝ արդյո՞ք ինքը համապատասխանում է ՀՀԿ-ի 20-ամյակի հանդիսության ժամանակ ՀՀ նախագահի ուրվագծած՝ պետական չինովնիկի կերպարին:
Սկսենք մշակույթի նախարարության պաշտոնական՝ mincult.am կայքից, որը այս գերատեսչության գործունեության ու կերպարի փայլուն արտահայտությունն է՝ ընդամենը հայտարարությունների տախտակ է եւ ներկայացնում է հիմնականում նախարարի ֆոտոսեսիայի հետեւանքները: Վերցնենք նախարարության պաշտոնական պատասխաններից մեկը՝ թերթերից մեկի հրապարակման առիթով, որ տեղադրված է mincult.am-ում դեկտեմբերի 17-ին: Տպավորությունն այն է, որ ոչ թե գերատեսչության տեսակետ ես կարդում, այլ հայտնի հայհոյաբերան այն թերթը, որը բարեբախտաբար այլեւս չի տպագրվում:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի դեկտեմբերի 15-ի «Սունդուկյանի թատրոնը «աճուրդի՞» է հանված» հրապարակման առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չի վաճառվում, շենքի սեփականության ձեւը, ինչպես նաեւ գործառույթը չի փոխվում: Ինչ վերաբերում է թատերագետ Լեւոն Մութաֆյանի սին, մտացածին՝ դեռեւս «Շառոյանի ժամանակներից» եկող մտավախություններին ու տագնապներին, խորհուրդ կտայինք առաջնորդվել ժողովրդական բանահյուսության տրամաբանությամբ՝ «կասկածները հոշոտում են քեզ, խաչակնքվի՛ր»՝ հիրավի «մշակութային» մեկնաբանություն:
mincult.am-ն ունի նաեւ «Արձագանքներ» բաժինը, որը, փաստորեն, միայն շնորհակալությունների համար է՝ նախարարության տրամաբանությամբ արձագանքները պիտի միայն դրական լինեն, դրա համար էլ կայքում վերցրել ու զետեղել են Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրինության, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի, Հունգարիայի հայ համայնքի, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի եւ այլոց շնորհակալությունները՝ նախարարի հասցեին: Չգիտեմ, որքանով է բարեհաջող համարում մշակույթի նախարարը 2010-ը մշակույթի ոլորտի եւ անձամբ իր համար, մեր կարծիքով՝ հաջողությունները մթագնվեցին Վերահսկիչ պալատի բացահայտումներով ու պետական գումարների մսխման մասին ահազանգերով, նախարարի երկու խորհրդականների կալանավորմամբ, բանիմաց փոխնախարար Դավիթ Մուրադյանի հրաժարականով ու էլի լիքը պատճառներով: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը զարմանալիորեն «լռում» է հունիսին Փարիզում գումարված Ոչ նյութական մշակութային ժառանգության գլխավոր ասամբլեայի մասին, որին մասնակցել է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը: Ոչինչ չկա նաեւ այն մասին, որ Ոչ նյութական ժառանգության միջկառավարական կոմիտեում այդ նստաշրջանի կողմից ընտրվել է Ջուղայի հանցագործությունն իրականացրած երկիր Ադրբեջանը, թեեւ թեկնածուների թվում եղել է Հայաստանը: Ի դեպ, միջկառավարական օղակներում հայտնված Ադրբեջանը, որ բոլոր կարեւորագույն հավաքներին մեկնում է փորձագետներով «զինված» ու պատրաստված, մինչեւ 2014 թվականը իր ձեռքում է պահելու որոշումներ կայացնելու մանդատը:
ՀՀ մշակույթի նախարարությունը այլ «հաղթանակներ» էլ ունի, բայց նախարարի դեկտեմբերի 25-ի ասուլիսում, բնականաբար, կխոսվի միայն նախարարի «չափանիշներով» հաջողությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել